Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պիտակների վնասակարության մասին

Ապրիլ 21,2022 10:00

Ինչո՞ւ եմ ես դեմ որեւէ քաղաքական գործչի, կամ հասարակական քննարկման ժամանակ որեւէ միտք արտահայտողին պիտակ կպցնելուն: Որովհետեւ դա մեզ ազատում է մտածելու, տվյալ մարդու ասածներն ու արածները ըստ էության քննարկելու, սխալները մատնանշելու պարտականությունից: Եթե մարդը «թշնամի է», «սորոսական է» կամ, ասենք, «չեկիստ», ապա որեւէ անհրաժեշտություն չկա նրա փաստարկներին անդրադառնալու:

Դա քարոզչության մեջ տարածված հնարք է: Եթե դուք ուզում եք ժխտել որեւէ մեկի խոսքը կամ գործողությունը, բայց ցանկություն կամ հնարավորություն չունեք այդ մարդու հետ բովանդակային վեճ վարելու, ապա դրանից խուսափելու ամենակարճ ճանապարհն է տվյալ անձին որակում տալը, ուրիշի «ուղղորդող ձեռքը» տեսնելը կամ պարզապես վարկաբեկիչ տեղեկություններ հրապարակելը: Օրինակ, ընդդիմադիր պատգամավորը ելույթ է ունենում Ազգային ժողովում, եւ, ի պատասխան, վարչապետն ակնարկներ է անում նրա բարեկամների մասին: Կամ, ենթադրենք, նրանք, ում այս իմ գրածը դուր չի գալիս, կարող են ասել, որ այս հոդվածի իրական հեղինակը ես չեմ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանն է կամ Սերժ Սարգսյանը: Կամ՝ Հիտլերը եւ Ֆանտոմասը՝ «բացասական կերպարները» կարելի է ընտրել ըստ լսարանի ճաշակի: Քարոզչությունն այդպես է կառուցվում՝ դու ինչ-որ բան ես ասում, բայց քո ազգանունը Աբրահամյան է կամ Ստամբուլյան, ուրեմն դու, համապատախանաբար, հրեա ես կամ թուրք, եւ քո խոսքը ոչ մի արժեք չունի: Ի՞նչ իմաստ կա քննարկելու «Մոսադի» գործակալի ասածները:

Նույնը կարելի է ասել Հայաստանի ներկայիս վարչապետին կպցվող պիտակների մասին: Բերեմ մի պարզ օրինակ: 2019-ի հունիսին նա կտրուկ հրաժարվել է Մինսկի խմբի, իմ կարծիքով, շահավետ առաջարկից. հանձնել 5 շրջանները, իսկ մնացած երկու շրջանները՝ Քարվաճառը եւ Բերձորը հանձնել Արցախի վերջնական կարգավիճակի հետ փոխկապակցված. Ռուսաստանի ԱԳՆ մեկնաբանության մեջ հատուկ շեշտված է՝ «в увязке с определением статуса Нагорного Карабаха»: Իսկ այդ «увязка»-ն կարող էր տասնամյակներ տեւել: Ինչո՞ւ է Փաշինյանը հրաժարվել այդ հնարավորությունից՝ որովհետեւ «դավաճան» է եւ «թշնամի՞»: Վստահ եմ, որ՝ ո՛չ, խնդիրը սխալ հաշվարկն է, չհիմնավորված ինքնավստահությունը եւ անսահման պոպուլիզմը: Դա կարեւոր է հասկանալ ոչ թե այս կամ անձի հատկանիշները պարզելու, այլ հետագայում նման սխալներ թույլ չտալու համար:

Հակառակ կողմի պիտակները նույնքան անօգուտ են: Արդյոք ճի՞շտ են ասում ընդդիմադիրները, երբ պնդում են, որ Արցախի գլխին լուրջ վտանգ է կախված: Ինձ թվում է՝ դա ակնհայտ է: Իշխանության քարոզչական կլիշեները «հինգերորդ շարասյան» մասին այդ վտանգը չեն վերացնում: Ենթադրենք, Ազատության հրապարակի հանրահավաքների կազմակերպիչները բոլորը «Պուտինի լրտեսներ» են եւ «չեկիստներ»: Դա մեզ սփոփո՞ւմ է, կամ դեպի լա՞վն է փոխում իրականությունը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Nimar says:

    … “Ինչո՞ւ է Փաշինյանը հրաժարվել այդ հնարավորությունից՝ որովհետեւ «դավաճան» է եւ «թշնամի՞»: Վստահ եմ, որ՝ ո՛չ, խնդիրը սխալ հաշվարկն է, չհիմնավորված ինքնավստահությունը եւ անսահման պոպուլիզմը: Դա կարեւոր է հասկանալ ոչ թե այս կամ անձի հատկանիշները պարզելու, այլ հետագայում նման սխալներ թույլ չտալու համար:”

