Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախցիները ճարահատյալ են. վերցնելու են սերտիֆիկատները, որ գոնե տանիք ունենան

Ապրիլ 20,2022 12:00

Արցախյան երկրորդ պատերազմի հետեւանքով Հայաստանում ապաստան գտած՝ տեղահանված քաղաքացիների մեծ մասը պատերազմի ավարտից հետո կրկին վերադարձել է Արցախ, իսկ շատերը մինչ օրս դեռ բնակվում են Հայաստանում։ Երկու դեպքում էլ պատերազմից ավելի քան մեկ տարի անց արցախցիները անորոշ իրավիճակում են գտնվում. նրանք մինչ օրս ապրում են վարձակալած տներում, հյուրանոցներում եւ կամ ժամանակավոր այլ կացարաններում, իսկ կառավարության մշակած մեկ տասնյակից ավելի սոցիալական աջակցության ծրագրերից, որոնք քիչ թե շատ օգնում էին նրանց հոգալ ֆինանսական ծախսերը, այս պահի դրությամբ շարունակվում է միայն իրականացվել հունվար եւ փետրվար ամիսների համար աջակցության տրամադրումը հետեւյալ չափերով. անչափահասներին եւ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցողներին՝ ամսական 40,000 դրամ, մյուս բոլոր քաղաքացիներին՝ անկախ տարիքից եւ սեռից, ամսական 20,000 դրամ։ Մեր հարցադրմանը՝ արդյո՞ք նոր սոցիալական ծրագրեր նախատեսվում է իրականացնել հունվար եւ փետրվար ամիսների աջակցությունը տրամադրելուց հետո, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից հստակ պատասխան չտրվեց։

Այս խնդրի շուրջ մեզ հետ զրույցում «Վերադարձ դեպի Քաշաթաղ» հասարակական կազմակերպության տնօրեն Կարինե Մովսեսյանը նշեց, որ վերջին աջակցությունը եղել է չորս ամսվա ծրագիր, որն այժմ ավարտվել է։ Հարցին՝ եղել են արդյո՞ք դեպքեր, որ աջակցություններ չտրամադրվեն արցախցիներին անհիմն պատճառներով, տիկին Կարինեն ասաց, որ չի մտաբերում նման դեպքեր, միշտ վերանայվել եւ թեկուզ ուշացումով տրվել է գումարը։ Հիշում է՝ սկզբնական շրջանում էր խառնաշփոթ իրավիճակ, սակայն ժամանակի ընթացքում ամեն ինչ կարգավորվել էր, համենայնդեպս, այնպիսի բողոքներ, ինչպիսին սկզբնական շրջանում էին՝ չկան։ Տիկին Կարինեն, խոսելով այս պահի դրությամբ առաջնային խնդիրներից, ընդգծեց, որ ամենակարեւորը բնակարանների ձեռբերման հարցն է, մարդիկ այսօր չգիտեն՝ վաղը որտեղ են ապրելու։

ՀՀ կառավարությունը 2022 թ. փետրվարի 17-ին հաստատել է «Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագիրը», որի շրջանակներում նախատեսվում է տրամադրել աջակցություն ԱՀ առանձին շրջաններում 2020թ. սեպտեմբերի 27-ի դրությամբ բնակված կամ ԱՀ-ում հաշվառված, առնվազն վերջին երեք ամիսներին փաստացի բնակված կամ վերջին երեք տարում փաստացի բնակված եւ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետեւանքով տեղահանված ընտանիքներին (այդ թվում՝ մեկ անձից բաղկացած), որոնք համապատասխանում են որոշմամբ սահմանված՝ ծրագրի հիմնական պայմաններին։ Ծրագիրը նախատեսված է 3600 տեղահանվածի համար՝ շուրջ 950 ընտանիք։ Շահառուների մեջ հատկապես մեծ տոկոս են կազմում Քաշաթաղի շրջանից տեղահանված ընտանիքները։

