Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարծում եք՝ ինձ չե՞ն նկատի։ Ինձ դժվար է չնկատելը»

Ապրիլ 20,2022 13:00

Հարցազրույց օպերային սոպրանո Կատարինա Ֆարզադյանի հետ

– Կատարինա, ձեզ առաջին եւ միակ անգամ հանդիպել ենք 2021թ. աշնանը, Երեւանի օպերային թատրոնում՝ Ջանետայի դերերգով՝ Դոնիցետիի «Սիրո ըմպելիք» օպերայի համերգային կատարման ժամանակ, իտալացի դիրիժոր Ալեսանդրո Բոնատոյի ղեկավարությամբ։ Մեզ հասած տեղեկություններով՝ դուք ծնունդով Մոսկվայից եք, ուսանել եք Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում եւ, ասում են, որ դեռեւս ուսման տարիներին ունեցել եք զգալի հաջողություններ, հիմա էլ համալրել եք մեր օպերային թատրոնի Երիտասարդական օպերային ծրագրի (ղեկավար՝ Լեւոն Ջավադյան) երգիչների ցանկը։ Չե՞ք կարծում, որ Մոսկվայում նոր-նոր կարիերա սկսող երիտասարդ արվեստագետի դեպքում փոքր-ինչ տարօրինակ է վերադարձը հայրենիք, թեկուզեւ կատարելագործվելու կամ բեմական գործունեություն ծավալելու համար։

– Տարօրինակ ոչինչ չկա։ Ինձ համար պատիվ էր ծննդյանս օրը՝ հոկտեմբերի 22-ին, հայրենիքիս օպերային թատրոնում հանդես գալը։ Այո, ուսանել եմ Մոսկվայի կոնսերվատորիայում, ճանաչված անուններ՝ մեր հայրենակից Քրիստինա Մխիթարյանի եւ «Գրեմմիի» մրցանակակիր Ելենա Զարեմբայի դասարաններում, վարպետության դասընթացների եմ մասնակցել` Կարինա եւ Ռուզաննա Լիսիցյանների ղեկավարությամբ։ 2019թ. կոնսերվատորիայում ուսումնառությանս տարիներին հանդես եմ եկել կոնսերվատորիայի օպերային ստուդիայում Մյուզետայի դերերգով՝ Պուչինիի «Բոհեմ» օպերայում, Վյաչեսլավ Վալեեւի ղեկավարությամբ։ Ներկայացրել եմ նաեւ Զեմֆիրայի դերերգը՝ Ռախմանինովի «Ալեկո» եւ Տատյանայինը՝ Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերաներում։ Մասնակցել եմ բազմաթիվ համերգների՝ անվանի դիրիժորների ղեկավարությամբ։ Արդեն նշեցի մաեստրո Վալեեւի անունը, որը «Բոլշոյ» թատրոնում ղեկավարում է ներկայացումներ, կուզեի բարձրաձայնել նաեւ Կոլոբովայի անվան «Նովայա օպերայի» դիրիժոր Ալեքսանդր Ժիլենկովի անունը եւ այլն։

– Հետաքրքիր է՝ նպատակաուղղվա՞ծ եկաք Երեւան եւ ուղիղ օպերային թատրոն։

– Երեւանի օպերային թատրոնի Լեւոն Ջավադյանի ղեկավարած ծրագրի մասին տեղեկացել էի Մոսկվայում, եւ Երեւանի թատրոնում Ջանետայի դերերգով ներկայանալը համարում եմ կարիերայիս սկիզբը, մանավանդ որ ներկայացմանը մասնակցում էին բացառապես իմ տարեկիցները՝ ծրագրի մեներգիչները։


– Մոսկվան կամ ընդհանրապես՝ Ռուսաստանը, հարուստ է օպերային թատրոններով, այնուամենայնիվ, ինչո՞ւ գոնե փորձ չեք արել կարիերան սկսել դրանցից մեկում։

– Դրա համար միայն բարձրակարգ ուսում եւ վոկալ ունենալը դեռ բավական չէ… (ժպտում է- Ս. Դ.)։

– Այսինքն՝ հայրենիքում ձեր հիմնավորվելու մտադրությունը հաստատ է եւ ունեք առաջիկա ծրագրեր, հավանաբար ամենաառաջինը՝ դառնալ մեր թատրոնի մեներգչուհի։

