Լրահոս
Օրվա լրահոսը

Ճանապարհ դեպի նոր պատերազմ

Ապրիլ 20,2022 14:30
globus

Ինչո՞վ է վտանգավոր «աշխարհաքաղաքական» մտածելակերպը

Պետք է խոստովանեմ, որ մոտ 30 տարի առաջ ես առաջին անգամ լսեցի «գեոպոլիտիկա» (աշխարհաքաղաքականություն) բառը, եւ հենց այն ժամանակվանից այդ բառը եւ դրա տակ թաքնված աշխարհընկալումը, փիլիսոփայությունը սկսեց ինձ դուր չգալ: Այդ ընկալման մեջ կա, ինձ թվում է, 19-րդ դարի վերջին մոդայիկ, այսպես կոչված «սոցիալ-դարվինիզմի» ինչ-որ մի երանգ, որն աշխարհում տեղի ունեցող գործընթացները հանգեցնում է պետությունների՝ գոյության համար պայքարի, որտեղ հաղթում է ամենաուժեղը: Ըստ այդմ, ստացվում է, որ ցանկացած պետության գոյության իմաստը դրա սահմանների զուտ ֆիզիկական ընդլայնումն է: Թվում է, թե 20-րդ դարի երկու աղետալի պատերազմներից հետո պետք է պարզ դառնար, որ այդ մտածելակերպը, մեղմ ասած, անարդյունավետ է, բայց հիմա էլ հազարավոր մարդիկ՝ ֆեյսբուքյան քաղաքագետներից սկսած, քաղաքական պետական գործիչներով վերջացրած, «տառապում են աշխարհաքաղաքականությամբ»՝ մտածելով, հավանաբար, որ մենք դեռեւս ապրում ենք «իմպերիալիստական» դարաշրջանում:

Վերջերս վերընթերցեցի 20-րդ ԱՄՆ քաղաքականության ազդեցիկ դեմքերի՝ Զբիգնեւ Բժեզինսկու եւ Բրենթ Սքոուքրոֆթի հետ ծավալուն հարցազրույցը, որը 2008 թվականին վարել էր ամերիկացի լրագրող Դեյվիդ Իգնատիուսը՝ հարցազրույցն ամփոփվել է «Ամերիկան եւ աշխարհը» գրքի մեջ: Այդ գործիչների հիմնական միտքը կամ, եթե կուզեք, ափսոսանքն այն է, որ իրենց երկիրն այնքան մեծ ջանքեր է թափել Խորհրդային Միությունը կործանելու վրա, բայց դրա փոխարեն մեկ՝ «կենտրոնացված» սպառնալիքի փոխարեն ստացել է 100 տեղից, ինչպես իրենք են ասում, «քորոցի ծակոցներ»: Ուշադրություն դարձրեք, որ դա ասում են ոչ թե Նոամ Չոմսկու նման ձախ, անարխիստական ուղղվածության ինտելեկտուալները, այլ մարդիկ, որոնք երկար ժամանակ, կարելի է ասել, «կերտել են» ԱՄՆ արտաքին քաղաքականությունը:

Միացյալ Նահանգների համար գլխավոր խնդիրը, բնականաբար, ժամանակակից Ռուսաստանը չէ, որը մինչեւ ռուս-ուկրաինական պատերազմն արտադրում էր համաշխարհային ՀՆԱ-ի 1.8 տոկոսը (պարզ է, որ հիմա այդ թիվը փոքրանալու է), այլ Չինաստանը: Վերջինս ավանդաբար չի առաջնորդվում «աշխարհաքաղաքական» տրամաբանությամբ («նոր պատերազմ՝ նոր տարածքներ»), չի փորձում, օրինակ, Ռուսաստանից «նվաճել» Հեռավոր Արեւելքը: Բայց եթե Ռուսաստանը, ԱՄՆ-ը կամ որեւէ այլ երկիր Չինաստանից փող ուզի՝ այս կամ այն խոշոր արտադրությունը «խելքի բերելու» համար, Պեկինը, ամենայն հավանականությամբ, չի մերժի, բայց պայման կդնի՝ «մենք դա կանենք մեր տեխնոլոգիաներով եւ մեր աշխատուժով»: Դա հեռու է Դարվինի կենսաբանական տեսության քաղաքական կիրառումներից, բայց միանգամայն համահունչ է ժամանակակից աշխարհի օրինաչափություններին:

