Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուսանող, միացիր, Նիկոլ հեռացիր»․ կարմիր ժապավեններով բողոքի ցույցեր բուհերում

Ապրիլ 20,2022 12:47

«Ուսանող, միացիր, Նիկոլ հեռացիր, համախմբում»,-այս պահին Երևանի փողոցներում անցկացվում է այսպիսի կարգախոսով բողոքի երթ՝ դեպի Երևանում գործող բուհեր։

5165 շարժման անդամներն Ազատության հրապարակից երթով շարժվեցին դեպի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան, Ագրարային համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Երևանի պետական համալսարան, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ և Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարաններ։

5165 շարժման անդամ Մենուա Սողոմոնյանը Ազատության հրապարակում հայտարարեց․ «Իշխանությունները հայտ են ներկայացրել, ասում են՝ տալիս ենք Արցախը, դուք համաձա՞յն եք։ Եթե ձայն չեք հանում, ուրեմն համաձայն եք»։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ չի՞ կարծում, որ ինչպես Նիկոլ Փաշինյանի կազմակերպած բողոքի ցույցերին, այնպես էլ հիմա անհրաժեշտ է, որպեսզի բուհերում լինեն աջակից ուսանողների խմբեր։

Մենուա Սողոմոնյանը պատասխանեց․ «Ուսանողական խորհուրդների հետ չենք շփվել այս առումով, ակնկալում եմ, որ հենց նրանք ակտիվ պիտի լինեն այս հարցում։ Սա քաղաքական հարց չէ, բոլորն էլ լավ պատկերացնում են։ Կոչ եմ անում, որ ակտիվություն հանդես բերեն։ Հատուկ խմբեր, բջիջներ, բուհերում այսպես կոչված «յաչեյկաներ» չկան: Ինքս դասախոս եմ, դասավանդում եմ, դասն ըստ թեմայի է տեղի ունենում, դասից դուրս ունենում ենք քննարկումներ։ Երբ 1988-ին բուհերի ղեկավարները դրական էին տրամադրված, նաև ղեկավարում էին շարժումը, այս անգամ էլ այդպես պիտի լինի։ Թող իրենք դահլիճներում, հենց բուհերի ներսում այս քննարկումները կազմակերպեն այս դասախոսները, ղեկավարները, որոնք համաձայն չեն Արցախը Ադրբեջանին տալու»։

Մենուա Սողոմոնյանն ասաց, որ նաև գնալու են ԱԳՆ-ի մոտ, կոչ արեց միանալ իրենց, ինչպես նաև ժամը 19։00 հավաքվել Ազատության հրապարակում՝ միանալով շարժմանը։

Երթի մասնակիցները նաև համաքաղաքացիներին հորդորեցին փողոցներում քայլել կարմիր ժապավեններ կապած, մեքենաների վրա ևս կարմիր ժապավեններ կապեն, որպեսզի դրանով ցույց տան, որ Նիկոլ Փաշինյանն անցել է կարմիր գիծը, և պետք է նրան հեռացնել քաղաքականությունից։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930