«Հայրենիք» կուսակցության առաջնորդ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Արթուր Վանեցյանը հանրության արձագանքը դրական է գնահատում․ հրապարակը մշտապես մարդկանցով լի է։ «Գալիս են, աջակցում, մտահոգվում։ Նպատակը, սկիզբը լավն են, ունենալու ենք լավ արդյունք»,-Ազատության հրապարակում այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արթուր Վանեցյանը։
«Հարցեր են տալիս, ասում են՝ «պետք ա սրանց գնդակահարել, ձերբակալել», «պետք ա իմփիչմենթի գործընթաց սկսել»։ Մենք ունենք գործողությունների հստակ պլան։ Անժամկետ ակցիան տալիս է պտուղներ, սա օրակարգում է, սրա մասին խոսում են։ Առանձին պայքար չեմ սկսել իմ կուսակցությունով, այլ ասում եմ՝ հայ մարդ, դուրս արի փողոց ու պայքարի անվտանգության, Արցախի, ինքնիշխանության համար։ Մի մասն էլ թերահավատ է, ասում է՝ «Նիկոլը մեկ ա՝ կպած ա իշխանությանը, չի գնա»։ Իմ համար զարմանալի էր, որ այսօր առավոտ երիտասարդ կանայք երեխաներին դպրոց ու մանկապարտեզ տանելուց գալիս էին տեսնելու, ասում էին՝ «եկել ենք տեսնենք՝ իրականում այստե՞ղ եք, թե՞ ոչ»։ Մենք այստեղ ենք»,-շեշտեց Արթուր Վանեցյանը։
Նրա խոսքով՝ իշխանափոխությունից հետո մարդիկ, որոնք առաջնորդվում են ՀՀ-ի եւ Արցախի շահով, դիվանագիտական ճանապարհով կարող են խնդիրներ լուծել․ «Նիկոլ Փաշինյանը պարտվող երկրի «առաջնորդ» է, նա այդ բեռի տակ պարտավորություններ է վերցրել։ Քաղաքական իշխանության փոփոխությունից հետո հնարավոր է խնդիրները լուծել։ Պատերազմ ամենաքիչը ես եմ ուզում, որ լինի։ Ես դեմ եմ դրան։ Ասում եմ, որ հնարավոր է նորմալ, դիվանագիտական ճանապարհով ստանալ դիվանագիտական լուծումներ։ Արցախն Ադրբեջանի կազմում տեսնող իշխանությունն ինչպե՞ս կարող է հանդես գալ հայանպաստ դիրքերից։ Պետք է հեռանան»։
Կարդացեք նաև
Լրագրողները հետաքրքրվեցին՝ իշխանությունն այս օրերին փորձե՞լ է իր հետ երկխոսել։ «Որեւէ բան չեն առաջարկել, չեմ էլ սպասում»,-պատասխանեց Արթուր Վանեցյանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