Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենաշատը ՌԴ քաղաքացիներն են վաճառել ՀՀ-ում իրենց անշարժ գույքը, ամենաշատը Երեւանում են գրավ դրել իրենց գույքը

Ապրիլ 21,2022 14:00

Օտարերկրյա քաղաքացիներն այս տարվա փետրվարին միայն Երեւանում 65 անշարժ գույք են ձեռք բերել: 81-ն էլ վաճառել: Ընդհանուր առմամբ օտարերկրացիները մեր երկրում 112 անշարժ գույք են ձեռք բերել: Երեւանից հետո ամենաշատ գույքը օտարերկրյա քաղաքացիները գնել են Կոտայքի մարզում՝ 19 անշարժ գույք: Վեցը՝ Արարատում, 4-ը գնել են Սյունիքի մարզում, 4-ն էլ՝ Տավուշի: Օտարերկրացիները բացի Վայոց Ձորից, գրեթե բոլոր մարզերում, թեեւ քիչ, բայց ինչ-որ բան ձեռք են բերել:

Ձեռք բերված գույքից 40-ը բազմաբնակարան շենքերում են, 21-ը բնակելի տներ են, 9-ը՝ արտադրական նշանակության շինություններ եւ այլն: Օտարերկրյա քաղաքացիները 33 հատ էլ գյուղատնտեսական նշանակության հողակտոր են ձեռք բերել: Այս մասին տեղեկանում ենք վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից, որոնք ներկայացված են ապրիլ ամսվա սոցիալ-տնտեսական զեկույցում եւ արտացոլում են այս տարվա փետրվար ամիսը:

Վաճառված անշարժ գույքերի քանակը սակայն գերազանցում է գնվածին: Վաճառած 238 անշարժ գույքից 100-ը բնակարաններ են, 59-ը՝ բնակելի տներ, 68-ը՝ հողատարածքներ, որից 44-ը գյուղատնտեսական նշանակության հողակտորներ: Ամենաշատը գույք ձեռք են բերել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները՝ 68 քաղաքացի, ապա՝ ԱՄՆ-ի՝ 11 քաղաքացի: Եվրոպական պետությունների 18 քաղաքացի է մեր երկրում անշարժ գույք գնել, Իրանի՝ 3, ԱՊՀ պետությունների էլ 6 քաղաքացի: Ամենաշատը գույքը վաճառել են Ռուսաստանի քաղաքացիները: Փետրվարին ՌԴ 185 քաղաքացի վաճառել է իրեն պատկանող բազմաբնակարան շենքի բնակարանը, բնակելի տունը, արտադրական ու հասարակական նշանակության տարածքները, ավտոտնակը, հողատարածքները: Վաճառքի դեպքում էլ երկրորդ տեղում ԱՄՆ-ի քաղաքացիներն են: 11 մարդ վաճառել է ՀՀ-ում ունեցած իր անշարժ գույքը: Իրանի քաղաքացիներն էլ ավելի շատ վաճառել են, քան՝ գնել: ԱՊՀ երկրների քաղաքացիները նույնպես. Եթե 6 քաղաքացի ձեռք է բերել Հայաստանում անշարժ գույք, ապա, այս տարվա փետրվարի դրությամբ, 20 քաղաքացի իր ունեցածը վաճառել է, որից 2-ը գյուղնշանակության հողատարածքներ են: Եվրոպական պետությունների 13 քաղաքացի է վաճառել իր անշարժ գույքը:

Վիճակագրական կոմիտեն նաեւ հրապարակել է անշարժ գույքի վարձակալական գործարքների ցուցանիշները, որոնք, 2022-ի հունվարի համեմատությամբ նկատելի աճել են փետրվարին:

Չհաշված, այսպես ասած, ստվերային վարձակալությունները, որոնք վարձակալին չեն տրվում պայմանագրային հիմունքներով, ընդհանուր առմամբ ՀՀ-ում 882 անշարժ գույք է տրվել վարձակալության: Ամենաշատ գույքը տրվել է Երեւանում: Եթե հունվարին 369 անշարժ գույք է, արդեն փետրվարին՝ 460: Արարատի մարզում 57 գույք են մարդիկ վարձակալել, Գեղարքունիքում՝ 36, Սյունիքում 39-ը: Տավուշում 35 գույք է տրվել վարձակալության: 44 անշարժ գույք էլ ՝ Կոտայքում: 21-ը Արմավիրի մարզում, 11-ն էլ՝ Արագածոտնում: Ամենաշատը մարդիկ վարձակալել են բնակարաններ ու բնակելի տներ, հասարակական նշանակության շինություններ ու հողատարածքներ:

Նույն աղբյուրից նաեւ տեղեկանում ենք, որ այս տարվա փետրվարին ավելի շատ գույք է դրվել գրավ, քան՝ անցյալ տարվա նույն ժամանակահատվածում: 2021-ի փետրվարին քաղաքացիները 1457 գույք են գրավ դրել, 2022-ի փետրվարին՝ 1753: Հիմնականում գրավադրվել են բնակարաններ, բնակելի տներ, հողատարածքներ ու հասարակական նշանակության շինություններ: Ամենաշատը գրավադրվել է Երեւանում՝ 915 անշարժ գույք, ապա՝ Կոտայքի մարզում՝ 256, Արմավիրի մարզում՝ 135, 104 անշարժ գույք էլ Արարատի մարզում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.04.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930