Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյան-Պուտին արարողակարգային հանդիպում ու ոչինչ չասող մի հայտարարություն

Ապրիլ 21,2022 12:00

Հայ-ռուսական համատեղ փաստաթղթում ոչ մի խոսք չկա ՌԴ-ի կողմից Հայաստանին ռազմական աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտության մասին

Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցի շրջանակներում Ռուսաստանում էր: Ի սկզբանե Կրեմլից հայտնել էին, որ Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ռուս-հայկական ռազմավարական գործընկերության եւ դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման արդիական հարցեր։ Մոսկվան տարբեր մակարդակներով ընդգծում էր, որ Փաշինյանի պաշտոնական այցի առանցքում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020թ. նոյեմբերի 9-ին, հունվարի 11-ին եւ 2021թ. նոյեմբերի 26-ին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումն է, ներառյալ՝ տարածաշրջանում տնտեսական եւ տրանսպորտային կապերի վերականգնման միջոցառումները։


Մերձմոսկովյան Նովո-Օգորյովո նստավայրում կայացավ Փաշինյան-Պուտին հանդիպումը: ՌԴ նախագահը ողջույնի իր խոսքում նշել է. «Մենք մեր իրավական հարաբերություններում ունենք 200 փաստաթղթերի հարուստ բազա` ստորագրված նախորդ տարիներին: Սա գործնականում լավ հնարավորություն է տալիս աշխատել բոլոր ուղղություններով, առաջնայիններից մեկը տնտեսությունն է: 2021թ. մենք ունեցել ենք 12,8 տոկոսի աճ` համաձայն մեր վիճակագրության, իսկ այս տարվա առաջին ամիսներին 50 տոկոսի աճ: Սա շատ լավ ցուցանիշ է, հատկապես ժամանակակից աշխարհում: Իհարկե, մեր ուշադրության կենտրոնում են լինելու անվտանգության հարցերը, այդ թվում` կապված Ղարաբաղի հետ: Համաձայն եմ Ձեզ հետ, խնդիրները շատ են, մենք Ձեզ հետ մշտական կապի մեջ ենք, եթե ոչ ամեն շաբաթ, ապա յուրաքանչյուր 10 օրը մեկ զրուցում ենք հեռախոսով…»:

Հայ-ռուսական բանակցությունների արդյունքում Փաշինյանն ու Պուտինը համատեղ հայտարարությունը ընդունեցին ապրիլի 19-ին, որի առաջին կետով փաստեցին Հայաստանի եւ Ռուսաստանի դաշնակցային հարաբերություններին բնորոշ կառուցողական եւ վստահության մթնոլորտում անցկացրել են՝ մտքերի հանգամանալից փոխանակում քաղաքական, ռազմական եւ ռազմատեխնիկական, առեւտրատնտեսական, գիտակրթական, մշակութային-հումանիտար ոլորտներում, ինչպես նաեւ արդարադատության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի ոլորտներում երկկողմ համագործակցության ընդարձակ օրակարգի շուրջ, գոհունակությամբ նշել են Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ բազմաբնույթ փոխշահավետ դաշնակցության զարգացման դրական դինամիկան, ինչպես նաեւ քննարկվել են տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների շուրջ փոխգործակցության՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող արդիական հարցեր:

Երրորդ կետով նրանք համաձայնել են, որ՝ «2022թ. դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին առնչվող համատեղ միջոցառումների կազմակերպումը կծառայի երկկողմ փոխգործակցության առաջմղմանը, դրա ռազմավարական ուղղվածության եւ առանձնաշնորհյալ բնույթի ամրագրմանը»:

Փաշինյանն ու Պուտինը նշել են Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության բարձր մակարդակը: Համատեղ հայտարարության 24-րդ կետում նրանք արձանագրել են, որ քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը. «Արտահայտվեցին Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների պարբերական հանդիպումների շրջանակներում կառուցողական աշխատանքի շարունակման եւ երեք առաջնորդների՝ 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների հետեւողական իրականացման օգտին՝ ի շահ տարածաշրջանի կայունության, անվտանգության եւ տնտեսական զարգացման ապահովման: Շեշտեցին ռուսաստանյան խաղաղապահ զորակազմի որոշիչ ներդրումը Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովման, բնակչության կյանքի համար բարենպաստ եւ անվտանգ պայմանների ստեղծման գործում: Ընդգծեցին հումանիտար անհետաձգելի հարցերի հրատապ լուծման եւ քաղաքական-դիվանագիտական միջոցներով Լեռնային Ղարաբաղի կարգավորման պահանջվածությունը: Այդ համատեքստում հաստատեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի ներուժի եւ փորձի օգտագործման կարեւորությունը՝ նրա միջազգային մանդատին համապատասխան»։ Իսկ հայտարարության 25-րդ կետում Փաշինյանն ու Պուտինը ընդգծել են՝ Հարավային Կովկասում բոլոր տնտեսական կապերի եւ տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի գործունեության ակտիվացման կարեւորությունը՝ Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի փոխվարչապետների համատեղ նախագահությամբ: Մեկ անգամ եւս շեշտվում է, որ ռուսական կողմը պատրաստ է մասնակցել Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքների, այդ թվում Հայաստանի Հանրապետության Սյունիքի եւ այլ մարզերում երկաթուղու վերականգնման նախագծերում:

