Լրահոս
Օրվա լրահոսը

«Երաժիշտը՝ ճիշտ է հաճույքով, բայց ստիպված է աշխատել 3-4 տեղ»

Ապրիլ 21,2022 13:00

Հարցազրույց Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլի խմբավար Գասպար Ամիրխանյանի հետ

– Գալիք՝ 2023 թվականը հոբելյանական է երգի-պարի անսամբլի համար. կլրանա հիմնադրման 85-ամյակը։ Ձեզ համար էլ այս տարին է հոբելյանական. 10 տարի առաջ ստանձնեցիք մեզ մոտ եւ արտասահմանում մեծ հեղինակություն վայելող վաստակավոր կոլեկտիվի խմբավարի պաշտոնը, այն էլ շատ երիտասարդ տարիքում։ Երգի-պարի անսամբլը հիմնադրման օրվանից հատուկ բեմականացմամբ մեկ ամբողջության մեջ է միավորել հայկական երգը, պարը, գործիքային նվագակցությունը, խմբերգը, խաղը, տարազը…

– Երգի-պարի անսամբլը իմ միակ աշխատավայրը չէ։ Հոբելյանական է նաեւ Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ գործող Ազգային ակադեմիական երգչախմբում իմ տասնամյա գործունեությունը։ Արվեստի երկու դպրոցներում՝ Երեւանի Միքայել Մալունցյանի անվան եւ Եղվարդի դպրոցներում էլ եմ ղեկավարում երգչախմբեր, որոնք մասնակցություն են ունենում հանրապետակակ, ինչպես նաեւ միջազգային մրցույթների։


– Փաստորեն, դուք աշխատատեղի խնդիր ի սկզբանե չեք ունեցել, մինչդեռ ոչ միայն այսօր, այլեւ մշտապես խմբավարների, դիրիժորների աշխատանքի խնդիրը հարցերի հարց է եղել եւ մնում։

– Ոչ միայն խմբավարների ու դիրիժորների։ Առհասարակ, երաժիշտների աշխատանքի հարցը մեզ մոտ խնդիր է։ Տեսեք՝ մեկ երաժիշտը, հասկանալի պատճառով, ճիշտ է՝ հաճույքով, բայց ստիպված պետք է աշխատի 3-4 տեղ։ Ավելի պարզ ասած՝ եթե մեկ աշխատանքի վարձատրությունը բավարարեր, նման պատկեր չէր լինի։


– Ստացվում է՝ դուք ամբողջ օրը վազքի մեջ եք, թեեւ նշեցիք, որ դա հաճույքով եք անում, բայց կարելի է ենթադրել, որ ծանրաբեռնվածության պատճառով որեւէ աշխատանքում թերացումը անփուսափելի է։

– Բացարձակ։ Օրինակ, եթե կապելլայի փորձը խանգարում է երգի-պարի անսամբլի փորձին, ինձ փոխարինում է մեր գեղարվեստական ղեկավարը՝ Գրիգոր Ոսկանյանը կամ, ասենք՝ դպրոցի երգչախմբի փորձի օրն է համընկել կապելլայի համերգի հետ, փոխում ենք օրը։ Հավաստիացնում եմ՝ դրանից ոչ մի կոլեկտիվ չի տուժում…

– Բայց դա իսկական գլխացավանք է, չէ՞։

– Դրա հետ համաձայն եմ։ Չունեմ ժամանակ հանգստի կամ նույնիսկ անձնականի համար, էլ չեմ խոսում վայելքների մասին (ժպտում է-Ս.Դ.)։

– Սովորաբար երգչախմբերում գլխավոր խմբավարից բացի, կա նաեւ խմբավարի հաստիք։ Եթե չենք սխալվում՝ միայն ձեր անսամբլում է, որ երբեւէ չի եղել երկու խմբավար։

– Իրավացի եք…

– Կարծեք թե ձեր անսամբլում, կոնկրետ՝ երգչախմբում, սերնդափոխությունը՝ գոնե վերջին տարիներին, հարթ է ընթանում։

– Երգչախումբն ունի 28 արտիստ, որոնց շուրջ 80 տոկոսը գրեթե մինչեւ 40 տարեկան է։


– Մշտապես երգի-պարի անսամբլի երգացանկում ընդգրկված են եղել հայկական ժողովրդական եւ մեր կոմպոզիտորական դպրոցը ներկայացնող հեղինակների երգեր։ Պահպանելով ժողովրդական երգի կերպարային ու լեզվական յուրահատկությունը, ստեղծվել են ժողովրդական երգի մշակման ու գործիքավորման իսկապես ինքնատիպ նմուշներ։ Հետաքրքիր է՝ մերօրյա երիտասարդ կոմպոզիտորները ստեղծագործո՞ւմ են անսամբլի համար։

– Մեր երգացանկում, այո, հիմնականում ժողովրդական երգերի մշակումներ են, կան նաեւ անվանի կոմպոզիտորների, այդ թվում՝ Խաչատուր Ավետիսյանի, Գեւորգ Մանասյանի եւ մյուսների ստեղծագործություններ։ Ինչ վերաբերում է մեր օրերին, անսամբլի համար մշակումներ է անում՝ նաեւ իր գործերից, ճանաչված երաժիշտ Կարեն Անանյանը, նման համագործակցություն ունենք նաեւ «Գաթա- բենդի» երաժիշտ Գարիկ Առաքելյանի հետ, ինքս էլ հեղինակ եմ մեկ-երկու մշակումների եւ այլն։


