Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած երիտասարդները՝ Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը դիմեցին ազնիվ երիտասարդներին, իրենց ծնողներին, երեխաներին, որ գան հրապարակ. «Մինչեւ չհավաքվի կրիտիկական զանգվածը, այս ամեն ինչը շատ դժվար է լինելու: Մեզ ասում են՝ լավ, հավաքեցիք, վերջը ո՞րն է: Մենք ասում ենք՝ Արցախը Ադրբեջանի կազմում մենք չենք պատկերացնում, եթե ով այստեղ չի, դա ուզում է, ես չեմ ուզում դրան հավատալ: Մենք անկեղծ, ազնիվ մղումներով ենք դուրս եկել ու սա անում ենք: Եթե կան էլի անկեղծ ու ազնիվ մարդիկ, թող գան»,- ասաց Նվեր Կիրակոսյանը:
Հարցին՝ կրիտիկական զանգվածը քանի՞ հոգի է՝ նա պատասխանեց. «Թվերով դա չեն չափում: Եթե կան մարդիկ, որոնք վեր են կանգնել անձնական համոզմունքներից, ամբիցիաներից՝ հանուն բարձրագույն արժեքի, մենք այստեղ զգում ենք այդ էներգետիկան, կարող ենք այդ ժամանակ ասել, որ կա այդ կրիտիկական զանգվածը: Հիմա չկա»:
Հացադուլավորներն ասացին, որ վաղը գուցե ուժ չունենան ելույթ ունենալ, ուստի խնդրեցին անկախության սերնդի ներկայացուցիչներին, ովքեր ուզում են ելույթ ունենալ ազատության հրապարակում, 19:00-ին լինեն այնտեղ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