Լրահոս
Օրվա լրահոսը

Լիբանանահայության սրտի ու հոգու մեջ կանգուն է Եռագույն դրոշը, Արարատն ու Արցախը

Ապրիլ 20,2022 14:00

Բեյրութցի իրավաբան, իրավագիտության մագիստրոս Պրիժիթ Չելեպեանը ծնվել է Բեյրութում: 1995թ.-ից նա Բեյրութի փաստաբանների միության անդամ է, նախակրթությունը եւ երկրորդական ուսումը ստացել է Հռիփսիմեանց վարժարանում։ Ավարտել է տեղի համալսարանի իրավաբանականը։ Տարիներ շարունակ աշխատում է իր մասնագիտությամբ, ինչպես նաեւ իր ինքնակենսագրականը ներկայացնելիս է գրել. «Օգտակար կը դառնամ շրջապատիս եւ կարիքաւորներու»։ «Փոքր տարիքիս անդամագրուած եմ սկաուտական շարժումին, հայ կաթողիկէ համայնքէն ներս։ Իբրեւ խմբապետուհի` երկար տարիներ ստանձնած եմ գալիկներու խումբը եւ սերունդներ դաստիարակած ազգային ու մարդկային ոգիով։ Չունիմ կուսակցական պատկանելիութիւն։ Ես կը պատկանիմ իմ ազգիս եւ հայ կաթողիկէ համայնքիս։ Իբրեւ ազատ հայորդի կը ծառայեմ իմ ժողովուրդիս եւ հայ կաթողիկէ եկեղեցւոյ»,-նշել է նա։ Լիբանանի 2022 թ. երեսփոխանական ընտրություններին ինքնաառաջադրվել է՝ հայ կաթողիկե երեսփոխանական աթոռի համար, որպես թեկնածու:

Մարդու իրավունքների եւ միջազգային քրեական արդարադատության խորհրդատու Չելեպանին ուղղված հարցը հետեւյալն էր.

– Ինչպե՞ս եք գնահատում լիբանանահայության վիճակը ներկայիս, սոցիալ-տնտեսական ճգնաժամի պայմաններում։

– Լիբանանահայությունը տարիներ ի վեր կդիմագրավվի ընկերային, տնտեսական եւ քաղաքական դժվարին ժամանակներ. սոսկալի սղաճ, դրամանիշի արժեզրկում (դոլարի դիմաց), անգործություն, դեղորայքի տագնապ, արտագաղթ եւ անորոշ ապագա։ Քաղաքական կյանքը ալեկոծ է, իրարամերժ կեցվածքներ կխորանա եւ ամբողջ ժողովուրդ մատնված է սոսկալի կացության։ Մեր համայնքը կփորձի կանգուն մնալ եւ դիմանալ նման ահավոր մարտահրավերներին:

– Կարո՞ղ եք կիսել ձեր տեսլականը կրթական, առողջապահական եւ սոցիալական խնդիրների լուծումներ տալու վերաբերյալ։

– Ինչ կվերաբերի կրթական մարզին, այն կգտնվի դժվար վիճակի մեջ։ Տնտեսական անտանելի կացության պատճառով` ընտանիքները մատնված են ահավոր կացության` իրենց զավակների ուսումը ապահովելու։ Նորահաս սերունդը, որ մի քանի տարի է, կդիմագրավվի, մի կողմից՝ համաճարակի վտանգն էր, եւ ահա, այս օրերուն մատնված է ավելի վատ պայմանների: Երկրին մեջ առկա տնտեսական ճգնաժամը, սղաճը, էլեկտրականության երկար ընդհատումը, կրթաթոշակները, փոխադրամիջոցների եւ վառելանյութի գների բարձրացումը շատ նեղ կացության է մատնել հասարակությանը: Այս տխուր առօրյայի պատճառով` աշակերտությունը զրկված է ժպիտից։ Լուծումներ կարող են իրականանալ, եթե երբեք պետությունը ու պետական այրերն այլեւս ձերբազատվեն կաշառակերությունից, եւ անձնակենտրոն լինելուց: Ամեն համայնք, դժբախտաբար, իր նեղ շահերն է փնտրում եւ ուզում է հոշոտել դիմացինին իրավունքը։ Ազգայինն ու մարդկայինը գրեթե մոռացության տրված են։ Այս ընտրությունների առիթով, հուսանք, որ խորհրդարան կհասնեն մարդիկ, ովքեր պիտի կարողանան փոփոխություն բերել եւ բարգավաճման ճամփան հարթել։

– Լիբանանի, Հայաստանի հանրապետությունների ձեր տեսլականը ո՞րն է:

