Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ-ն թույլ չի տա, որ Երեւան-Բաքու-Մոսկվա եռակողմ համաձայնությունները ստվերում մնան

Ապրիլ 20,2022 11:00

Մոսկվայի անհանգիստ ակտիվությունը միանգամայն հասկանալի է

Անցյալ շաբաթ Հայաստանում էր ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆոն, իսկ այս շաբաթ Երեւան ժամանեց ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերը:

Ապրիլի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունեց Էնդրյու Շոֆերին: ՀՀ ԱԳՆ-ի տարածած մամլո հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ զրուցակիցները մտքեր են փոխանակել համապարփակ խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցություններ սկսելու վերաբերյալ: «Այդ համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական դերը: Կարեւորվել է սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացումը: Արարատ Միրզոյանը Էնդրյու Շոֆերին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը։ Կողմերը մանրամասն քննարկել են 44-օրյա պատերազմի հետեւանքով առաջացած հումանիտար խնդիրները` մասնավորապես հայ ռազմագերիների եւ այլ պահվող անձանց անհապաղ ազատ արձակման եւ հայրենադարձման, ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային եւ կրոնական ժառանգության պահպանման հարցերը», ասվում էր հաղորդագրությունում։

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի եւ Էնդրյու Շոֆերի հանդիպմանը Գրիգորյանը ներկայացրել է վերջերս ադրբեջանական զինված ուժերի ներխուժման արդյունքում Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: «Քարտուղարը նաեւ վերահաստատել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ աջակցելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տեւական եւ համապարփակ կարգավորման համար: Համանախագահ Էնդրյու Շոֆերն ընդգծել է, որ ԱՄՆ-ն շարունակում է հավատարիմ մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում իր ստանձնած մանդատին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանում խաղաղության հաստատման եւ անվտանգային հարցերի շուրջ», նշված էր ԱԽ-ի տարածած մամլո հաղորդագրությունում:

Նույն օրը երեկոյան ԵԱՀԿ ՄԽ-ի ԱՄՆ համանախագահ Էնդրյու Շոֆերին ընդունեց նաեւ Նիկոլ Փաշինյանը: Վերջինս կարեւորել է ԱՄՆ դերը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություն եւ ողջունել Էնդրյու Շոֆերի այցը, ինչը՝ «հնարավորություն կտա քննարկել իրավիճակը Լեռնային Ղարաբաղում եւ այս համատեքստում տեղի ունեցող գործընթացները»: Նրանք ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորման գործում։ «Անդրադարձ է կատարվել հումանիտար խնդիրներին, ինչպես նաեւ խաղաղության պայմանագրի շուրջ Ադրբեջանի հետ բանակցություններ սկսելու հնարավորությանը: Այս առումով, ՀՀ վարչապետը շեշտել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության եւ համանախագահ երկրների միջնորդական դերը», ասվում էր կառավարության տարածած մամլո հաղորդագրությունում:

Այսպես, չնայած Մոսկվայից շարունակ ԵԱՀԿ ՄԽ-ի գործունեության դադարի վերաբերյալ մի քանի հայտարարություններին՝ ԵԱՀԿ ՄԽ-ում Ֆրանսիացի, ապա ամերիկացի համանախագահները ժամանեցին Հայաստան: ՀՀ իշխանությունների հետ նրանց հանդիպումներին շեշտվել է ԵԱՀԿ ՄԽ-ի միջնորդական դերը, պաշտոնական Երեւանը վերահաստատել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ աջակցելու ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների ջանքերին: Ըստ ամենայնի, ֆրանսիացի եւ ամերիկացի համանախագահները կշարունակեն Երեւանի հետ երկկողմ շփումները, քանի որ ՌԴ-ի հետ ռուս-ուկրաինական պատերազմի համատեքստում Արեւմուտքը դադարեցրել է Մոսկվայի հետ շփումները:

Ռուսաստան-Արեւմուտք աննախադեպ լարվածությունը, բնական էր, որ կանդրադառնա նաեւ մեր տարածաշրջանի խնդիրների վրա: Այժմ Մոսկվայի որոշակի ակտիվությունը ինչ-որ առումով, վկայում է նաեւ այն մասին, որ ռուսական կողմը չի վստահում Հայաստանի եւ արեւմտյան գործընկերների հետ շփումներին եւ, թերեւս, մտավախություն ունի, որ պաշտոնական Երեւանը կարող է պայմանավորվածություններ ձեռք բերել Արեւմուտքի հետ:

Նկատենք, որ ապրիլի 18-ին կայացել էր Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, որի ընթացքում քննարկվել է Բրյուսելում կայացած Փաշինյան-Ալիեւ-Միշել հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, տարածաշրջանում ստեղծված իրավիճակը: «Փաշինյանը եւ Միշելը քննարկել են նաեւ ԵՄ-ի Արեւելյան գործընկերության տնտեսական եւ ներդրումային պլանի շրջանակներում Հայաստանին 2.6 միլիարդ եվրո հատկացնելու պայմանավորվածության կատարման ընթացքը, ընդգծել ներդրումային փաթեթով նախատեսված ծրագրերի արդյունավետ իրագործման կարեւորությունը: Շառլ Միշելը վերահաստատել է Հայաստանի համար նախատեսված ներդրումային ծրագիրը լիարժեք կերպով իրականացնելու ԵՄ հանձնառությունը եւ ընդգծել ծրագրերի գործնական իրագործման փուլը հնարավորինս արագ սկսելու կարեւորությունը»:

