ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանն երեկ այցելել է Ազատության հրապարակում անժամկետ հացադուլ հայտարարած Նվեր Կիրակոսյանին և Արթուր Ավագյանին, փոխանցել նրանց Արցախի Հանրապետության նախագահի՝ հացադուլը դադարեցնելուն ուղղված կոչը, քանի որ յուրաքանչյուր երիտասարդ հայի առողջությունն ու կյանքն անչափ կարևոր են։
Հանդիպման ժամանակ զրուցակիցները մտքեր են փոխանակել Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի և այս հարցում համազգային միասնական դիրքորոշում ունենալու կարևորության մասին, ներկայացուցիչը տղաներին է փոխանցել Արցախ այցելելու Արցախի Հանրապետության նախագահի հրավերը»։
Ավելի վաղ, ի պատասխան Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի՝ հացադուլը դադարեցնելու կոչին, հացադուլավոր Նվեր Կիրակոսյանը գրել էր. «Հարգելի Գեղամ Ստեփանյան, շնորհակալ ենք ուշադրության, արձագանքի համար: Չենք համարում, որ հացադուլն իր նպատակին ծառայել է, ուստի շարունակելու ենք հացադուլը: Խոստանում ենք՝ Արցախում անպայման կհանդիպենք»: