«Մեդիային վերաբերող օրենսդրության բարեփոխումների անհրաժեշտությունը Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ի նախագահ Սուրեն Դեհերյանը, ԶԼՄ-ների առաջնային թափանցիկության համատեքստում, ի թիվս այլնի եւս անդրադարձավ «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի նախագահ Լաուրա Բաղդասարյանի բերած օրինակին, որը վերաբերում էր Freenews-ին: Տիկին Բաղդասարյանը փաստել էր, որ իրենց հետազոտության ժամանակ՝ մեկ ամիս շարունակ այդպես էլ չեն կարողացել նույնականացնել Freenews TV-ի խմբագրի անունը:
«Մենք երկու զուգահեռ իրականություններում ենք ապրում, մի տեղ նման հետաքրքիր համագործակցություններ են ձեւավորվում, մյուս կողմից զուգահեռ չենք կարողանում հասկանալ, թե Freenews-ի խմբագիրն ով է, բայց բոլորս գիտենք, թե ովքեր են կանգնած Freenews-ի հետեւում ու ժպտում ենք իրար նայելիս, մեր վրա ենք ժպտում: Մենք շատ հաճախ անկեղծ չենք, եւ մշակույթի փոփոխությունը հենց մեզանից է կախված: Թե իշխանությունները, թե ընդդիմությունները ուղղակիորեն սեփականատեր են մեդիաընկերությունների»,-նշել էր Սուրեն Դեհերյանը: Ու հավելել, որ մեդիա ոլորտում այնպիսի սկզբունքներ են գործում, պատվերներ ու հրահանգներ են տրվում, որոնք փչացնում են ամբողջ դաշտի նկատմամբ վստահությունը:
Քննարկմաննը ներկա ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը հետեւյալ կերպ արձագանքեց. «Անկեղծ ասած ես չգիտեմ, թե ով է ժպտում, բայց շատ եմ ուզում, որ հրապարակվի: Էն անունը, որ շրջանառվում է, որ Freenew-ն իրենն է, ես որպես հազար տարվա վաղեմի ընկեր վստահեցնում եմ, որ իր հետ բացարձակ կապ չունի: Մի կապն այն է, որ կինն է այնտեղ աշխատում (նկատի ունի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կնոջը` Մարիամ Մարգարյանին-Գ.Հ.), բայց սեփականատերերի հետ ընդհանրապես կապ չունի…Թե ոնց կարելի է հրապարակայնացնել, երեւի պետք է օրենք ընդունենք, ինքն էլ է ամեն օր ինձ ասում, ինչի՞ են իմ անունը տալիս»:
«Ուրեմն պետք հասնել նրան, որ Freenews-ն էլ իր տվյալները հրապարակի իր կայքում»,-թեման եզրափակեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