Եվ հակառակը՝ այն, ինչ հիմա անում է Ռուսաստանը, դա, ըստ էության, ժամանակը կանգնեցնելու փորձ է: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մեջ կա միանգամայն արդարացված վախ՝ վաղը ուշ կլինի: Այսինքն՝ եթե նա այս տարվա փետրվարին «աշխարհաքաղաքական պատերազմ» չսկսեր, ապա շատ հնարավոր է՝ ռուսաստանցիների այն մասը, որն «ընդլայնվելու» արժեքներով չի ապրում, դառնար այլեւս կրիտիկական զանգված ու չհավատար «դենացիֆիկացիայի» եւ «դեմիլիտարիզացիայի» մասին հեքիաթներին: Այսօր արդեն շատ դժվար է մարդկանց կտրել իրական աշխարհից եւ առավոտվանից երեկո կերակրել հեռուստատեսային ստերով, վաղը դա ընդհանրապես անհնարին կլինի: Այնպես որ այն, ինչից վախենում է Պուտինը, միեւնույն է՝ տեղի կունենա՝ մարդիկ (ոչ միայն Ռուսաստանում) կհասկանան, որ «եւս մի բեւեռ դառնալը», «աշխարհաքաղաքական նկրտումները» որեւէ կապ չունեն ազգային արժանապատվության եւ հայրենասիրության հետ:

«Աշխարհաքաղաքական մտածողությունն» առավել ողբերգական հետեւանքների է բերում փոքր պետությունների դեպքում: Նկատի ունեմ նաեւ՝ Հայաստանն ու Ադրբեջանը: Այո, նաեւ Ադրբեջանը: Գուցե այդ երկրի ժողովուրդը հիմա «հաղթանակ է տոնում», ուրախանում է, որ «վերականգնել է տարածքային ամբողջականությունը», բայց իրականում այդ «հաղթանակից» առանձնապես չի շահել, իսկ կորցրել է հազարավոր երիտասարդների կյանք: Խնդիրները, որոնց առաջ կանգնելու է Ադրբեջանը եւ անձամբ Իլհամ Ալիեւը, դեռ առջեւում են: Իրականում ես կարծում եմ, որ թե՛ Հայաստանի եւ թե՛ Ադրբեջանի ղեկավարները դրսեւորել են կարճատեսություն եւ անպատասխանատվություն՝ թույլ տալով այս վերջին պատերազմը եւ այդպիսով մտցնելով երկու երկրները «աշխարհաքաղաքական խաղերի» մեջ:

Հայաստանի վարչապետի վերջին հայտարարությունները նախ, իհարկե, ցինիկ են՝ ըստ էության, նա ասում է, որ խնդիրը կարելի էր լուծել առանց զոհերի, բայց ինքը՝ Փաշինյանը, գերադասեց լուծել զոհերով, որպեսզի մարդիկ չասեն՝ «Նիկոլ դավաճան»: Բայց դա զուտ բարոյականության հարթությունում է: Իսկ քաղաքական իմաստով այսօր սխալ էր հայտարարել, որ Հայաստանը համաձայն է հրաժարվել Արցախի անկախության «նշաձողից» ոչ թե այն պատճառով, որ դա «դավաճանություն է», «Արցախի հանձնում է» եւ այլն, այլ՝ որովհետեւ դա մեր երկիրը ներքաշում է «Արեւմուտք-Ռուսաստան» աշխարհաքաղաքական վեճի մեջ: (Մանրամասն դրա մասին՝ Ստեփան Դանիելյանի գրառման մեջ): Այսինքն՝ դա ճանապարհ է, որը տանում է դեպի նոր պատերազմ, ոչ թե՝ դեպի «խաղաղության դարաշրջան»:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.04.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. հայկ համբարձումեան says:

    “Այսօր արդեն շատ դժվար է մարդկանց կտրել իրական աշխարհից եւ առավոտվանից երեկո կերակրել հեռուստատեսային ստերով”

    ապրիլ 1էն երկու շաբաթ ուշ գրուած կատա՞կ է

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930