Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր սոցիալական պայմանագիր իշխանության և հասարակության միջև. Ռուբեն Վարդանյան

Ապրիլ 20,2022 22:00

Մաս 4

Սկիզբը՝ այստեղ

2018 թ.-ի գարնան իրադարձությունների ալիքի վրա իշխանության եկած նոր առաջնորդներին առաջարկվեց սոցիալական նոր պայմանագիր. կառավարությունը պարտավորվեց պայքարել կոռուպցիայի դեմ և ավելի մեծ հարգանք ցուցաբերել քաղաքացիների նկատմամբ։ Եվ իրոք, հասարակության մթնոլորտն սկսեց փոխվել դեպի լավը։ Քաղաքացիները, ձերբազատվելով նախկին իշխանությունների կողմից իրենց պարտադրված կացութաձևից, ավելի ազատ ու վստահ էին զգում իրենց։

Սակայն, միևնույն ժամանակ, ինչպես արդեն նշվեց, նոր իշխող վերնախավն իր իրավունքն էր համարում երկրի կառավարման մենաշնորհը՝ բարեփոխումների գործընթացին մասնակցելու հարցում չներգրավելով ո՛չ հասարակությանը, ո՛չ էլ Սփյուռքին։

Կառավարությունը ձևավորվել է ոչ թե արժանավարության ​​սկզբունքով՝ լավագույն կառավարիչների և ամենաորակյալ ու փորձառու մասնագետների ներգրավմամբ, այլ նոր առաջնորդներին ու նրանց գաղափարներին նվիրվածության սկզբունքով։

Իշխանության հին մեխանիզմը ո՛չ քանդվեց, ո՛չ փոխվեց, և կոռուպցիոն սվաղի բացակայության պայմաններում, որը նախկինում ապահովում էր ընթացքի հարաբերական սահունությունը, սկսեց ճաքեր տալ՝ դանդաղեցնելով բոլոր գործընթացները: Երկիրն առաջվա պես փակ մնաց։ Անվտանգության և կայունության ապահովման՝ նախորդ պայմանագրի առանցքային կետերի շուրջ խոսք իսկ չկա։

Մեզ անհրաժեշտ է կառավարության և հասարակության միջև նոր պայմանագիր՝ հիմնված ազգի ապագայի վերաբերյալ ընդհանուր պատկերացումների վրա, որը թույլ կտա, որ ավելի շատ խաղացողներ ազդեն քաղաքական գործընթացների վրա։

Կատարելապես պարզ է, որ մեզ անհրաժեշտ է կառավարության և հասարակության միջև նոր պայմանագիր՝ հիմնված ազգի ապագայի վերաբերյալ ընդհանուր պատկերացումների վրա, որը թույլ կտա, որ ավելի շատ խաղացողներ ուղղակի կամ անուղղակի կերպով ազդեն քաղաքական գործընթացների վրա՝ դրանով իսկ բարձրացնելով պետության քաղաքական ու տնտեսական ինստիտուտների ներառականությունը։ Ներառական հաստատություններն են, որ զարգացման խթաններ են ստեղծում, թույլ են տալիս պարգևատրել տաղանդներին ու ստեղծագործ գաղափարները և, հետևաբար, ավելի հավանական են դարձնում ազգի կայուն ու տևական բարգավաճումը:

Իմ կարծիքով, սոցիալական նոր պայմանագիրը պետք է հիմնված լինի հետևյալ հարցերի շուրջ բավարար կոնսենսուսի վրա.

  • Անվտանգություն. ԽՍՀՄ փլուզումից հետո բազմաթիվ սովետահայ սպաներ տեղափոխվեցին Հայաստան ու Արցախ և իրենց ներդրումն ունեցան մեր հաղթանակում։ Ցավոք սրտի, զինվորականների նոր սերունդների պատրաստման դպրոց մենք չենք ստեղծել։ Պետք է խոստովանել, որ բանակում ծառայելը պատիվ չի դարձել ո՛չ երիտասարդ տղամարդկանց, ո՛չ էլ, առավել ևս՝ աղջիկների համար։ Չնայած այն հանգամանքին, որ պրոֆեսիոնալ բանակի ստեղծումը մշտական ​​քննարկման թեմա է եղել, հասարակության մեջ բացակայում է այն ըմբռնումը, որ հայրենիքին ծառայելու պատրաստակամությունը երիտասարդների հայրենասիրական դաստիարակության կարևորագույն տարրն է։ Ցավով եմ փաստում, որ բանակի միավորումը ժողովրդի հետ տեղի չունեցավ.