Հայտարարության 26-րդ կետով՝ կողմերն արձանագրել են, որ պայմանավորվել են, համաձայն 2021թ. նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների, արագացնել հայ-ադրբեջանական սահմանի շրջանում սահմանազատման եւ անվտանգության հարցերով երկկողմ հանձնաժողովի ստեղծումը՝ Կողմերի հարցումով Ռուսաստանի Դաշնության խորհրդատվական աջակցությամբ: Իսկ հաջորդ կետում շեշտում են, որ՝ «Առաջնորդները միասնական էին Ռուսաստանի աջակցությամբ Ադրբեջանի եւ Հայաստանի կրոնական գործիչների եւ հասարակության ներկայացուցիչների միջեւ կայացած շփումների բարձր օգտակարության գնահատականում, ինչը նպաստում է երկու երկրների ժողովուրդների միջեւ «կամուրջների կառուցման»: Նման պրակտիկան շարունակվելու է»: Հայտարարության 28-րդ կետում կողմերը շեշտել են, որ պայմանավորվում են՝ «ակտիվացնել Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի եռակողմ փոխգործակցությունը՝ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ, ընդհանուր առմամբ, տարածաշրջանում հարաբերությունների կարգավորմանն աջակցելու նպատակով»:

Այսպիսով, կարելի է արձանագրել, որ Փաշինյանի պաշտոնական այցի նպատակը Հայաստանի՝ ռուսական ուղեծրում իր տեղը հաստատելուն էր ուղղված: Միանգամայն սպասելի էր, որ Մոսկվան կպահանջի վերահաստատում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի եռակողմ փոխգործակցության մասին, եւ Մոսկվայի դերակատարությունը կընդգծի տարածաշրջանում հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցում:

Ավելին, Փաշինյանը համաձայնել է, որ Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ արագացնել հայ-ադրբեջանական սահմանի շրջանում սահմանազատման եւ անվտանգության հարցերով երկկողմ հանձնաժողովի ստեղծմանն, այն դեպքում, երբ համաձայնություն է տվել երկու շաբաթ առաջ Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ Բրյուսելում կայացած հանդիպմանը՝ մինչեւ ամսվա վերջ սահմանազատման համատեղ հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւը արձանագրել էին, որ նպատակ ունեն արագորեն առաջ շարժվել խաղաղության պայմանագրի ուղղությամբ։

Փաշինյան-Պուտինի համատեղ հայտարարությունում հայ-ադրբեջանական պայմանագրի մասին հիշատակում չկա, փոխարենն ընդգծվում է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի եռակողմ փոխգործակցությունը ակտիվացնելու անհրաժեշտությունը։
Տարածաշրջանում ձեւավորված ռազմաքաղաքական իրադրությունում՝ ոչ մի խոսք չի ասվում Հայաստանին ռազմական աջակցություն ցուցաբերելու հրամայականի մասին, բացի այն, որ Փաշինյանն ու Պուտինը «քննարկել են»՝ քաղաքական, ռազմական եւ ռազմատեխնիկական եւ այլ հարցեր, ու սա այն դեպքում, երբ Ռուսաստանի մյուս ռազմավարական դաշնակցից՝ Ադրբեջանից, պարբերաբար հնչում են ռազմատենչ հայտարարություններ, Հայաստանին տարածքային պահանջներ են ներկայացվում:

Ուշագրավ է, որ համատեղ հայտարարությունում մեկ հիշատակում կա ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին, այն էլ՝ այսպիսի համատեքստում, որ Փաշինյանն ու Պուտինը հաստատել են՝ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի ներուժի եւ փորձի օգտագործման կարեւորությունը՝ նրա միջազգային մանդատին համապատասխան»։ Այսինքն, արձանագրումից կարելի է հասկանալ, որ նրանք ընդամենը մտադիր են օգտագործել ԵԱՀԿ ՄԽ-ի գործունեության փորձը:

Ի դեպ, Փաշինյանն ու Պուտինը հարկ էին համարել ողջունել ռուսաստանյան աջակցությամբ մեկնարկած հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացն ու անդրադարձել էին անգամ տարածաշրջանային «3+3» ձեւաչափին՝ նշելով դրա հաջող մեկնարկը:

Այսինքն, 30 կետից բաղկացած հայ-ռուսական համատեղ հայտարարությունում, թեեւ Փաշինյանն ու Պուտինը կարեւորել են նաեւ Հարավային Կովկասում տրանսպորտային ուղիների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի ակտիվացման կարեւորությունը, դրանում որեւէ խոսք չկա Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ապագայի որոշման մասին, առավելեւս՝ ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքի մասին:

Դատելով Փաշինյան-Պուտին համատեղ հայտարարության տեքստի խիստ արարողակարգային, ժողովրդական լեզվով ասած՝ «անատամ» բնույթից, կարելի է ենթադրել, որ այն բավական կգոհացնի նաեւ Ռուսաստանի ռազմավարական դաշնակից՝ Ադրբեջանի եւ ՌԴ-ի հետ ջերմ ու վստահելի հարաբերություններ հաստատած Թուրքիայի իշխանություններին:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 21.04.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930