Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե մահերի եւ ծնունդների նման ցուցանիշը պահպանվի՝ դեպոպուլյացիա կլինի»․ Աննա Հովհաննիսյան

Ապրիլ 20,2022 15:58

Ռուս-ուկրաինական պատերազմն ազդեցություն կունենա միգրացիայի վրա․ 2021 թվականի հետազոտության արդյունքներով՝ ՀՀ-ում շարունակվել է միգրացիոն գործընթացներում տնային տնտեսությունների եւ բնակչության ներգրավվածության նվազման միտումը, որը ձեւավորվել էր 2018-ին՝ պայմանավորված իշխանափոխությամբ։ Այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկման ժամանակ ասաց ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը։

Նրա խոսքով՝ 2018-ին մարդկանց մտադրությունները՝ միգրացիայի գործընթացում ներգրավվելու, պակասել էին, մարդիկ մեծ ակնկալիքներ եւ հույսեր ունեին, որ սոցիալ-տնտեսական, քաղաքական իրավիճակը բարելավվել է եւ ակնկալում էին իրենց ընտանիքի միգրանտ անդամների վերադարձը։

«2017-ի հետազոտության տվյալներով՝ միգրացիոն գործընթացներում ներառված էր ՀՀ տնային տնտեսությունների մոտ 35%-ը, 2019 թվականին՝ 26% էր։ 2021 թվականի հետազոտությամբ՝ այդ նվազումը շարունակվել է, այն կազմել է 18,3% տասնութ տոկոս տնային տնտեսությունների ներառվածությունը։ Բայց փոխվել է այդ միտումը պայմանավորող գործոնը։ Առաջին հերթին՝ դա դրական ակնկալիքներն են, երկրորդ՝ քովիդն ու պատերազմի հանգամանքները։ Քովիդը զսպող դեր ունի, պատերազմը՝ տեսականորեն խթանող եւ ավելացնող գործոնի ազդեցություն կարող էր ունենալ, եթե չլիներ քովիդը»,-ասաց Ռուբեն Եգանյանը։

Նրա խոսքով՝ մեր բնակչության զբաղվածության 10%-ն ապահովվում է արտերկրում աշխատանքի միջոցով, այսինքն՝ աշխատանքային միգրանտների եկամուտների եւ տրանսֆերտների։ Ռուս-ուկրաինական պատերազմն, ըստ մասնագետի, կասկածի տակ է դնում աշխատանքային միգրանտների մեկնումը․ «Չեմ կարող ասել, թե ինչի կբերի, բայց ակնհայտ է, որ մեկնումները հիմա մեծ վտանգի տակ են։ Չգիտեմ՝ որքանով է հնարավոր մասսայական մեկնել։ Ամեն տարի մոտ 80 հազար ժամանակավոր աշխատանքային միգրանտ ունեինք»։

Քննարկման մյուս մասնակից՝ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի «Բնակչություն եւ զարգացում» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանն էլ անդրադառնալով ժողովրդագրական ցուցանիշներին, ասաց՝ որոշ ժամանակ հետո կհրապարակվեն ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի երկու տարին մեկ արվող բնակչության թվաքանակի՝ 2021-ի վերաբերյալ կանխատեսումները։

«Բայց պաշտոնական վիճակագրության վրա հիմնվելով՝ պետք նշեմ, որ այս տարվա հունվար-փետրվարին նվազել է ծնունդների բացարձակ թվաքանակը, մինչդեռ աճել է մահացածների թիվը, որի արդյունքում ունենք բնական հավելաճի բացասական ցուցանիշ։ Իհարկե, ճշգրիտ պատկեր ունենալու համար պետք է ամփոփել մեկ տարվա տվյալները։ Սակայն, նման ցուցանիշի պահպանման դեպքում՝ կլինի դեպոպուլյացիա, երբ մահերի թիվը գերազանցում է ծնունդներին»,-ասաց Աննա Հովհաննիսյանը։ Նա նաեւ նշեց, որ սովորաբար ծնունդների գերակշիռ մասը տարեվերջին է լինում։

Հովհաննիսյանի ներկայացմամբ՝ Հայաստանում տարիներ շարունակ երբեւէ չի եղել բնակչության բնական հավելաճի բացասական ցուցանիշ՝ զուտ ծնունդների եւ մահերի թվերը համեմատելով․ «Մեկ տարում, երբ ամփոփվում են վիճակագրական տվյալները, դրան գումարվում է նաեւ միգրացիայի մնացորդը, դա էլ մեկնածների եւ ժամանածների բացարձակ թվաքանակի տարբերությունն է, քանի որ այդ ցուցանիշը, բացառությամբ մեկ-երկու տարվա, միշտ եղել է բացասական, այդ պատճառով բնական հավելաճի դրական ցուցանիշը միշտ նվազել է»։

Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների, 2021-ի հունվար-փետրվարին ծնունդների թիվը կազմել է 5 533, 2022-ին՝ 5 344, իսկ մահերի թիվը 2021-ի հունվար-փետրվարին կազմել է 5 431, 2022-ին՝ 6 030։ Ռուբեն Եգանյանի կարծիքով՝ սա կարող է պայմանավորված լինել վերջին երկու տարիներին ՀՀ-ում տեղի ունեցած իրադարձություններով՝ համավարակ եւ պատերազմ՝ սթրեսային ու շոկային իրավիճակներն ազդում են մարդկանց առողջության վրա եւ այս կամ այն կերպ ազդում մահացածների բացարձակ թվի մեծացմանը։

 

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930