Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում ռուսական գործակալական ցանցի անդամները ազգային անվտանգության սպառնալիք չե՞ն

Ապրիլ 20,2022 22:33

Օտարերկրյա անվտանգության ծառայության աշխատակիցները ՀՀ-ում կարող են գործել միայն պետական մարմինների իմացությամբ եւ օրենքի շրջանակներում: Aravot.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

Թե ինչու 2020-ին ռուսական «Դոսյե» կենտրոնի հրապարակած հետաքննությունից հետո, ըստ որի, Ռուսաստանը գործակալներ ունի Հայաստանի գրեթե բոլոր պետական կառույցներում, ՀՀ ԱԱԾ-ում քրեական գործ չհարուցվեց, իրավապաշտպանը նկատեց. «Երբ պաշտոնապես նրանք հանդես են գալիս ու մեր անվտանգության հետ կապված տեղեկություններ չեն հավաքագրում, կամ գործողություններ չեն կատարում, ինչը կարող է համարվել ազգային անվտանգության սպառնալիք, այդ տեսակետից պետք է արձանագրենք՝ կամ ընդհանրապես որեւէ քննություն չի իրականացվել «Դոսյե » կենտրոնի կողմից հրապարակված գործակալան ցանցի վերաբերյալ տեղեկությունների ուսումնասիրության քննության ուղղությամբ, կամ պետք է ենթադրել, որ ՀՀ-ում «Դոսյե » կենտրոնի կողմից ներկայացված ենթադրյալ գործակալական ցանցի անդամները չեն ներկայացնում ազգային անվտանգության սպառնալիք, բայց դրա համար պետք էր քննություն իրականացնել հերքելու համար:

Կամ դիտարկվում է, որ ՌԴ անվտանգային մարմինների հակահետախուզության կամ հետախուզության ագենտուրան չի համարվում ազգային անվտանգության սպառնալիք:

Բոլոր դեպքերում այն փաստը, որ այն ժամանակված ԱԱԾ պետ Արգիշտի Քյարամյանը հայտարարեց, որ հրապարակումը հանցագործության մասին հաղորդում է ու իրավական ընթացք կտրվի, բայց նա այլեւս ԱԱԾ պետ չէ, նշանակում է, որ իր հայտարարությունը արժեցել է առնվազն իր պաշտոնին: Դա նաեւ նշանակում է, որ ԱԱԾ-ն գտնվում է ՌԴ ԱԱԾ համակարգում ու ինչպես «Դոսյե » կենտրոնում է նշվել, համարվում է իրենց մասնաճյուղը: Դա ինքին չի կարող սպառնալիք չհանդիսանալ:

Որովհետեւ սպասարկում ես ոչ թե քո պետության անվտանգության խնդիրները, այլ սպասարկում ես այլ պետության անվտանգային պետական շահերը, այն դեպքում, երբ ունենք բազմաթիվ փաստեր, որ այդ պետության պետական շահերը չեն համընկնում ՀՀ ազգային շահերին:

Այս փաստերի առկայության դեպքում ինչ եզրակացնենք, որ անհապաղ եւ հրատապ պետք է իրականացվի ԱԱԾ լյուստրացիա եւ պետք է ձերբազատվել բոլոր այն աշխատողներից, որոնք կհանդիսանան FCB մասնաճյուղի ներկայացուցիչները, որոնց մենք վճարում ենք, բայց ծառայում են այլ պետության ազգային անվտանգությանը: Պետք է ունենանք լյուստրացիայի արդյունքում այնպիսի ծառայություն, որը կկարողանա իրականացնել անհրաժեշտ գործողությունները բացահայտելու այդ գործակալական ցանցը»:

Անդրադառնալով «Դոսյե » կենտրոնի հետաքննության այն դրվագին, որ 2018-ի «Թավշյա հեղափոխությունից» հետո հատուկ ուշադրություն է դարձվում վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ում կառույցում տվել են «Մորուք» անվանումը՝ Իրավապաշտպանն ասաց, որ համոզված է՝ գործակալական ցանցը գործել է նաեւ մինչեւ 2018 հեղափոխությունը. «Ուղղակի հեղափոխությունից հետո ժամանակահատվածը առանձնակի ուշադրության է արժանացել այն պատճառով, որ թավշյա հեղափոխությամբ սկսված այդ ժողովրդավարական գործընթացներից նրանք անհանգստացած էին, որ իմ ասած լյուստրացիան կարող էր տեղի ունենալ, Հայաստանի ԱԱԾ-ն կարող էր այնպիսի բարեփոխումների ենթարկվել, որ այլեւս չհամարվեր FCB տեղական մասնաճյուղը: Իմ կարծիքով՝ դրանով է պայմանավորված, իսկ մինչ այդ ոչ էլ անհանգիստ էին, որովհետեւ անհանգստանալու պատճառներ չկային»:

Ինչ վերաբերում է կառույցում Նիկոլ Փաշինյանին հատուկ անվանում տալուն, Արթուր Սաքունցն ասաց, թե իրենք կարող են ինչ-որ անվանումներ տալ, թիրախավորել մարդկանց. «Կարծում եք՝ մեզ՝ իրավապաշտպաններիս, չեն թիրախավորում… այնպես որ մինչեւ այդ քիմիական կապի մեջ գտնվողներին նրանք չէին թիրախավորում, իմաստ էլ չկար»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930