Ազատամարտիկ, 44-օրյա պատերազմի մասնակից Աշոտ Սեւյանն (Չարեքթարցի Աշոտ) այսօր ընկերների հետ եկել էր զորակցելու Ազատության հրապարակում հացադուլ անող, պատերազմի մասնակիցներ Նվեր Կիրակոսյանին եւ Արթուր Ավագյանին։ «Ոչ մեկից ոչինչ չեմ սպասում, բայց իմ ու ընկերներիս ներկայությամբ գոնե գիտեմ, որ հնարավորն արել եմ։ Փորձում ենք աջակցել նրանց»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Աշոտ Սեւյանը։ Aravot.am-ը խնդրեց կարծիք հայտնել վերջերս ԱԺ ամբիոնից հնչած մտքի մասին, թե Արցախն Ադրբեջանի կազմից դուրս լինելու գաղափարը սխալ է եղել։
«Այս մարդիկ հատուկ դրա համար էլ եկել են իշխանության։ Ոչ մի բան չեն կարողացել, չունեն արժեք, իրենց արժեքն իրենց աթոռն է»,-պատասխանեց Աշոտ Սեւյանը։ Մեջբերեցինք նաեւ, որ իշխանական պատգամավորներից մեկն ասել էր, թե 88-ի շարժումը հանգեցրել է դաշտային Արցախի հայաթափմանը։
«Ո՞վ է այդ գիտունիկը․ այդ պատգամավորին ասեք, որ դաշտային Արցախից է սկսվել շարժումը։ Դաշտային Արցախն ընկավ, որ սկսեց արցախյան շարժումը։ Դժբախտություն է, որ սերունդների ապագան որոշողները տեղյակ չեն ՀՀ նախկին քարտեզներից»,-արձագանքեց Աշոտ Սեւյանը։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