Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք է ընդունել, որ 30 կետից բաղկացած համատեղ հայտարարությունը բխում է երկկողմ դաշնակցային հարաբերությունների օրակարգից․ «Փաստ»

Ապրիլ 21,2022 09:00

Գաղտնիք չէ, որ Փաշինյանի պաշտոնավարման ընթացքում հայ-ռուսական հարաբերությունները հիմնականում խնդրահարույց բնույթ էին կրում, սակայն ներկայումս նա Թուրքիայի, ԵՄ-ի պահանջները բավարարելու հետ մեկտեղ փորձում է բավարարել նաև ռուսական կողմի ակնկալիքները։

Սակայն կարևոր է, որ հայ-ռուսական հարաբերությունների խորացումը ոչ թե ձևական բնույթ կրի, այլ լինի փոխշահավետ և իր մեջ ներառի գործնական ու բովանդակային քայլեր, որոնք բխում են Հայաստանի անվտանգային և տնտեսական միջավայրի բարելավման շահերից։ Այս կոնտեքստում ուշագրավ էր Փաշինյանի այցը Մոսկվա, որի ընթացքում տեղի ունեցավ ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպումը, ստորագրվեցին մի շարք փաստաթղթեր, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը համատեղ հայտարարությամբ հանդես եկան։

Պետք է ընդունել, որ 30 կետից բաղկացած համատեղ հայտարարությունը բխում է երկկողմ դաշնակցային հարաբերությունների օրակարգից և բավական հետաքրքիր դրույթներ է պարունակում, օրինակ՝ Սյունիքի և Հայաստանի այլ մարզերում երկաթուղու վերականգնման նախագծերի իրականացման, էներգետիկայի՝ մասնավորապես ատոմակայանի նոր էներգաբլոկների կառուցման մշակման շուրջ նպատակադրվածության վերաբերյալ։

Հետաքրքրական է, որ փետրվարին Ալիևն ու Պուտինը ստորագրել էին դաշնակցային փոխգործակցության հռչակագիրը, որը բաղկացած էր 43 կետից։ Բայց հաշվի առնելով հայ-ռուսական հարաբերություններում եղած ներուժը և մի շարք ոլորտներում երկու երկրների ինտեգրվածությունը՝ Պուտին-Փաշինյան համատեղ հայտարարությունը առավել բովանդակալից ու ընդգրկուն կարող էր լինել՝ ներառելով խոշոր նախագծերի ու ծրագրերի իրականացում՝ այդ թվում և անվտանգային ոլորտում։

Այդուամենայնիվ, 17-րդ կետից սկսած առկա են մի շարք կարևորագույն ձևակերպումներ, որոնք մի կողմից՝ ամրագրում են Ռուսաստանի դոմինանտ դերակատարությունը տարածաշրջանում ընդհանրապես և Ղարաբաղյան հարցի կարգավորման կոնտեքստում մասնավորապես, մյուս կողմից Հայաստանին բոլոր թելերով առավել ամուր են կապում ՌԴ-ին, այդ թվում՝ հակառուսական պատժամիջոցների և Արևմուտքի հետ կոնֆլիկտի ֆոնին:

Ինչպես տեսնում ենք, Փաշինյանը փորձում է բավարարել արտաքին հիմնական խաղացողների ակնկալիքները, սակայն հարցն այն է, թե արդյո՞ք կարող է միաժամանակ բոլորին գոհացնել, քանի որ այդ ընթացքում Հայաստանը կարող է աշխարհաքաղաքական ճողվածք ստանալ։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930