Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյան. «Ազգային ժողովը դադարել է պառլամենտ լինել, որովհետեւ այնտեղ հանրությանը հետաքրքրող հարցեր չեն քննարկվում»

Ապրիլ 21,2022 09:56

Հասարակական գործիչ, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, դեսպան Էդգար Ղազարյանը «Հայաստան» դաշինքի ներկայացրած հայ-թուրքական հարաբերությունների թեմայով հայտարարության նախագծի ապրիլի 21-ին նշանակված լսումների չեղարկումը ԱԺ ղեկավարության կողմից գնահատում է որպես ակնհայտ ցուցումի հետեւանք:

«Այդ լսումներին ես էլ էի հրավիրված: Չեղարկել են ինչ-որ տեխնիկական պատճառաբանությամբ: Բայց ԱԺ դահլիճում հրդեհ չի եղել, ռումբ չի տեղադրվել, պայթյուն կամ ինչ-որ խափանում չի եղել: Ի՞նչ տեխնիկական պատճառ: Եթե, ասենք, ջեռուցում չկա, հիմա ջեռուցման սեզոն չէ, լուսավորության խնդիր էլ գոյություն չունի: Եթե խոսափողերը չեն աշխատում, կարող էին ասել՝ մի փոքր անհարմարություն կունենաք, բայց պետք է ելույթ ունեցողները բարձրաձայն, կամ բարձրախոսով խոսեն: Ուղիղ եթե՞ր չեն կարող ապահովել: Դա էլ հոգ չէ: Տասնյակ լրատվամիջոցներ ուղիղ եթերի ռեժիմով են աշխատում: Ի վերջո, հեռախոսներով կարելի է օնլայն մտնել:

Ակնհայտ է, որ պատճառաբանությունները ծիծաղելի են: Սա ցույց է տալիս միայն մի բան. Ազգային ժողովը դադարել է պառլամենտ լինել, որովհետեւ այնտեղ հանրությանը հետաքրքրող հարցեր չեն քննարկվում: Այնտեղ քննարկվում են միայն Նիկոլ Փաշինյանին, Իլհամ Ալիեւին, երբեմն նաեւ Ռեջեպ Թայիբ Էրդողանին հուզող հարցեր: Եվ «Հայաստան» դաշինքի ներկայացրած քննարկման թեման խորհրդարանի իշխանական մեծամասնությանը հուզում է հակառակ կողմից:

Այսօր մեր իրազեկման երթի ժամանակ եղանք կառավարության վարչական համալիրի մոտ, որտեղ տեղակայվել են հինգ պետական մարմիններ՝ արտաքին գործերի, ԿԳՄՍ, արդարադատության, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունները, սփյուռքի հանձնակատարի գրասենյակը: Համալիրի առջեւում դրոշի ութ ձող է կանգնեցված ու բոլորն էլ դատարկ են: Ոչ մեկի վրա Հայաստանի դրոշը բարձրացված չէ: Հիմա հարց. եթե դա լվացք փռելու համար է՝ լվացք փռեք, եթե դրոշի համար է, ուրեմն պիտի դրոշ ծածանվի: Գուցե, արգելե՞լ են, ասել են՝ դրոշ ունեք՝ գերեզմաններում ծածանեք, գուլպա կարեք, որ Կանադայի վարչապետը հագնի, դրեք նախագահականում, որ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի աղջիկը խաղա:

Մի խոսքով, ակնհայտ է, որ չեն թույլատրել խորհրդարանական լսումներն անցկացնել, որտեղ ոչ բանաձեւ է ընդունվում, ոչ էլ որոշում է կայացվում: Ընդամենը մարդիկ խոսում են: Բայց, քանի որ, որպես կանոն, ընդդիմադիր խմբակցությունների՝ մինչեւ օրս հրավիրված խորհրդարանական լսումներին իշխանական ոչ մի պատգամավոր չի մասնակցել, այսինքն, դահլիճում նստում են միայն ընդդիմադիր հայացք ունեցող մարդիկ, բնականաբար, լրատվամիջոցներն այդ լսումներին, ելույթներին ուղիղ եթերներ, ռեպորտաժներ են ապահովում: Ու ստացվում է, որ մամուլը ծանրաբեռնվում է ընդդիմադիր գործիչների ելույթներով, տեսակետներով: Ցանկացած բռնապետի համար իր կարծիքից տարբերվող կարծիք հնչելը վնաս է իրեն: Հետևաբար, եթե կա հնարավորություն արգելել, դա անում են»,-ասաց Էդգար Ղազարյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930