Լրահոս
Օրվա լրահոսը

Երկրաշարժերը՝ Քարկոփի վանքում

Ապրիլ 21,2022 12:30

Քարկոփի վանքը գտնվում է Վայոց ձորի մարզի հարավ-արեւմտյան մասում, Խաչիկ գյուղից 1,5 կմ հյուսիս, փոքրիկ բարձունքի վրա: Այն կոչվել է նաեւ Խոտակերաց վանք, Խոտակերաց խաչ, միջնադարում այստեղ հավաքված խոտաճարակ եւ խարազնազգեստ ճգնավորների պատճառով: Իսկ Քարկոփ անունը ստացել է կոփածո (ոչ հղկված) գորշ քարից կառուցված լինելու համար: Նրա շրջակայքում հին Քարկոփ գյուղի ավերակներն են, միջնադարյան գերեզմանոցը, ջրաղացի ու ձիթհանի հետքերը եւ այլն:

Վանական համալիրի մեջ են մտնում գլխավոր՝ Սբ Աստվածածին եկեղեցին, կից գավիթը, զույգ մատուռները եւ այլն: Եկեղեցին կառուցված է կոպտատաշ բազալտի ոչ մեծ քարերից եւ առավել պատասխանատու հանգույցները՝ գմբեթակիր կամարներ, առագաստներ, քիվեր, շարված են համեմատաբար լավ մշակված քարերից: Կառուցվածքի հատակագծային հորինվածքի հիմքն է կազմում ներքին խաչաթեւ կոմպոզիցիան, որի արեւելյան մասում խորանն է, իսկ չորս անկյուններում՝ մեկ հարկանի ավանդատները: Արտաքինից ամբողջ կառուցվածքը վերցված է ուղղանկյան մեջ: Այն գմբեթավոր եկեղեցի է:

Քարկոփի վանքը նախքան վերանորոգումը

Ըստ պատմիչ Ստեփանոս Օրբելյանի՝ Քարկոփի վանքի տեղում, շատ հին ժամանակներից գոյություն է ունեցել մի եկեղեցի, որը անմարդաբնակ ու ավերակ է դարձել «մեր աշխարհի ավերումից»: Վերջինս, ինչպես ենթադրվում է, պետք է հասկանալ 893թ. Դվինի երկրաշարժը: Եվ քանի որ Աշոտ իշխանն էլ իշխել է 886թ., ապա միանգամայն հավանական է եկեղեցու երկրաշարժից կործանված լինելը: Այդ ավերումից հետո, Սյունյաց մեծ եպիսկոպոս Տեր Հովհաննեսը, այս մասին իրազեկում է Աշոտ իշխանին, որն էլ հրամայում է վերստին շինել եկեղեցին՝ այնտեղ հավաքելով կրոնավորներին եւ որպես կալվածք եկեղեցուն է նվիրում Արաստամուղ գյուղը: Հետագայում, ինչպես պատմիչն է գրել, մահանում է Աշոտ իշխանը եւ 906թ. «սաստիկ երկրաշարժից տապալվում են եկեղեցին ու վանքի բոլոր շինությունները»: Եվ նորից, Տեր Հովհաննես եպիսկոպոսը իրազեկում է, այս անգամ Աշոտ իշխանի տիկնոջը՝ երանելի Շուշանիկին, որն էլ աստվածասեր ու բարեպաշտ լինելով, խնդրում է եպիսկոպոսին շտապ կերպով սկսել կառուցել եկեղեցին ու շրջակայքը՝ առաջինից ավելի շքեղ՝ ասելով. «Որ չկորչի իմ տեր Աշոտի հիշատակը»:

Տեր Հովհաննեսը անհապաղ ու շտապ կերպով կատարում է այն: Եվ ինչպես պատմիչն է գրել, 910թ. «վանքը զարդարվում է պայծառորեն ու առավելագույն չափով» ու եկեղեցու պատին Աշոտ իշխանի ու Շուշանիկ տիկնոջ հիշատակին փորագրվում է արձանագրություն:
Ս. Օրբելյանը իր պատմությունում մի ամբողջ գլուխ է նվիրել վանքի այդ երկրաշարժից քանդման ու վերաշինման մասին. «Խոտակերաց՝ Քարկոփ անվանված վանքի, երկրաշարժից նրա կործանվելու եւ Շուշան տիկնոջ ու Տեր Հովհաննեսի կողմից վերաշինվելու մասին» վերնագրով: Շուշանիկ իշխանուհու արձանագրության շարունակությունից նկատվում է, որ նա տեղում հինգ եկեղեցիներ է կառուցել: Եկեղեցու շինությունն ավարտվել է 910թ., որի օծման ժամանակ հրավիրված է եղել նաեւ Հովհաննես Դրասխանակերտցի կաթողիկոսը (898-929 թթ.):

Ենթադրվում է, որ Քարկոփում 906թ. տեղի ունեցած երկրաշարժը ընդգրկել է բավականին ընդարձակ տարածք, որից հավանաբար վնասվել է նաեւ Հռիփսիմե եկեղեցին, իսկ Արամուսի եկեղեցին վերանորոգվել է 907թ.:

Հետագայում Քարկոփի վանքը կործանվել է 1265-1272 թթ. միջեւ տեղի ունեցած երկրաշարժից: Իշխան Սմբատ Օրբելյանի հանձնարարությամբ Նորավանքի վանահայր Սարգիսը, որը նաեւ ճարտարապետ էր, վերանորոգել է երկրաշարժի հետեւանով փլված Քարկոփի վանքը եւ այդ կապակցությամբ Սմբատ իշխանը թողել է ընդարձակ արձանագրություն: Այդ երկրաշարժից կործանվել է նաեւ Տաթեւի վանքը:

Քարկոփի վանքը վնասվել է նաեւ 1321թ. երկրաշարժից, որի ժամանակ կործանվել է Արենիի եկեղեցու գմբեթը, ավերվել է Նորավանքը եւ այլն: Արենիի եկեղեցու վերաշինման արձանագրության վերջում Մոմիկ ճարտարապետը գրել է. «Շարժ եղեւ»:

Քարկոփը տուժել է 1407թ. Սյունյաց երկրաշարժից, իսկ 1840թ. հունիսին՝ Արարատյան երկրաշարժից ընկել է գմբեթը, խարխլվել պատերը: Այդ մասին հայտնվում է Երեւանի նահանգի երկրաշարժից տուժած վանքերի եւ եկեղեցիների ցուցակում. «Խաչի գեղջ սուրբ Աստուածածին եկեղեցին խանգարեալ»: Եկեղեցին վնասվել է նաեւ Սյունիքի 1931 եւ 1968 թթ. երկրաշարժերից եւ մեր ժամանակներն էր հասել ավերակ վիճակում. կործանված էր ծածկը, փլված պատերի մի մասը՝ առկա վտանգավոր ճաքերով: Ներկայումս եկեղեցին վերանորոգված է՝ բացառությամբ գմբեթի: Գավիթը կառուցվել է 10-րդ դարի առաջին կեսում: Այն քառանկյուն հատակագծով սրահավոր դահլիճ է, թաղակապ, կառուցված է կոպտատաշ բազալտից: Գավթին արեւմուտքից կից երկու մատուռներն են, ուղղանկյուն հատակագծով, որոնցից պահպանվել են միայն պատերի ստորին շարքերը:

Արմեն ԱՍԱՏՐՅԱՆ

Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի
գիտաշխատող

Գլխավոր լուսանկարում՝ Քարկոփի վանքը վերանորոգումից հետո

«Առավոտ» օրաթերթ
20.04.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930