«Շատերը խորհրդարանական ընդդիմությունից պահանջում էին գործողություններ։ Մեկնարկն, ահա, տրված է։ Վճռականության պակաս չկա։ Մինչեւ Փաշինյանը չհեռանա իշխանությունից, մենք տուն չենք գնա։ Ապակենտրոն եւ ցանցային պայքար է, ձեւերը տարբեր են, իսկ օրեր անց բոլորս կհավաքվենք այստեղ»,- Ազատության հրապարակում այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի եւ Արցախը փրկելու գաղափարի շուրջ համախմբման բողոքի գործողությունների ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ Նրա խոսքով՝ սպասում են, որ կրիտիկական զանգված հավաքվի, որպեսզի գործողություններն արդյունավետ լինեն։
«Փաշինյանը մի քանի անգամ խաբել է բոլորիս, ասում եմ որպես նրա խմբակցության նախկին անդամ։ Նա խաբել է մեզ, որովհետեւ Արցախի հարցում ՔՊ-ն որդեգրել էր հստակ դիրքորոշում՝ «անջատում հանուն փրկության» գաղափարը, իսկ հիմա այն բացարձակ մերժում է։ Նրանք պատրաստակամություն են հայտնում Ադրբեջանի տիրապետության տակ թողնել Արցախը»,-նշեց Թագուհի Թովմասյանը։
Պատգամավորը նաեւ տեղեկացրեց՝ շարունակում են խորհրդարանական բոյկոտը, ժամանակավոր դադարեցնում են աշխատանքը խորհրդարանում եւ պայքարը շարունակում Ազատության հրապարակում․ «Եթե անհրաժեշտություն լինի, ցանկացած պահի կարող ենք վերադառնալ խորհրդարան։ Մանդատները վայր չենք դնում հենց այդ նպատակով։ Հնարավոր իշխանափոխությունը անպայման լինելու է խորհրդարանի միջոցով, եւ ԱԺ-ում անհրաժեշտ են լինելու պատգամավորներ։ Մանդատները վայր դնելով՝ խորհրդարանը չի լուծարվում, սա ֆիքսենք, այլապես վաղուց արել էինք դա»։
Կարդացեք նաև
Թովմասյանը նաեւ հայտնեց՝ խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունները համագործակցաբար են աշխատում։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