Լրահոս
Օրվա լրահոսը

Համատեղ հայտարարության մեջ հստակ ընդգծվել է աքսիոմատիկ ճշմարտությունը, որ կայունությունը հնարավոր է միայն ուժերի հավասարակշռության միջոցով. «Հայաստանի Հանրապետություն»

Ապրիլ 21,2022 10:26

Մոսկվայում ՀՀ վարչապետի եւ ՌԴ նախագահի պաշտոնական հանդիպման արդյունքներով հրապարակված համատեղ հայտարարությունը պատասխանեց վերջին շրջանում Հայաստանի եւ Արցախի համար առաջնային նշանակության մի շարք հարցերի: Հայտարարությամբ, մասնավորապես, հստակ պատասխան տրվեց Ալիեւի՝ վերջերս արած հերթական ցնորամիտ ձեւակերպմանը, ըստ որի՝ տարածաշրջանում խաղաղության հաստատման համար պետք է դադարեցնել զինել Հայաստանին: Վերջինս նաեւ հայտարարել էր, թե Հայաստանը երբեք զենքի համար գումար չի ունեցել եւ չի ունենալու:

Ակնհայտ է, որ վերոնշյալ հայտարարությունն իր բաց ու ենթատեքստային ակնարկներով ուղղված էր Ռուսաստանին, քանի որ հայտնի փաստ է՝ Հայաստանի հիմնական սպառազինությունը ռուսական է, եւ, որպես ռազմավարական դաշնակից ու ՀԱՊԿ անդամ, զենքի զգալի մասը ստանում է արտոնյալ պայմաններով: Ալիեւի այդ հայտարարությանը լիարժեք պատասխան է տրվել ՀՀ եւ ՌԴ ղեկավարների համատեղ հայտարարության 22-րդ կետում, որտեղ ասվում է. «Կողմերը ելնում են այն բանից, որ ոչ մի պետություն, միություն կամ կոալիցիա չի կարող եւ չպետք է ապահովի իր անվտանգությունն այլ պետությունների անվտանգության հաշվին: Նշում են սպառազինությունների վերահսկման ճարտարապետության ոչնչացման եւ ի վնաս այլոց անվտանգության միակողմանի ռազմական առավելություններ ստանալու նպատակով գործողությունների անթույլատրելիությունը, ինչը խաթարում է իրավահավասար եւ անքակտելի անվտանգության հիմնարար սկզբունքը, հանգեցնում հակասությունների եւ առճակատման»:

Համատեղ հայտարարության մեջ հստակ ընդգծվել է աքսիոմատիկ ճշմարտությունը, որ կայունությունը հնարավոր է միայն ուժերի հավասարակշռության միջոցով:

Այստեղ պետք է արձանագրել, որ Ադրբեջանը բոլոր երեք պատերազմներում էլ սպառազինությամբ եւ կենդանի ուժով մի քանի անգամ գերազանցել է Արցախի զինված ուժերին, սակայն առաջին երկու պատերազմներում պարտվել է, իսկ երրորդում հաջողության հասել միայն դաշնակից երեք երկրների եւ ջիհադիստ ծայրահեղականների աջակցության շնորհիվ: Այսօր հայկական կողմը սահմանին ադրբեջանական սադրանքներին համարժեք չի արձագանքում ոչ թե այն պատճառով, որ ավելի քիչ սպառազինություն ունի, այլ՝ բացառապես տարածաշրջանում խաղաղության պահպանմանն առաջնահերթություն տալով: Միանշանակ է, որ Ադրբեջանի նման պահվածքի շարունակության եւ սահմանային իրավիճակի ծայրահեղ վատթարացման դեպքում հայկական կողմերը կարող են նաեւ այլեւս խաղաղության հաստատման միակ ուղին տեսնել համարժեք պատասխանի մեջ:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ 
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930