Լրահոս
Օրվա լրահոսը

Մեսրոպ Առաքելյան. «Կարեն Դեմիրճյանի կառավարման տարիներին փորձ էր արվում կառուցելու Բաքվից դեպի Նախիջեւան ճանապարհը, ինչը Կարեն Դեմիրճյանը խափանել է՝ ունենալով լուրջ կոնֆլիկտներ Մոսկվայի հետ»

Ապրիլ 20,2022 11:36

Պետական, քաղաքական ականավոր գործիչ Կարեն Դեմիրճյանի 90-ամյակի առիթով մայրաքաղաքի կենտրոնում գտնվող այգիներից մեկում համերգային միջոցառման ժամանակ Aravot.am-ը զրուցել էր գլխավոր կազմակերպիչ, «Ապրելու երկիր» հիմնադրամի համանախագահ, աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար եւ վարչապետի նախկին խորհրդական Մեսրոպ Առաքելյանի հետ, որը ժամանակին հրաժարական է տվել իր զբաղեցրած պաշտոններից:

-Պարոն Առաքելյան, այս օրերին ոմանք հիշեցին Ղարաբաղյան շարժման ժամանակ դեռեւս Հայաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանի արտահայտությունը, թե Ղարաբաղն իր գրպանում չէ, որ հանի ու տա: Սակայն տարիներ անց Կարեն Սերոբիչը սպարապետ Վազգեն Սարգսյանի հետ միավորվելով հիմնադրեց «Միասնություն» դաշինքը եւ ձեռնամուխ եղավ Հայաստանի եւ ազատագրված Արցախի շենացմանը: Ի՞նչ կասեք այս մասին:

-Կարեն Դեմիրճյանի կառավարման տարիներին մենք Խորհրդային Միության մաս ենք կազմել: Փաստ է, որ Խորհրդային Ադրբեջանի հետ հարաբերությունները այնքան էլ հաշտ չեն եղել: Բազում անգամներ սահմանների եւ տարածքների հետ կապված խնդիրներ եղել են, եւ Կարեն Դեմիրճյանը հստակ պահել է հայկական դիրքորոշումը: Ու նաեւ շատ կարեւոր է, որ Կարեն Դեմիրճյանի կառավարման տարիներին փորձ էր արվում կառուցելու Բաքվից դեպի Նախիջեւան ճանապարհը, ինչը Կարեն Դեմիրճյանը խափանել է՝ ունենալով լուրջ կոնֆլիկտներ Մոսկվայի հետ: Իսկ որպես պատասխան քայլ, կառուցվել է նաեւ այսօր մեր համար ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող Կապան-Քաջարան ավտոճանապարհը:

Պետք է նշել նաեւ, որ հայ ժողովրդի 88-ի պոռթկումը, որ եղավ, դա նաեւ կրթական, գիտական, հայրենասիրական միջավայրի դրսեւորումն էր, որը սերմանվել էր, կար նախորդող տասնամյակներին: Բազմաթիվ են եղել դեպքերը, երբ Կարեն Դեմիրճյանի նախաձեռնությամբ Արցախի հարցի քննարկումներ են եղել նաեւ խորհրդային ղեկավարների շրջանում:

1999 թվականին Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի միավորման մասին կարող եմ ասել, որ այն ժամանակ ունեինք ժողովրդի կողմից սիրված իշխանություն եւ համոզված եմ, որ այդ տանդեմը ի զորու էր երկրի առջեւ ծառացած մարտահրավերները լուծել: Ցավոք, հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը խափանեց դա: Եվ չեմ վարանի ասել, որ դրանից հետո խնդիրները անընդհատ հաջորդում են միմյանց եւ մենք ունեցանք բոլորովին այլ Հայաստան՝ բազմաթիվ մարտահրավերներով: Սա, միանշանակ, Դեմիրճյանի պատկերացրած Հայաստանը չէր:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930