Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ- ում կյանքի սպասվելիք տեւողությունն արդեն հասնում է աշխարհում ամենաբարձր ցուցանիշ ունեցող երկրին՝ Ճապոնիային»․ Աննա Հովհաննիսյան

Ապրիլ 20,2022 16:26

Հայաստանը ծերացող երկիր է․ սա, ըստ ՄԱԿ-ի սահմանած սանդղակի, նշանակում է՝ երկիրը, որտեղ տարեցների տեսակարար կշիռը 7%-ից բարձր է, համարվում է ծերացող, ՀՀ-ում տարեցների տեսակարար կշիռը մոտ 14% է։

Այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի «Բնակչություն եւ զարգացում» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ նման երեւույթը բնորոշ է աշխարհի այն երկրներին, որտեղ ծնելիության գումարային գործակիցը ցածր է եւ ունի նվազման միտում։

«Ըստ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի կանխատեսումների, 2050 թվականին մեր երկրում տարեցների տեսակարար կշիռը կկազմի 22-24%։ Սա նշանակում է, որ բնակչության 5-ից կամ 4-ից մեկը լինելու է կենսաթոշակառու։ Բայց ես չեմ ուզում սա դիտարկել որպես բացասական երեւույթ կամ մարտահրավեր, որովհետեւ տարեցները պետք է դիտարկվեն ոչ թե որպես բեռ, այլ՝ որպես հնարավորություն։ Ամբողջ աշխարհում է այդպես, որովհետեւ մարդիկ սկսել են ավելի երկար ապրել եւ դա շատ լավ է։ ՀՀ- ում կյանքի սպասվելիք տեւողությունն արդեն հասնում է աշխարհում ամենաբարձր ցուցանիշ ունեցող երկրին՝ Ճապոնիային։ Պաշտոնական վիճակագրությամբ, կանայք ապրում են մոտավորապես 79 տարի, տղամարդիկ՝ 72։ Սա լուրջ դրական ցուցանիշ է, որի հիմքում ընկած է առողջապահական ծառայությունների բարելավումն ու հասանելիությունը։ Սա վիճակագրական թվերի տասը եւ ավելի տարիների համեմատության արդյունքում արված ենթադրություն է»։

Քննարկման մյուս մասնակից, ժողովրդագիր Ռուբեն Եգանյանն էլ նկատեց` բնակչության ծերացմանը պետք է սթափ մոտենալ եւ փորձել դա վերածել հնարավորության, իհարկե մինչեւ այն տարիքը, երբ մարդիկ չնայած անցնում են թոշակի, բայց շարունակում են մնալ ակտիվ, ստեղծարար եւ կարողություններ ունեցող․ «Բայց գալիս է տարիքային մի սահմանագիծ, որից հետո այդ մարդիկ հասարակության հոգածությանն են մնում»։

Եգանյանը չհամաձայնեց Ճապոնիայի հետ համեմատությանը, եւ նշեց՝ մենք ոչ թե ծերացող, այլ արդեն ծերացած երկիր ենք, նույնիսկ ՄԱԿ-ի չափորոշիչներով․ «Մենք դեռ այնքան հեռու ենք Ճապոնիայից, այնտեղ կնոջ կյանքի սպասվող միջին տարիքը 83-84 տարի է»։

Աննա Հովհաննիսյանն էլ պատասխանեց, որ իր մեկնաբանությունը միջազգային փորձի հիման վրա է արված․ «Եթե կա ավելի լավ բացատրություն, թե ինչու էր տարեցը մինչեւ 60 տարի ապրում, հիմա` 79-ը․․․»։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930