– Կատակում են, թե Խորհրդային Միության տարիներին երգի-պարի անսամբլը արտասահմանյան շրջագայություններից տուն չէր գալիս…

– Անսամբլում գործունեությանս տարիներին հյուրախաղերով հանդես ենք եկել Հոլանդիայում, Բելգիայում, Ուկրաինայում, Իտալիայում, Իրանի Իսլամական Հանրապետությունում, վերջինը՝ համավարակից առաջ, Թուրքիան էր։


– Գիտենք, որ ժամանակի իմաստով թեեւ ծանրաբեռնված եք, բայց հիմա էլ ուսանում եք Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում՝ ուսումնասիրելով սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորություն, մաեստրո Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ։ Դա ինչ-որ նպատա՞կ է հետապնդում։

– Երբ խմբավարություն էի ուսանում պրոֆեսոր Դավիթ Ղազարյանի դասարանում, մտադրված էի երբեւէ խորանալ նաեւ սիմֆո-դիրիժորության ժանրում։ Ընդ որում, մանկական երգչախմբերի հետ աշխատանքս սկսել եմ որպես խմբավար ուսանելու տարիներին։ Հավաստիացնեմ, որ մեկը մյուսին լրացնում է։ Որպեսզի էլ ավելի պարզ դառնա, նշեմ, որ սիմֆո-դիրիժորություն ուսումնասիրելուն զուգահեռ, սովորում եմ նաեւ գործիքագիտություն, ինչը հնարավորություն է տալիս էլ ավելի գիտելիքներ ձեռք բերել թե՛ ժողովրդական եւ թե՛ սիմֆոնիկ նվագախմբերի հետ աշխատանքում։


– Ղեկավարե՞լ եք որեւէ սիմֆոնիկ նվագախումբ։

– Վերջերս մաեստրոյիս՝ Ռուբեն Ասատրյանի հետ Վանաձորում էինք, որտեղ տեղի կամերային նվագախմբի հետ երկու փորձ անցկացրի։ Ղեկավարել եմ Չայկովսկու անվան մասնագիտական երաժշտական դպրոցի 2021-22թթ. ուսումնական տարվա տարեվերջյան համերգը։ Ղեկավարել նաեւ մեր կոնսերվատորիայի ուսանողական նվագախմբի (ղեկավար՝ Նատալի Գալստյան) մի քանի փորձերը։

– Ստացվում է՝ մաեստրո Ասատրյանն է ձեր «հովանավորը» եւ նրա շնորհիվ եք կանգնում սիմֆոնիկ նվագախմբի ղեկավարման վահանակի առջեւ։ Փորձե՞լ եք դիմել այլ նվագախմբերի ղեկավարներին՝ Էդուարդ Թոփչյանին, Կարեն Դուրգարյանին, Սերգեյ Սմբատյանին…

– Վանաձորի պետական կամերային նվագախմբի փորձերին մասնակցում էին նաեւ Ռուբեն Ասատրյանի երկու ուսանողներ եւս՝ Գարիկ Քյուրքչյանը եւ Աննա Կնյազյանը։ Երեքս էլ այս տարի ավարտում ենք կոնսերվատորիան եւ ավելի քան հույս ունենք, որ մասնագիտական ավարտական քննությանը կներկայանանք՝ ղեկավարելով որեւէ նվագախումբ։ Ինչ խոսք, առանց Ռուբեն Ասատրյանի դժվար կլինի նույնիսկ պատկերացնել՝ նման հնարավորություն կտրվե՞ր։ Այդ թեմայով խոսակցություն եմ ունեցել մաեստրո Թոփչյանի հետ, որը խոստացել է ընդառաջել։ Նաեւ հանդիպում եմ ունեցել մաեստրո Դուրգարյանի հետ… Հուսով եմ՝ հնարավորություն կտրվի… Ինչ խոսք, խմբավարներին ու դիրիժորներին եւ ուսումնառության տարիներին, եւ դրանից հետո, անհրաժեշտ է հարթակ տրամադրել։ Այս պահին մտաբերեցի, որ Հովհաննես Չեքիջյանն էլ ժամանակին Ներսես Մկրտչյանին հնարավորություն տվեց դիպլոմայինը պաշտպանելու համար ղեկավարել կապելլան…

– Իսկ երգի-պարի անսամբլում ձեր գործունեության տարիներին երբեւէ նման հնարավորություն տվե՞լ եք ուսանողներին։

– Անկեղծ ասած՝ դեռ որեւէ մեկը չի դիմել, բայց կարծում եմ, որ մեր տնօրենը (անսամբլի տնօրեն եւ գեղարվեստական մասի պատասխանատու՝ Գրիգոր Ոսկանյան) չի մերժի, ընդհակառակը՝ սիրով կընդառաջի։

Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
20.04.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930