Լրահոս
Օրվա լրահոսը

«Դա ֆեյք է․ սկզբնաղբյուրը նիկոլական perfect TV-ներն են»․ Վանեցյանը՝ ոտքն իբրեւ թե գետնին խփելու ու 200 000 մարդ հավաքելու մասին

Ապրիլ 20,2022 14:38

«Ես զարմանում եմ, որ «Ազատություն» ռ/կ-ն՝ պրոֆեսիոնալ լրատվամիջոց, ցիտում է ֆեյք նյութերն ու ասում, թե ես նման բան եմ երեկ ասել։ Ես նման բան երբեւէ չեմ ասել։ Դրա սկզբնաղբյուրը նիկոլական perfect TV-ներն են»,-Ազատության հրապարակում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց «Հայրենիք» կուսակցության առաջնորդ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Արթուր Վանեցյանը, երբ լսեց հարցադրում այն մասին, թե ինքը երեկ հայտարարել է՝ ոտքս խփեմ գետնին, 200 000 մարդ կհավաքվի։

Արթուր Վանեցյանը շեշտեց․ «Հիմար խոսակցություններ են, չեմ ասել նման բան եւ երբեք նման հարց չեմ քննարկել։ Ի՞նչ է անում իշխանական քարոզչամեքենան։ Հարգարժան ԶԼՄ-ն դառնում է ֆեյք տեղեկատվության զոհ։ Գալու է այդ օրը, բայց ես չեմ խփելու ոտքս, մարդիկ իրենք են ինքնակամ, գիտակցաբար գալու այստեղ եւ ողողելու Հայաստանը, վռնդելու սրանց։ «Ամենալուրջ» քննադատությանը, որ ենթարկվել եմ այս ընթացքում, դա այն է, որ նստում եմ աթոռին, որ առավոտ գնում եմ տուն, սափրվում, լողանում, փոխում հագուստս․․․մեկ էլ մի հատ ֆոտո են տարածել, որում ծխում եմ, գրում են՝ «սիգար ծխելով Վանեցյանն Արցախ է փրկում»․․․Վանեցյանը սիգար ծխում է վաղուց, ուստի ամոթ է․․․ այլ քննադատություն չեմ լսել եւ չի կարող լինել, որովհետեւ մեր գործն արդար է»։

200 000 մարդ հավաքելու մասին խոսքերը Վանեցյանին վերագրել են մերձիշխանական լրատվականները: Ապրիլի 19-ին մի քանի լրատվամիջոցներ ու ֆեյսբուքյան էջեր տարածեցին հոդված, որը պնդում էր՝ ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ և Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հայտարարել է, թե «երբ ոտքը գետնին խփի, 200 000 մարդ դուրս կգա փողոց»։

Հոդվածը հատկապես մեծ տարածում գտավ մերձիշխանական Freenews.am և Araratnews.am լրատվականների վերատպումից հետո։

Ինչպես նշում է Սիվիլնեթը, հոդվածի և տեղեկության սկզբնաղբյուրը Armenianews.net կայքն է, որի հրապարակած հոդվածում նշվում է, թե Վանեցյանը վերոնշյալ հայտարարությունն արել է իր մտերիմների հետ զրույցում, ինչն անհնարին է դարձնում դրա ստուգումը։

Infocom.am-ը դեռ ամիսներ առաջ պարզել էր, որ Armenianews.net կայքի հետևում կանգնած է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը։ Կայքը գրանցված է հենց նրա անունով և ստեղծվել է 2019-ի հուլիսին։ Չախոյանը վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնում նշանակվել է 2021-ի փետրվարին։

Armenianews.net կայքի մասին տեղեկատվություն who.is կայքում

Իսկ Freenews.am-ը պատկանում է «Ֆրի Նյուզ» ՍՊԸ-ին, որի երկու բաժնետերերն են Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Ղալեչյանը և Հասմիկ Դանիելյանը։ Իսկ ՍՊԸ-ի տնօրենն է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կինը՝ Մարիամ Մարգարյանը, որը նաև լրատվականի խմբագիրն է։

Araratnews.am-ը ևս փոխկապակցված է Ալեն Սիմոնյանի հետ։ Նա է 2013-ին հիմնադրել «Արարատ մեդիա գրուպ» ՍՊԸ-ն և մինչև 2018 թվականը եղել է araratnews.am-ի և «Արարատ» ամսագրի գլխավոր խմբագիրը։ Իսկ 2019-ի դրությամբ Մարիամ Մարգարյանն է եղել գլխավոր խմբագիր։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930