Լրահոս
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Հայկական հարցի օսմանյան «վերջնական լուծումը» եւ գերմանական կայսրությունը (1915-1918 թթ.)

Ապրիլ 20,2022 13:30

«…Առանց գերմանացիների համաձայնության եւ առանց գերմանացիների օգնության հայերի կոտորածը տեղի չէր ունենա»
Մարտին Նիեպագե

Հայկական կոտորածների ականատեսներից էր Հալեպի գերմանական տեխնիկական դպրոցի ավագ ուսուցիչ, դոկտոր Մարտին Նիեպագեն: Շվեյցարացի գործընկերոջ՝ դոկտոր Էդվարդ Գրաետերի հետ, նա գրեց. «Խոսք գերմանական ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչներին: Գերմանացի մի ավագ ուսուցչի տպավորություններ Թուրքիայից», որը հրապարակվեց Շվեյցարիայում նոր հիմնադրված, 1915 թ. «Հայերի օգնության շվեյցարական կոմիտե»-ի համարներից մեկում, որտեղ նշված է. «Երբ ես 1915թ. սեպտեմբերին՝ երեքամսվա արձակուրդից հետո Բեյրութից Հալեպ վերադարձա, սարսափով լսեցի, որ հայերի կոտորածի նոր փուլ է սկսվել, որն առավել դաժան է, քան նախորդները՝ Աբդուլ Համիդի ժամանակներում, որը նպատակ ունի մտավորական, աշխատասեր, առաջադեմ հայ ժողովրդին արմատախիլ անելով ոչնչացնել, եւ նրանց ունեցվածքը հանձնել թուրքերի ձեռքը…

Տեսնելով այդ ամենը՝ ես իմ պարտքը համարեցի ներկայացնել հետեւյալ հաղորդումը Կոստանդնուպոլսում գերմանական դեսպանատուն, Հալեպում գերմանական տեխնիկական դպրոցի ուսուցչից, թույլ տվեք խոնարհաբար հաղորդել հետեւյալի մասին. «Ըստ երեւույթին, որպեսզի մեր դպրոցական աշխատանքն ապագայում բարոյական հիմք ունենա եւ ուշադրության արժանանա, որը տեղացիների մոտ բացակայում է, մեր պարտքն ենք համարում ուշադրություն հրավիրել այն բանին, որ գերմանական կառավարությունն ի վիճակի չէ խողխողված հայերի կանանց ու երեխաների դեմ շարունակվող գազանությունը կանխելու:

Արա Բերքյան

Փոխադրամիջոցներով իրենց հայրենիքը (Հայկական բարձրավանդակը) լքող երկու-երեք հազար տղամարդկանցից, կանանցից, երեխաներից հարավ են հասնում ընդամենը հարյուր-երկուհարյուրը: Ճանապարհին տղամարդկանց կոտորում են, իսկ կանանց ու աղջիկների մի մասին, բացառությամբ ծերերի, տգեղների եւ մանուկների, թուրք եւ քուրդ զինվորների, սպաների կողմից լլկվելուց հետո, քարշ են տալիս թուրքական եւ քրդական գյուղեր, որտեղ նրանք բռնի իսլամ են ընդունում: Քարավանի մնացած մասը սովից եւ ծարավից հյուծվածներն են: Նույնիսկ գետնանցումների ժամանակ ծարավներին չեն թույլատրում ջուր խմել: Որպես սնունդ, օրաբաժին մի բուռ ալյուր են բաժանում, որպեսզի անհագ լպստեն. սա նպատակ ունի սովամահությունը երկարաձգելու: Հալեպում գերմանական տեխնիկական դպրոցի դիմաց ընկած են փոխադրամիջոցների մնացորդների կույտեր, որոնց վրա չորս հարյուր հյուծված կմախքներ կան, այդ թվում՝ հինգից-յոթ տարեկան հարյուր երեխաներ (տղաներ, աղջիկներ): Մեծ մասը հիվանդ են տիֆով եւ դեզինտերիայով:

Դպրոցի բակ դուրս գալիս, այն տպավորությունն ենք ունենում, թե խենթանոց ենք մտնում: Եթե սնունդ ենք բերում, նկատում ենք, որ նրանք մոոացել են ուտելը: Ամիսներ շարունակ սովից հիվանդ ստամոքսը սնունդ չի ընդունում: Հաց ենք տալիս, անմիջապես դնում են կողքները: Նրանք լուռ պառկած, սպասում են մահվան (…)։ «Ta՚alimelaleman» («գերմանացիների ուսմունքը») կամ «Գերմանացիների դասն է սա»,- վստահեցնում է հասարակ թուրքը յուրաքանչյուրին, եթե նրանցից մեկը հարցնում է պատժի դրդապատճառների մասին: Կրթված մուսուլմանները համոզված են, որ թեեւ գերմանական ժողովուրդը դատապարտում է այդ գազանությունները, բայց գերմանական կառավարությունը՝ ի համերաշխություն թուրք դաշնակցի, չի միջամտում կանխելու դրանք:

Նաեւ մահմեդական զգայուն թուրքերն ու արաբները՝ ողբալով գլուխներն են օրորում, նրանք չեն թաքցնում իրենց արցունքները, երբ բռնագաղթվածների շարասյունը անցնում է քաղաքով, թուրք զինվորները մահակներով հարվածում են հղի կանանց եւ մահվան ճիրաններում գտնվողներին, որոնք այլեւս անկարող են քայլել: Իրենք չեն մտածում, որ իրենց կառավարությունն է ծրագրել այս զանգվածային վայրագությունները, դրանք բարդում են գերմանացիների վրա, որոնց բոլոր գործերում համարում են թուրքերի վարպետները: Նաեւ մզկիթներում մոլլաներն են ասում՝ ոչ թե Բարձր Դուռն է մեղավոր, այլ գերմանացի սպաները, որոնք կարգադրեցին հայերի պատիժներն ու կոտորածները։ Այն ամենը, ինչ յուրաքանչյուր մարդ ամիսներ շարունակ տեսավ, իսկապես Արեւելքի ժողովուրդների հիշողության մեջ կմնա որպես Գերմանիայի պատվի ամոթի կարկատան (…)»:

Այդ հաղորդումը եւս որեւէ նշանակալի ազդեցություն չունեցավ…

Դեռ 1915 թ. Մարտին Նիեպագեի Հալեպում շատ տարածված այն տեսակետը, թե առանց գերմանացիների համաձայնության եւ առանց գերմանացիների օգնության հայերի կոտորածը տեղի չէր ունենա, որը հիմնված էր մասամբ թուրքական գերատեսչությունների պնդման վրա, թե դա գերմանական կայսեր ցանկությունն էր, որ հայերը ոչնչանան, շուտով հայտնվեց արեւմտյան տերությունների հրապարակումներում…»։

Գերմաներենից թարգմանեց ԼԻԶԱ ԲԵՐՔՅԱՆ-ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

Հատված՝ ԷՆՆՈ ՄԵՅԵՐԻ եւ ԱՐԱ ԲԵՐՔՅԱՆԻ «ՀՌԵՆՈՍԻ եւ ԱՐԱՔՍԻ ՄԻՋեւ. 900 ՏԱՐՎԱ ԳԵՐՄԱՆԱ-ՀԱՅԿԱԿԱՆ
ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» գրքից

«Առավոտ» օրաթերթ
19.04.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930