Լրահոս
Օրվա լրահոսը

Որ հիվանդություններով երեխաները կարող են պալիատիվ՝ ամոքիչ բուժօգնություն ստանալ

Ապրիլ 20,2022 15:15

Նախկինում հոգեշարժական խանգարումներով եւ այլ ծանր ախտանիշներով ծնված երեխաները չէին ապրում կամ երկար չէին ապրում, սակայն բժշկական ծառայությունների որակի լավացմանը, ծառայությունների բարելավմանը զուգահեռ՝ քրոնիկ հիվանդություններով երեխաների կյանքը երկարել է: Այսօր այս մասին «Արմենպրեսի» մամուլի սրահում ասաց ՀՀ առողջապահության նախարարության Մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության Երեխաների առողջության պահպանման բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանը: Նրա խոսքով, այդպիսի հիվանդություններով երեխաները պալիատիվ՝ ամոքիչ խնամքի կարիք ունեն:

Հիշեցնենք, որ պալիատիվ բուժօգնության նպատակն է ծանր հիվանդություններ ունեցող մարդկանց ազատել տառապանքից, ցավից եւ արժանապատիվ կյանք ապահովել:

Մեր երկրում, ըստ նախարարության պաշտոնյայի, հստակ հաշվարկներ չկան՝ քանի երեխա պալիատիվ խնամքի կարիք ունի: Ասաց, որ մոտավոր հաշվարկներով՝ նրանց թիվը մոտ 3000 է:

«Ցանկացած երեխա անկախ նրա առողջական վիճակից, մատուցվող ծառայություններից, սեռից, տարիքից պետք է լինի հասարակության լիիրավ անդամ»,-ասաց Լիլիթ Ավետիսյանը՝ պարզաբանելով որ հիվանդություններով երեխաները կարող են օգտվել պալիատիվ օգնությունից:

Առաջին խումբը կյանքին սպառնացող քրոնիկ հիվանդություններ ունեցողներն են, որոնք բուժում ստանում են, սակայն բուժման անարդյունավետություն կարող է դիտվել քաղցկեղը, տարբեր օրգան համակարգերի ծանր ախտաբանությունները: Երկրորդ խումբն, ըստ նրա, այնպիսի հիվանդություններով երեխաներն են, որոնց դեպքում վաղաժամ մահվան հավանականությունը բարձր է եւ պահանջում է երկարատեւ եւ ինտենսիվ բուժում. «Խոսքն օրինակ՝ երիկամային անբավարարությամբ երեխաների մասին է, որոնց ցուցված չէ երիկամի փոխպատվաստումը կամ դիալիզը»:

ԱՆ պաշտոնյան ասաց, որ նպատակ ունեն, բացի հիվանդանոցային ծառայություններից, պալիատիվ օգնություն մատուցել նաեւ արտահիվանդանոցային ծառայությունների տեսքով՝ ինչպես մի շարք զարգացած երկրներում է. «Եթե երեխաները հիվանդանոցներում են լինում, կտրվում են ընտանեկան միջավայրից, դպրոցից, իրենց հարազատ միջավայրից, հետեւաբար պետք է երեխային հարմար ու ընդունելի միջավայրում կազմակերպել պալիատիվ բժշկական օգնությունը»:

Այս պահի դրությամբ պալիատիվ խնամք մատուցում է միայն Արյունաբանական կենտրոնում, որը նախատեսված է օնկոհեմատոլոգիական հիվանդություն ունեցող բուժառուների համար եւ Արաբկիր բժշկական կենտրոնում, որը նախատեսված է ծանր եւ կյանքին սպառնացող հիվանդություններով երեխաների համար:

Նրա խոսքով հայեցակարգը հաստատված է, մոդելը մշակված եւ հունիս-հուլիսի ամսից փորձարարական ծրագիրը կմեկնարկի ավելի լայն մասշտաբով: Բայց թե որ մարզերում կլինի՝ առայժմ քննարկման փուլում է: Լիլիթ Ավետիսյանի խոսքով, պալիատիվ օգնության մոդելը ենթադրում է ոչ թե երեխային մոտեցնել դեպի Երեւան, այլեւ հենց մարզում սպասարկել երեխաներին: Ծառայությունը նախնական շրջանում կարող է մատուցվել առաջնային պահպանման օղակում:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930