«Իմ պաշտոնավարման ժամանակ Արցախի կարգավիճակի հարցում նշաձողի իջեցման պահանջ չի եղել, եւ, եթե խելամիտ վարվենք, ապա կարող ենք նվազագույնը ապահովել»,-այս մասին այսօր Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց արտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազյանը։
Նա եկել էր հանդիպելու «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանին: Նրա խոսքով, իր ժամանակ նման հարց չի եղել. «Եթե հիշում եք, եղել է մի քանի հայտարարություն համանախագահների կողմից, մասնավորապես կհիշեցնեմ դեկտեմբերի 3-ին եւ ապրիլի 13-ին եւ այնտեղ, կարծում եմ, այն շեշտադրումները, որ արել են, լիովին համապատասխանում է մեր ազգային ու պետական շահերին»:
Նախկին նախարարը վստահություն հայտնեց, որ դիվանագիտության միջոցով կարող ենք մեր մեջքն ուղղել եւ ապահովել մեր ազգային ու պետական շահերը։
Կարդացեք նաև
«Հիմա չեմ ուզում գնահատական տալ, բայց ինձ թվում է, որ բավական աշխատանք էր տարվել եւ որոշ շեշտադրումներ միջազգային հանրության կողմից ապահովել էինք»,-ասաց Արա Այվազյանը՝ նշելով, որ իր պաշտոնավարման ժամանակ ՀՀ հռետորաբանությունն ու թիրախավորումն այլ է եղել, իսկ թե ինչ է տեղի ունեցել այս մեկ տարվա ընթացքում, չի կարող ասել:
«Բայց, եթե վերլուծենք, պատերազմով չի ավարտվել գործընթացը, եթե տեսնում ենք, թե ինչ է կատարվում մեր շուրջը, ապա հասկանում ենք, որ այն փոշին, որ բարձրացել է պատերազմից հետո, ենթադրում է, որ գործընթացները շարունակվում են, աշխարհաքաղաքական գործընթացներ են տեղի ունենում, եւ սա ոչ միայն Հայաստան–Ադրբեջան առանցքի մեջ է, սա շատ ավելի լուրջ է, եւ կարող է թվալ, որ Հայաստանը Հարավային Կովկասում ամենաթույլ երկիրն է, բայց Հայաստանի դիրքորոշումից շատ–շատ բան է կախված, թե այստեղ, այս տարածաշրջանում աշխարհաքաղաքական ինչ եղանակ կլինի ապագայում։ Ես փորձեցի հասկացնել ձեզ»:
Անդրադառնալով Ադրբեջանի առաջադրած 5 պահանջներին՝ Արա Այվազյանն ասաց, որ Ադրբեջանի պահանջն առաջին հերթին վերաբերում է իր տարածքային ամբողջականությունը ճանաչելուն. «Իսկ ինչու՞ մենք նույն հարցը չենք տալիս Ադրբեջանի նախագահին՝ ինքը ճանաչո՞ւմ է Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Եթե այո, ապա պարտավոր է օր առաջ դուրս բերել իր զորքերը»։
Արա Այվազյանը նաեւ ասաց, որ զորքերի հայելային հետքաշման մասին իր բացասական կարծիքը հայտնել է Նիկոլ Փաշինյանին եւ ժամեր անց հրաժարական է տվել:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