Լուսանկարը՝ Դավիթ Հակոբյանի

Պրոֆեսիոնալ բանակի ստեղծումը մշտական ​​քննարկման նյութ է, սակայն բանակի համախմբում ժողովրդի հետ տեղի չունեցավ։

Պրոֆեսիոնալ բանակը բավարար չէ մեր պաշտպանունակությունն ապահովելու համար։ Մեզ անհրաժեշտ է քաղաքացիների աջակցությունը, հայրենիքին իրենց պարտքը վերադարձնելու երիտասարդների պատրաստակամությունը, հարկավոր են կամավորներ ու դաշնակիցներ։

Հայաստանը տարածքով փոքր և փոքրաթիվ բնակչությամբ երկիր է, սահմանափակ ռեսուրսներով, շրջապատված անբարյացակամորեն տրամադրված հարևաններով: Այս հանգամանքն ի մտի ունենալով՝ անհրաժեշտ է վերակառուցել մեր ողջ կենսակարգը. քաղաքացիական բնակչությունը պետք է գերազանց պատրաստ լինի ռազմական հակամարտության մշտական ​​սպառնալիքի ներքո ապրելուն, ինչպես Իսրայելի բնակչությունն է պատրաստ: Դրա համար հասարակության ու պետության միջև անհրաժեշտ է մշտական ​​երկխոսություն հաստատել երկրի առջև ծառացած մարտահրավերների մասին և հասկանալ, որ պրոֆեսիոնալ բանակը բավարար չէ մեր պաշտպանունակությունն ապահովելու համար։ Մեզ անհրաժեշտ են քաղաքացիների աջակցությունը, հայրենիքին իրենց պարտքը վերադարձնելու երիտասարդների պատրաստակամությունը, հարկավոր են կամավորներ ու դաշնակիցներ. մի խոսքով՝ լավ համակարգված մեխանիզմ։

Սակայն կարևոր է հասկանալ, որ անվտանգությունը չի սահմանափակվում բարձր պաշտպանունակությամբ, որը որևէ մեկին թույլ չի տա մտածել անգամ ինքնիշխան երկրի և նրա քաղաքացիների դեմ ռազմական գործողությունների մասին։ Խոսքը ավելի լայն ու ընդգրկուն հայեցակարգի՝ անվտանգ միջավայրի մասին է։ Անվտանգություն նշանակում է, որ քաղաքացիները չեն անհանգստանում քաղաքների փողոցներում գտնվող երեխաների և սահմաններին գտնվող մեր որդիների ու դուստրերի կյանքի համար, չեն վախենում կյանքի որևէ ոլորտում կամայականություններից։ Ազգի առողջությունը նույնպես ազգային անվտանգության խնդիր է։ Անհրաժեշտ է ոչ միայն արդյունավետ բուժել հիվանդացածներին, այլև նվազագույնի հասցնել և հնարավորության դեպքում կանխարգելել հիվանդացումը՝ կանոնավոր կերպով բնակչության անվճար բուժզննումներ անցկացնելով։ Նշեմ, որ բացի ծրագրերի իրականացման համար գոյություն ունեցող հարթակների շարքից, որոնց մասին կխոսվի ստորև, մեր գործընկերների հետ միասին ստեղծել ենք ևս մեկ՝ առողջապահության հարթակ։ Հուսով եմ, այս հարթակում տարբեր նախաձեռնությունների իրականացումը, ինչպիսիք են շաքարային դիաբետի կանխարգելման և բուժման կենտրոնի ստեղծումը կամ երկարակեցության առողջապահական բժշկական կենտրոնի ստեղծումը Դիլիջանում և շատ ուրիշներ, հնարավորություն կտան երկրի բնակիչներին ապահովելու որակյալ բժշկական ծառայությունների մատչելիությամբ և կնպաստեն, որ Հայաստանը դառնա բժշկական զբոսաշրջության համաշխարհային առանցքային կենտրոններից մեկը։