Երեւանում բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելու համար տրամադրվելու է 8 մլն դրամ, իսկ 10 մլն դրամ տրամադրվելու է մարզերում գնելու համար։ Արցախ վերադարձողների համար պայմանները փոքր-ինչ ավելի լավ են, այնտեղ տրամադրվելու է 12 մլն դրամ։ Ֆինանսավորման չափերի նման առավելությունը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը հիմնավորվում է այն հանգամանքով, որ ծրագրի շրջանակներում խրախուսվում է ԱՀ-ում բնակելի անշարժ գույքի ձեռքբերումն ու անհատական բնակելի տների կառուցումը եւ տեղահանված ընտանիքների վերադարձն Արցախի Հանրապետություն։
Աջակցությունը տրամադրվելու է հիփոթեքային վարկի տեսքով։ Այդ գումարով, իհարկե, անգամ մարզերում տուն ձեռք բերելը անհնար է, գումարի մնացած մասը իրենք պետք է հայթայթեն, սակայն մի կերպ օրվա հացը վաստակող արցախցիների մեծ մասի համար դա անհնար է թվում։ Տիկին Կարինեն մտահոգվում է, որ տարիներ շարունակ անշարժ գույքը գրավի տակ է մնալու. «Մարդիկ կորցրել են երկար տարիների ընթացքում իրենց ձեռք բերած սեփականությունը եւ հիմա տարիներ անց նոր միայն կդառնան սեփականատերեր։ Ծրագրի շատ պայմանների դեմ կառավարությանը բողոքներ ներկայացնելուց հետո որոշակի հարցեր շտկվել են, սակայն գումարային հարցի շուրջ, ցավոք, չկարողացանք որեւէ դրական փոփոխության հասնել»,-ասաց նա։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը մեր հարցմանն ի պատասխան տեղեկացրեց, որ հիփոթեքային վարկի մարումների տեսքով աջակցության եղանակի ընտրությունը կապված է շահառուի՝ ձեռք բերվող անշարժ գույքի կամ կառուցվող անհատական բնակելի տան նկատմամբ օտարելը կամ այլ նպատակով օգտագործելը սահմանափակելու հետ, ինչը պետության համար լրացուցիչ երաշխիք է, որ տվյալ ընտանիքն առնվազն 10 տարի չի ունենա բնակարանային խնդիրներ։ Հիփոթեքը, ելնելով պետության ֆինանսատնտեսական հնարավորություններից, հնարավորություն է տալիս կարճ ժամանակահատվածում իրականացնել նման մասշտաբային ծրագիր։

Սեփական ուժերով ոտքի կանգնել փորձող ընտանիքներն այսօր ճարահատյալ են, նույնիսկ նման պայմաններով իրենք ստիպված վերցնելու են այդ սերտիֆիկատները, որ գոնե տանիք ունենան իրենց գլխավերեւում։ Տիկին Կարինեն ասում է՝ մնացած հարցերը լուծվող են։ Նույնիսկ առանց պետական աջակցության տրամադրման, իհարկե՝ խոցելի խմբերի դեպքում բացառություններով, շատերը մի կերպ կգտնեն ապրելու միջոց։ Եթե տուն ունենան, արդեն մշտական աշխատանք էլ կկարողանան գտնել։ Սակայն մինչ այդ գոնե պիտի պարբերաբար աջակցություններ տրվեն, որպեսզի կարողանան իրենց տների վարձակալության գումարները տալ։

Ըստ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից մեր ստացած տեղեկատվության՝ դիմումների ընդունման գործընթացը սկսվելու է որոշման 2-րդ կետով սահմանված կարգի հաստատումից եւ ԱՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության կողմից շահառուների վերջնական ցանկի տրամադրումից հետո, ինչը նախատեսվում է իրականացնել մեկամսյա ժամկետում։ Իսկ թե ե՞րբ կգործի ծրագիրը՝ հստակ ժամկետ դեռ սահմանված չէ։

Սոնա ՊԱՏՐՈՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.04.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930