Սյունիքի մարզի սահմանային Շուռնուխ գյուղում շարունակվում է նոր թաղամասի կառուցումը։ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը նախօրեին ծանոթացավ կառուցվող նոր բնակելի թաղամասի շինարարության ընթացքին, մինչ այժմ արվածի արդյունքներին, հետեւեց որակին, խոսեց շինարարների հետ։ Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ կնքված եռակողմ հուշագրից հետո՝ 13 շուռնուխցու տներ մնացին ադրբեջանական հսկողության ներքո։
Շուռնուխցի Սասուն Արամյանի տունը գյուղի ներքեւի մասում էր, այն նույնպես մնացել է ադրբեջանական հսկողության տակ։ Կնոջ հետ՝ նա ժամանակավորապես Շուռնուխի վերին թաղամասին տնակներից մեկում է ապրում, իսկ որդին, հարսն ու երկու թոռները՝ Գորիսում։ Հույս ունի՝ շուտով բոլորը Շուռնուխի նոր առանձնատանը կապրեն։ «Ասենք թողալ ենք քեցալ՝ քինամ շտեղ։ Հա, տեղ շատ կա՝ ապրելու, բայց դե մենք այստեղ ենք մնալու »,-ասում է Սասուն Արամյանը։ Ամեն օր նա անցնում է նոր թաղամասի մոտով, հարցուփորձ անում շինարարներին, փորձում կռահել՝ թե ո՞րն է լինելու իրենց նոր առանձնատունը։ «Եթե ըստ հերթականության տան՝ 5-րդ տունը պիտի իմը լինի։ Եթե ներքեւի համարներով տան՝ ես ի՞մ, չգիտեմ, որը կտան՝ թող տան։ Տարբերություն չկա, բոլորն էլ նույն որակով են կառուցվում»,- Aravot.am-ի հետ զրույցում նշում է Սասուն պապը։
Կարդացեք նաև
Նկատելով Սյունիքի մարզպետին՝ ներողություն խնդրելով կիսատ է թողնում մեր զրույցը, մոտենում մարզպետին։ «Շնորհավորում եմ, պարոն Ղուկասյա՛ն, Աստծո կամոք՝ մարզը բարով ղեկավարես ու մեզ էլ չմոռանաս։ Մենք դեռ էն գլխից ենք հավատացել ու հավատում ենք քեզ»,-դիմելով մարզպետին՝ ասում է Շուռնուխի բնակիչը։ Ռոբերտ Ղուկասյանը խոստանում է՝ ոչ միայն Շուռնուխը, այլ մարզի բոլոր բնակավայրերը մարզային իշխանության ուշադրության կենտրոնում են լինելու։ Սասուն Արամյանին էլ առաջին է տեղեկացնում՝ շուտով աշխատանքային այցերով կլինի մարզի տարածաշրջաններում ու անպայման նորից կլինի Շուռնուխում։
Ավարտելով զրույցը մարզի ղեկավարի հետ՝ շուռնուխցի Սասուն Արամյանը դիմեց մեզ։ «Որտե՞ղ կանգ առանք։ Ղուկասյանին մարզպետ դառնալուց հետո չէի տեսել, լավ մարդ է, գյուղի համար լարված բոլոր օրերին այստեղ էր, մեր կողքին»,-պարզաբանում է նա ու շարունակում՝ «այն ժամանակ վարչապետի խորհրդականն էր»։
Նշենք, որ Ռոբերտ Ղուկասյանը մինչեւ Սյունիքի մարզպետ նշանակվելը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդականն էր, նաեւ Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարը։ Վարչապետի որոշմամբ հիմա էլ աշխատանքային խումբը շարունակում է գործունեությունը՝ Ռոբերտ Ղուկասյանի ղեկավարությամբ։ Հետաքրքիր է նաեւ, որ ուղիղ մեկ տարի առաջ՝ 2021թ.-ի ապրիլի 20-ին մեկնարկեց աշխատանքային խմբի առաջին ծրագրերից մեկը։ Այս օրը կցորդիչով մոտոբլոկներ բաշխվեց սահմանամերձ Կաղնուտ ու Ներքին Հանդ գյուղերի բնակիչներին։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