    Արցախի Հանրապետությունը համաձայն էր նման տարբերակին, իսկ ինքնավստահ պոպուլիստը մերժե՞ց։
    Անկեղծորեն զարմացած եմ Հայաստանում մարդկանց կողմից Արցախի կարգավիճակի և նրա ապագայի վերաբերյալ քննարկումներից։ Ուրիշ անելու բան չկա՞։ Թե՞ մեր երկիրը քիչ խնդիրներ ունի։ Արցախի քաղաքական ապագայի հետ կապված ամեն ինչ, բացարձակապես բոլոր հարցերը նրա քաղաքացիների ու ղեկավարության գործն են։ Մեր գործն է աջակցել Արցախին՝ ներկայացնելով նրա շահերը միջազգային բոլոր ատյաններում։
    Ոչ ավելին:

  2. Լավատես says:

    Արարող ստեղծագործ մարդու համար մեր այսօրվա փոփոխական ժամանակները կատալիզատորի դեր են կատարում եւ առաջընթացի հսկայական հնարավորություններ են ստեղծում’ եթե ուժերի մեծագույն լարումով աշխատենք եւ հետընթացի հսկայական հնարավորություններ են ստեղծում’ եթե աշխատենք ուժերի ոչ բավարար լարումով: Մեր գլխավոր նպատակը ինքնաբավ ավտոնոմ կենսակերպ ապահովելն է բոլոր մակարդակներում’ բնակարաններում, շենքերում, շրջաններում, գյուղերում, քաղաքներում, պետություններում, սուբյեկտները այդ կառույցների’ դրանք մարդիկ են, ընտանիքները, համայնքները, ազգերն ու քաղաքակրթություններն են եւ մարդկությունը, պատրաստ ենք նաեւ քննարկել մեր լուսնեցիների եւ մարսեցիների’ մեզ հետ համագործակցելու խնդրանքը:)
    Մենք պետք է հասկանանք, որ ոչ մի պետություն ինքնուրույն չի գործում, պարզապես բոլոր պետությունների ժողովուրդներն այնքան մանկամիտ են, որ ժողովրդավարություն կոչվող փայտե ձին քշելով պատկերացնում են իրենց իսկական ձիավոր: Հիմա քանդում են բոլոր համակարգերն իրենց սուբյեկտներով’ քանդում են տներն ու շենքերն ու քաղաքներն ու պետություններն իրենց մարդկանցով, ընտանիքներով, համայնքներով ու ազգերով ու մարդկությամբ, կմնան միայն նրանք, ովքեր ինքնաբավ ավտոնոմ գոյաբանական համակարգեր են ժամանակին ստեղծել: Մենք մեր իշխանությունընդդիմությանն ենք անվանում խամաճիկ մանկլավիկներ, բայց նույն խամաճիկն են ռուսաստանի դրածո իշխանությունընդդիմությունը ուկրաինայի խամաճիկ իշխանությունընդդիմության հետ միասին, եվրոպա, ամերիկա, անգլիա’ սրանք էլ են բոլորը խամաճիկներ, խամաճիկ չլինեին’ պատերազմներ չէին թույլ տա: Այս քաղաքական սերիալները այդքան լուրջ չէինք ընկալի, եթե մեր ժողովուրդները չլինեին իրական զոհը այդ սերիալների: Օրինակ, մեր ներկանախկինները շատ լավ գիտեին, որ սահմանակից ժողովրդի մեջ մեր ժողովրդի հանդեպ ատելություն սերմանելը’ դա պատերազմի պատրաստման սկիզբն է եւ պետք է պատրաստվեին’ լինեին ինքնաբավ, բայց քանի որ խամաճիկ էին եւ են, հույսները իբր դրել են ինչ որ մեկի վրա, ուկրաինայում էլ ռուսների դեմ ատելություն էր սերմանվում, սա էլ պետք է բերեր պատերազմի, որի արդյունքում լավագույն սերուցքը երկու պատերազմող ժողովուրդների պետք է զոհաբերվեր, որ այդ ժոովուրդները մնան անգլուխ ու փոքրոգի, իսկ անգլուխ ու փոքրոգի ժողովուրդներին հետագայում բնաջնջելը խնդիր չի առաջացնում: Կհասկանա՞ն այդ ժողովուրդները, թե ի՞նչ է իրենց սպասվում, եթե վերջը չտան այս պատերազմին եւ չմիավորեն իրենց քայքայված ուժերը դրսի եւ ներսի պարազիտների ազդեցությունը չեզոքացնելու համար: Չկան թշնամի ժողովուրդներ, կան իրենց խամաճիկ իշխանությունընդդիմություններից մյուս ժողովուրդների հանդեպ թշնամությամբ թունավորված ժողովուրդներ եւ նման թունավոր պետությունների հետ ոչ մի հարաբերություն, ոնց էր կարծեմ անգլիայի վարչապետն ասում’ ինչ խաղաղ բանակցությունների մասին կարող է խոսք գնալ կոկորդիլոսի հետ, երբ քո ոտքը նրա երախում է: Այնպես որ, մեր ոչ խամաճիկ ոչ անգլուխ եւ ոչ փոքրոգի ժողովուրդ, դառնում ենք անկախ եւ ավտոնոմ, իսկ գոյաբանական կախվածություն միմիայն մեզ նման անկախ եւ ավտոնոմ ժողովուրդների հետ, որտեղ մարդասիրությունն ու ժողովրդասիրությունը ազգային մշակույթ է:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930