– Ճիշտ է, որ Լիբանանը մեր ծննդավայրն է եւ մեր երկրորդ հայրենիքը, այդուհանդերձ, լիբանանահայությունը ինչպես անցյալում, նաեւ այսօր իր սրտի ու հոգու մեջ վառ կպահի Հայաստանի հանդեպ սերն ու նվիրուածությունը։ Այս երկու երկրները, կարծես, ճակատագրակից են իրար։ Այս երկու հանրապետությունները կարող են շատ ավելի լավ հարաբերություն մշակել բոլոր մարզերի միջեւ։

Լիբանանի հայությունը իր ինքնուրույն տեղն ու դերը ունի։ Շնորհիվ հայի նկարագրային բարեմասնությունների՝ ազնիվ, շինարար, պարկեշտ, աշխատասեր, ուսումնատենչ, եկեղեցասեր, մշակութասեր եւ այլն, կարողացել է վաստկել տեղացիների սերն ու հարգանքը։

Նրանք կծառայեն, որ երկու հանրապետության պետական այրերը կարենան ավելի լավ քաղաքական, ընկերային, թե տնտեսական ծրագիրներ մշակեն եւ ի գործ դնեն հանուն երկու ժողովուրդների խաղաղության եւ բարգավաճման։ Լիբանանահայության սրտի ու հոգու մեջ կանգուն է Եռագույն դրոշը, Արարատն ու Արցախը։ Այս արժեքներրով մենք կապրենք եւ կդաստիարակենք մեր զավակները։

– Ի՞նչ եք կարծում, լիբանանցիները մտահո՞գ են, կամ վախենո՞ւմ են նոր պատերազմից, ներքին քաղաքացիական պառակտումներից:

– Այո, դժբախտաբար, նման մտահոգություն կա։ Փաստորեն, տարիներ շարունակ օտար ուժերը կփորձեն միջատել եւ հրահրել ներքին պառակտումներ, որպեսզի քաղաքացիական բախումներ տեղի ունենան։ Սրան կգումարվի նաեւ ընկերային ու տնտեսական ահավոր կացությունը, որը պայթյունավտանգ վիճակի է հասցրել երկիրը։ Պետք չէ մոռանալ, որ Լիբանանը բազմաթիվ համայնքներից է բաղկացած, որոնք կփորձեն պաշտպանել իրենց համայնքային շահերը։ Բարեբախտաբար, երկրի միակ ու ամենից ապահով կառույցը` ազգային բանակը, ամեն ճիգ ի գործ կդնե պահելու խաղաղությունը։ Պետական կարգն ու սարքը գրեթե փլուզման մեջ է։

Կառավարությունները փորձ կանեն որոշ բան փոխելու, սակայն, իզուր։ Երկրի տարածքում կգործեն կուսակցություններ, որոնք կտառապեն այլամերժությամբ եւ շահամոլությամբ։ Լիբանանահայությունը, շնորհիվ իր քաղաքացիական բարձր գիտակցության եւ քաղաքական կեցվածքի, միշտ էլ կցուցաբերի հայրենասիրական մոտեցում եւ խաղաղությամբ ապրելու հավաստիություն։ Հուսանք, որ սեւ ամպերը կհեռանան եւ պայծառ արեւ կծագի Լիբանանի երկնակամարում։

– Ինչպե՞ս են լիբանանահայերը տեսնում ադրբեջանական վերջին սրացումները եւ հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ։

– Լիբանանայությունն իր ցավերի կողքին, ընդմիշտ մտահոգ է ի տես Հայաստանի քաղաքական վիճակին եւ Արցախի դժվարին կացության։ Մենք, մեր առօրեա կյանքում միշտ վառ կպահենք Հայաստանի, թե Արցախի հարցերը։ Ճիշտ է, հեռու ենք մեր հայրենի հողից, բայց հայրենիքը միշտ մեր սրտի ու հոգու մեջ է։ Լիբանանահայը միշտ էլ սատար է կանգնել Հայաստանին ու Արցախին։ Արցախի դեմ ազերիների վերջին հարձակումը (2020), արդեն ցուցանիշ էր թշնամու վայրագությունն ու հայատյացությունը։ Յուրաքանչյուր հայ զինվորի կյանքը մեզ համար անգին է։ Մենք կխոնարհվենք մեր նահատակների դիմաց եւ հպարտությամբ կլցվենք իրենց ցույց տված քաջագործության։ Մենք ունենք այն երազը, որ ուշ կամ կանուխ պիտի ունենանք հզոր հայրենիք եւ վերադառնանք մեր սուրբ հողերը։ Մեզ համար մեր հողերը սուրբ են եւ հայ զինվորի արյամբ շաղախված։ Նրանց շիրիմները փարոս են հետագա հաղթանակի համար։ Հայը չի վախենա, կմարտնչի իր ազգային արժանապատվության եւ արժեքների համար։ Ուրեմն, թշնամուն հաղթելու հայության կամքը հզոր է եւ տոկուն։ Միասնականությունն է մեր հզորագույն զենքը։

Պատրաստեց
Պետրոս ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
19.04.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930