Հարկ է նշել, որ Ադրբեջանի նախագահը վերջերս գոհունակությամբ էր խոսել Եվրամիության դերակատարության, մասնավորապես՝ Շառլ Միշելի միջնորդությամբ Հայաստանի վարչապետի հետ եռակողմ հանդիպման արդյունքների մասին. «Իհարկե, թե՛ փորձագետները, թե՛ ադրբեջանական հանրությունը տեսան, որ այդ հանդիպման վերջնական հայտարարությունում չկա «Լեռնային Ղարաբաղ» անվանումը, ինչը բնական է. Ադրբեջանն ընդդիմանում էր դրան: Չկա նաեւ «հակամարտություն» բառը։ Դա եւս բնական է, քանի որ հակամարտություն չկա, այն լուծված է»:

Հիշեցնենք, որ բրյուսելյան բանակցային ռաունդից հետո նշվում էր, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ մի շարք կարեւոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել։ «Գերազանց եւ շատ արդյունավետ»,-այսպես էր ներկայացրել Շառլ Միշելն իր միջնորդությամբ ու մասնակցությամբ նախօրեին Բրյուսելում տեղի ունեցած Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը։

Ավելի քան չորս ժամ տեւած բանակցությունների արդյունքներով Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւը պայմանավորվել են մինչեւ ապրիլի վերջ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով ստեղծել, որը օժտված կլինի նաեւ սահմանի երկայնքով անվտանգություն եւ կայունություն ապահովելու հարցերով: Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդները նաեւ ԱԳ նախարարներին հանձնարարեցին սկսել երկու երկրների միջեւ խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները: Սակայն կողմերը չէին հստակեցնում՝ արդյոք Բաքուն ընդունել է խաղաղության համաձայնագրի իր հինգ կետանոց առաջարկներին պաշտոնական Երեւանի լրացումները՝ Ղարաբաղի ապագա կարգավիճակի հստակեցման վերաբերյալ։ Նախագահ Միշելը միայն ասել էր, որ այդ գործընթացում շոշափվելու են խաղաղության հավանական համաձայնագրին առնչվող բոլոր կարեւոր բաղադրիչները, նա, սակայն, մանրամասներ չի նշել։ Հայաստանի, Ադրբեջանի եւ Եվրոպական խորհրդի ղեկավարների հանդիպման արդյունքում տարածված հայտարարության մեջ պատահաբար չէր ներառվել դրույթը, ըստ որի՝ խաղաղության ապագա պայմանագիրը պետք է անդրադառնա «անհրաժեշտ բոլոր հարցերին», «Ազատությանն» ավելի ուշ պարզաբանել էր բանակցություններին մոտ կանգնած եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ապագա քննարկումները ներառելո՞ւ են նաեւ Ղարաբաղի կարգավիճակի հարցը։ «Այդ արտահայտությունը պատահմամբ չէր այնտեղ», – նշել էր դիվանագետը՝ անանուն մնալու պայմանով, եւ ընդգծել՝ «այն, որ արտգործնախարարները այժմ պետք է աշխատեն խաղաղության պայմանագրի նախապատրաստման վրա, նշանակում է, որ կլինեն պարբերական հանդիպումներ եւ շարունակական ներգրավվածություն Եվրամիության կողմից»։

Ստացվում է, որ Ալիեւը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը համարում է՝ «դե ֆակտո անվավեր», ինչպես վերջերս էր բնորոշել, սակայն նա գոհ է Բրյուսելում կայացած բանակցությունների արդյունքից: Ինչ վերաբերում է պաշտոնական Երեւանին, ապա Նիկոլ Փաշինյանն ամփոփելով բրյուսելյան բանակցությունները՝ նշել էր, թե Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխիքները, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի ճշգրտումը պիտի դառնան բանակցությունների առարկա:

Փաստենք նաեւ, որ Բրյուսելում եռակողմ հանդիպման համաձայնությունների առիթով Ադրբեջանի ԱԳՆ-ն արձանագրել էր, որ դրանք համապատասխանում են Բաքվի շահերին: Գերատեսչությունը այդ հանդիպումը գնահատել էր որպես՝ կարեւոր քայլ տարածաշրջանային անվտանգության հարցում. «Բրյուսելում Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդների հանդիպումը՝ Եվրամիության խորհրդի նախագահի մասնակցությամբ, կարեւոր քայլ է խաղաղության ու անվտանգության պայմաններում տարածաշրջանի ապագա զարգացումն ապահովելու գործում եւ համապատասխանում է Բաքվի շահերին»։

Մոսկվայի վերջին օրերի անհանգիստ ակտիվությունն, այս առումով, միանգամայն հասկանալի է: Կրեմլը պաշտոնապես դրական գնահատեց խաղաղ բանակցությունների գործընթաց սկսելու Երեւանի եւ Բաքվի որոշումը, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել էր. «Դրական է։ Հասկանալի է, որ սա շատ եւ շատ երկարատեւ գործընթաց է, սակայն նման փաստաթղթի կնքման ուղղությամբ առաջընթացն ինքնին դրական փաստ է եւ ողջունելի է», սակայն պարզ է, որ Մոսկվան թույլ չի տա, որպեսզի Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ պայմանավորվածություններն, այսպես ասած՝ ստվերում մնան:

Բրյուսելում ձեռքբերված պայմանավորվածությունները, ռուսական կողմի պատկերացմամբ, չպետք է նվազեցնեն Ռուսաստանի միջնորդական ջանքերը, որով ռուսական կողմը հպարտանում է, եւ պարբերաբար հիշեցնում է դրանց մասին:

Փաշինյանի պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնություն, թերեւս, կհստակեցվի կարեւորագույն հարցը, թե պաշտոնական Երեւանը որ կողմում է մնում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 20.04.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930