– Իհարկե, մեծ սիրով ու հաճույքով, բայց այս պահին ծրագրերիս մասին հստակ որեւէ բան չեմ կարող ասել, քանի որ գիտեք, թե աշխարհում ինչ բարդ իրավիճակ է ու ամեն ինչ կարող է ամեն վայրկյան փոխվել։ Հաստատ միայն մի բան կարող եմ ասել այսօրվա մասին՝ որ պատրաստում եմ Վիոլետայի դերերգը Վերդիի «Տրավիատայում», Լիույինը՝ Պուչինիի «Տուրանդոտում» եւ Միքայելայինը՝ Բիզեի «Կարմենում»։

– Հենց նոր ասացիք, որ ամեն ինչ կարող է պատահել, նույնիսկ ամեն վայրկյան կարող է ամեն ինչ փոխվել, հնարավոր է, չէ՞, որ թատրոնի ղեկավարությունը ձեզ չնկատի։ Այդ դեպքում ո՞րը կլինի ձեր որոշումը՝ վերադառնալ տո՞ւն, թե՞…

– Կարծում եք՝ ինձ չե՞ն նկատի։ Ինձ դժվար է չնկատելը…

– Մոսկվայի թատրոններում ունենք հայազգի արդեն անվանի երգիչներ, օրինակ՝ «Բոլշոյում» են սկսել իրենց բեմական ուղին սոպրանոներ Քրիստինա Մխիթարյանը, Նինա Մինասյանը, որոնք վերջին շրջանում միջազգային կարիերա են արում կամ Ստանիսլավսկի եւ Նեմիրովիչ Դանչենկոյի թատրոնի մեներգիչ Արսեն Սողոմոնյանը եւ այլն, էլ չխոսենք հայր եւ դուստրեր Լիսիցյանների, Զարուհի Դոլուխանյանի եւ մյուսների մասին, որոնք ժամանակին ցանկալի հյուր էին աշխարհի տարբեր թատրոններում։
Այսօր Մոսկվայի կոնսերվատորիայում կա՞ն հայ ուսանողներ։

– Ուսանող բառը տեղին ասացիք, որովհետեւ ուսանում են ոչ միայն հիանալի ձայներ, այլեւ ջութակահարներ, դաշնակահարներ, թավջութակահարներ, նաեւ հայեր կան, որոնք ուսանում են նվագախմբային ֆակուլտետի այլ դասարաններում նույնպես։

– Հայրենիքում հե՞շտ հարմարվեցիք։

– Միանշանակ՝ ոչ, քանի որ ոչ միայն մենթալիտետներն են տարբեր, այլեւ, դեռեւս ինձ Մոսկվայում էին ասել, թե Երեւանում դժվար կլինի, քեզ ճիշտ չեն հասկանա…

– «Չեն հասականա» ասելով՝ կոնկրետ ի՞նչը նկատի ունեին։

– Ես չափազանց մարդամոտ եմ, հարգում, սիրում ու վստահում եմ մարդկանց շատ շուտ։ Գուցե այդ շատ շուտը նկատի ունեին։ Իհարկե, հիմա արդեն իմ սեփական կարծիքն ունեմ, բայց թույլ տվեք չընդարձակվել եւ մեկ խոսքով պատասխանել՝ իհարկե, դժվար էր, դժվար է մի քանի ամսում շրջապատ ստեղծել։

Հայրս ծնունդով Գյումրիից է, բնականաբար, բարեկամներ, հարազատներ, ծանոթներ ունեմ ոչ միայն այնտեղ, այլեւ Երեւանում։ Բայց գիտեք՝ այսօրվա աշխարհում յուրաքանչյուրը, ինչպես նաեւ ես, մի տեսակ խրված ենք ամենօրյա գործերի, ինչու ոչ՝ հոգսերի մեջ։ Այդ պատճառով է, որ հաճախ նրանց հետ չեմ հանդիպում։ Փոխարենը՝ եթե ոչ ամեն օր, ապա շատ հաճախ հանդիպում եմ Երիտասարդական օպերային ծրագրի ընկերներիս հետ։

Զրուցեց

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
19.04.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930