Առաջնահերթ ուշադրություն պետք է դարձվի ներմուծվող ու տեղական սննդամթերքի և դեղամիջոցների որակի չափորոշիչների խստիվ պահպանմանը, խմելու ջրի մաքրության առկայությանը և սանիտարական բարձր մակարդակին: Բնակարանային ֆոնդի վիճակը, կենսոլորտի պահպանումը, բնական ռեսուրսների շահագործման բարբարոս մեթոդների անթույլատրելիությունը, քաղաքային առողջ միջավայրը, տրանսպորտային և շինարարական անվտանգ ենթակառուցվածքները, վնասակար արդյունաբերության բացակայությունը` այս ամենը, քաղաքացիների ֆիզիկական անվտանգությանը զուգընթաց, ազգի առողջության ապահովման անհրաժեշտ պայմաններ են։

Պարենային անվտանգության ծրագրի շրջանակներում «Climate Uturn» հարթակում մշակվում է սննդամթերքի ստանդարտների համակարգ: Միևնույն ժամանակ, նախապատրաստվում է դեղատներում վաճառվող և մարդկանց առողջության համար իսկապես լուրջ վտանգ ներկայացնող կեղծված ու ժամկետանց դեղամիջոցների հայտնաբերման, առգրավման և ոչնչացման ծրագիր։

Հայաստանի բնակչության 30%-ից ավելին այսօր մտածում է երկիրը լքելու մասին, իսկ նրանց երկու երրորդն արդեն իսկ ընդունել է արտագաղթելու որոշումը։

Անվտանգությունն ուղղակի կապ ունի բարգավաճման հետ. որքան ուժեղ է տնտեսությունը, այնքան երկիրն ավելի շատ հնարավորություններ ունի նշանակալից ներդրումներ գրավելու ոչ միայն իր սահմանների պաշտպանության, այլ նաև լայն իմաստով անվտանգություն ապահովելու համար, իսկ անվտանգ և զարգացում խթանող միջավայրն իր հերթին նպաստում է բարեկեցության աճին։

Անվտանգության մյուս խիստ կարևոր կողմը բնակչության միգրացիոն նվազումն է: Իրերի ներկայիս դրությունը վտանգի տակ է դնում երկրի և ամբողջ ազգի անվտանգությունը՝ մարդկանց դրդելով արտագաղթի, ստիպելով, որ ավելի ապահով ապաստան փնտրեն: Սոցիոլոգիական հարցումների համաձայն, Հայաստանի բնակչության 30%-ից ավելին, այսինքն՝ փաստորեն բնակչության մեկ երրորդը, այսօր մտածում է երկիրը լքելու մասին, իսկ նրանց երկու երրորդն արդեն իսկ ընդունել է արտագաղթելու որոշումը։

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Ներկա իրողությունները մարդկանց ստիպում են ավելի ապահով ապաստարան փնտրել:

Անվտանգության դեմ վտանգ է ստեղծում նաև գյուղական բնակավայրերից խոշոր քաղաքներ և հիմնականում դեպի մայրաքաղաք արտագաղթը՝ անհավասարակշռություն մտցնելով զարգացման մեջ։ Այս իրավիճակում, երբ երկրի բնակչության մեկ երրորդն ապրում է մայրաքաղաքում, իսկ մեծությամբ երկրորդ քաղաքում բնակիչների թիվը տասնապատիկ պակաս է, հնարավորությունների հավասարության մասին խոսելն ավելորդ է։ Առավել ևս, երբ բնակչության մեկ երրորդն ապրում է գյուղական բնակավայրերում։ Անհրաժեշտ է, որ մարզերը համաչափ զարգանան, ինչն աստիճանաբար կհարթեցնի տարբերությունները։ Այդ նպատակով ես և իմ գործընկերներն առանձնացրել ենք աջակցության մի քանի գոտիներ, որոնցում կենտրոնացած են մեր խարսխային ծրագրերը.

  1. Տաթև – Գորիս,
  2. Դիլիջան – Սևան,
  3. Գյումրի – Անի,
  4. Երևան – Էջմիածին։

Ընտրությունը հիմնված էր այն աննկատ ակտիվների խոր վերլուծության վրա, որոնք անհրաժեշտ ենք համարում զարգացնել: Առաջնայնության յուրաքանչյուր մարզ ունի իր առանձնահատկությունները. «Տաթև – Գորիս»՝  մշակութային ժառանգություն, զբոսաշրջություն, «Դիլիջան – Սևան»՝ կրթություն, բժշկություն, միջազգային հարաբերություններ, «Երևան – Էջմիածին»՝ մշակույթ, քաղաքաշինություն, զբոսաշրջություն, բարձր տեխնոլոգիաներ, բանկային ոլորտ, «Գյումրի – Անի»՝ զբոսաշրջություն, մշակույթ, բարձր տեխնոլոգիաներ, արհեստներ և այլն:

Հավասարապես կարևոր են նաև անվտանգության, ներգաղթի և ժողովրդագրության կտրվածքները: Մեր իրավիճակի անկայունության ցուցիչը կարող է լինել ոչ միայն բնակչության անկումը, այլև նրա միջին տարիքը։ Հայաստանի բնակչության թիվը, ըստ CIA World Factbook-ի, 3.011.609 է։ Հայաստանում միջին տարիքը 36,6 է, իսկ Ադրբեջանում ու Թուրքիայում՝ ավելի ցածր (համապատասխանաբար` 32,6 և 32,2 տարեկան)[i]։ Նվազող ու ծերացող բնակչությունը սահմանափակում է երկրի զարգացման հնարավորությունները, քանի որ աշխատաշուկան բախվում է ժողովրդագրական սահմանափակությանը: Միաժամանակ աճում են սոցիալական կարիքների և կենսաթոշակային վճարումների վրա պետական ​​ծախսերը։ Իսկ դրանից երկիրը նվազ գրավիչ է դառնում միջազգային զարգացման ինստիտուտների, ինստիտուցիոնալ ներդրողների և զարգացած դոնոր պետությունների համար:

Կարևոր է ապահովել այն կարգի միգրանտների ներհոսքը երկիր, որոնք ապահովում են կապիտալի ու տաղանդի կենտրոնացումն այն վայրերում, ուր ուղղվում են նրանց հոսքերը։

Ինչ վերաբերում է ներգաղթային կողմին, ապա դրդապատճառները, որոնցով շարժվում են գլոբալ հոսքում գերակշռող կամավոր միգրանտները, կարող են տարբեր լինել, ինչպես՝ իրենց և իրենց ընտանիքների համար ավելի բարձր կենսամակարդակ ու կայուն կենսապայմաններ ապահովելու մարդկանց ցանկությունը, ինքնիրացման ձգտումը, հարկումն օպտիմալացնելու և ներդրումային ավելի հրապուրիչ միջավայր ունեցող երկիր գտնելու ունևորների ձգտումը։ Կարևոր է ապահովել այն կարգի միգրանտների ներհոսքը երկիր, որոնց կազմում կան որակյալ մասնագետներ։

Լուսանկարը՝ FAST հիմնադրամ

Բարձր տեխնոլոգիաների ոլորտի լավագույն մասնագետների ներհոսքը երկիր հնարավորություն կտա բեկում մտցնելու զարգացման գործում։

 

Հետաքրքիր է Շվեյցարիայի օրինակը, որը տասնամյակներ շարունակ եղել է համաշխարհային ֆինանսական կենտրոն, սակայն վերջին տարիներին աշխարհի տարբեր երկրներից գրավել է բարձր տեխնոլոգիաների ոլորտի լավագույն մասնագետներին և հսկա թռիչք կատարել այդ ոլորտում։ Լուրերից հաճախ ենք տեղեկանում բիզնեսի կամ մշակույթի աշխարհի հերթական հայտնի գործչի մասին, որը որոշել է փոխել իր բնակության երկիրը։ Բավականին հաճախ իրենց հայրենիքը լքում են տարեց մարդիկ, որոնք այս կամ այն ​​պատճառով նախընտրում են կյանքի մնացած մասն անցկացնել այլ երկրում։ Թվային առումով այդ խումբը մեծ չէ, բայց նման տեղափոխությունները հանգեցնում են կապիտալի կենտրոնացման այն վայրերում, ուր դրանք ուղղվում են, և այդ հանգամանքն, անկասկած, դրականորեն է ազդում համապատասխան երկրի կամ կազմավորման տնտեսության վրա։ Ստորև նորից անդրադառնալու եմ ներգաղթի խնդրին։

 

ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Էվոլյուցիոն վիզիոներ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության, UWC Դիլիջան միջազգային դպրոցի, FAST հիմնադրամի, «Մատենա» միջազգային դպրոցի և այլ նախագծերի համահիմնադիր

 

[i] CIA World Factbook-ի տվյալները 09/09/2021-ի դրությամբ. https://www.cia.gov/the-world-factbook/ (15.09.2021)։

 

Շարունակելի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930