ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը ապրիլի 18-ին տեղի ունեցած ճեպազրույցում ասել է, որ տեղեկություն չունի, թե ինչ կարգավիճակով է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերը գտնվում Հայաստանում:
«Ես չեմ տիրապետում այդ անձի ճամփորդության վերաբերյալ մանրամասներին, կամ ինչ կարգավիճակով է նա գործում այս պահին, բայց մենք ձեզ կպատասխանենք, եթե ավելացնելու բան ունենանք»,- ասել է Փրայսը ի պատասխան այն նկատառմանը, որ Պետդեպն իր թուիթում նշել է, որ Շոֆերը Կովկասի հարցերով ավագ խորհրդական է:
Հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը կարող է հետևել Ռուսաստանի և Ֆրանսիայի օրինակին և հանել Մինսկի խմբի համանախագահին, և թե ինչպես է ԱՄՆ-ը պատկերացնում իր դերակատարությունը հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրում, Փրայսն ասել է.
«Մենք հավատարիմ ենք մնում Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ, ժողովրդավարական և բարգավաճ ապագայի խթանմանը: Մենք կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել ակտիվացնել իրենց դիվանագիտական ներգրավվածությունը և օգտագործել ուղղակի ներգրավվածության գոյություն ունեցող մեխանիզմները՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր չլուծված հարցերին համապարփակ լուծումներ գտնելու և հարաբերությունները կարգավորելու համար՝ համապարփակ խաղաղության համաձայնագիր կնքելու միջոցով:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է մեր դերին, մենք պատրաստ ենք աջակցել Հայաստանին և Ադրբեջանին այդ ջանքերում, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր: Եվ այսպես, երբ խոսում ենք գոյություն ունեցող մեխանիզմների մասին, իհարկե, ԵԱՀԿ Մինսկի խումբը դրա մի մասն է։
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