Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Եթե սովորում եք, որ նախագծեք ու կառուցեք հայրենիք, շենքեր, շինություններ թշնամուն հանձնելու համար, ապա ձեր ուսումն անտեղի է»․ Էդգար Ղազարյանը՝ ուսանողներին

Ապրիլ 20,2022 15:27

«Հարգելի դասախոսներ, ձեր դուրս գալով՝ աշխատավարձից չեք զրկվի»,-Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի բակում հայտարարեց 5165 շարժման անդամ Մենուա Սողոմոնյանը։

Հիշեցնենք՝ 5165 շարժման անդամներն Ազատության հրապարակից երթով շարժվեցին դեպի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան, Ագրարային համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Երևանի պետական համալսարան, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ և Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարաններ։

Երթի մասնակիցները համաքաղաքացիներին հորդորեցին փողոցներում քայլել կարմիր ժապավեններ կապած, մեքենաների վրա ևս կարմիր ժապավեններ կապեն, որպեսզի դրանով ցույց տան, որ Նիկոլ Փաշինյանն անցել է կարմիր գիծը, և պետք է նրան հեռացնել քաղաքականությունից։

Մենուա Սողոմոնյանը, դիմելով ՀՊՏՀ ուսանողներին, հայտարարեց․ «Մենք ձեր ոտքն ենք եկել, բայց ոչ մեր իշխանության, մեր շահերի համար, այլ նրա համար, որ Արցախում հարյուր հազարավոր հայեր նայում են մեր երեսին, թե ինչու է ՀՀ-ն անտեր թողել իրենց։ Տղաներ և աղջիկներ, եթե հիմա չեք ուզում միանալ, ժամը 19։00 եկեք Ազատության հրապարակ, իսկ եթե հիմա եք ուզում միանալ, բռնեք կարմիր ժապավենները։ Սա ցույց է տալիս, որ երկրի ղեկավարությունը հատել է բոլոր կարմիր գծերը»։

Մենուա Սողոմոնյանը վստահեցրեց՝ մասնակցության դեպքում ոչ ոք չի հեռացնելու իրենց համալսարանից, բացակա չեն ստանալու ու շարունակեց․ «Համենայն դեպս իմացեք, որ Արցախն ավելի թանկ է, քան ձեր յուրաքանչյուրի հեռացումը։ Մարդիկ տվել են Արցախի համար իրենց կյանքը, մենք էլ՝ որպես դասախոսներ պատրաստ ենք տալ հեղինակություն։ Իսկ դուք ոչ մի քաղաքական ուժի չմիանալով, պարզապես ձեր ներկայությամբ Ազատության հրապարակում հայտնեք ձեր անհամաձայնությունը այն կործանարար գծին, որն այսօր տարվում է»։

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, դեսպան, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, ՀՊՏՀ դասախոս Էդգար Ղազարյանը նշեց․ «Ես այսօր դուրս եմ եկել Հայաստանը փրկելու պայքարին, այն պայքարին, որը ստեղծվել է, առաջացել է նաև այս համալսարանում։ 1988-ին ձեր շատերի ծնողներն են սովորել այստեղ, նրանք մեկ մարդու նման գնացել են Ազատության հրապարակ, միացել են ղարաբաղյան շարժմանը, որ ազատագրվի Արցախը, ՀՀ-ն դառնա անկախ։ Դուք ձեր ծնողների նվիրական պայքարի շահառուներն եք, դուք ծնվել եք այն հանրապետությունում, որն եղել է ձեր ծնողների, պապերի դարերի երազանքը։ Նրանք կարողացել են վաստակել այդ իրավունքը, փոխանցել են ձեզ հայրենիք։ Այսօր վտանգված է այդ պետականությունը, ՀՀ ճակատագիրը։ Ձեր զավակները ձեզ չեն ներելու։ Եթե օտարության մեջ օտար լեզվով ձեր երեխաներին պատմեք ձեր անտարբերության մասին, որ թուրքը եկել, զավթել է մեր երկիրը, նրանք ձեզ չեն ներելու։ Չեք ներելու ձեզ, երբ հիշեք ձեր համակուրսեցիներին, որոնք զոհվել են արցախյան պատերազմում, նրանց հոգին տանջելու է ձեզ, որ կիսատ եք թողնում նրանց պայքարը, որ անտեղի եք դարձնում նրանց կորուստը»։

Հիշեցնելով, որ Շուշին Ադրբեջանի վերահսկողության տակ է, նա, դիմելով Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի ուսանողներին, ասաց․ «Եթե սովորում եք, որ նախագծեք ու կառուցեք հայրենիք, շենքեր, շինություններ թշնամուն հանձնելու համար, ապա ձեր ուսումն անտեղի է։ Երիտասարդ եք, պայքարեք ձեր ապագայի համար»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930