«Եղավ այն, ինչ պետք է լիներ, գոնե այն պահից, երբ մենք իմացանք, որ վերաքննիչ բողոքը քննելու է Ռուբիկ Մխիթարյանը, մեզ համար արդեն ակնհայտ էր, թե ինչ է լինելու»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Նարեկ Մանթաշյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը: Նրա խոսքով, պարզապես դատավարական ընթացակարգերն էին այդպիսին. «Մենք եկանք ինքնաբացարկի միջնորդությունն էլ ներկայացրեցինք եւ մերժվեց այն: Անկախ նրանից Ռուբիկ Մխիթարյանն ինչպիսի որոշում կկայացներ՝ կբավարարե՞ր, թե՞ կմերժեր, արդեն ակնհայտ էր, որ գործի քննությունը տեղի է ունեցել սարսափելի խախտումով, որովհետեւ վերաքննիչ բողոքը քննվեց միայն 65-րդ օրը»:
Պարոն Կոչուբաեւն ասաց, որ իրենք նաեւ գրավի միջնորդություն էին ներկայացրել, որը մերժվել էր. «Վերաքննիչ բողոք էինք բերել եւ խիստ չակերտավոր հաճելի պատահականությամբ կրկին մակագրվել է Ռուբիկ Մխիթարյանին, ապրիլի 22-ին տեղի է ունենալու գրավի մերժման դեմ բերված վերաքննիչ բողոքի քննությունը: Ես, իհարկե, չեմ պատրաստվում այս թատրոնին մասնակցել, սա մի շանս էր դատավորին՝ շտկելու սխալները»:
Պաշտպանն ասաց, որ նախապես կա սցենար, որ այդ բողոքը պետք է մերժվի: Նա ասաց, որ չի պատրաստվում ապրիլի 22-ին մասնակցել դատավարությանը. «Իրենք իրենցով թող որոշում կայացնեն»:
Նրա խոսքով, ստացվում է՝ Նարեկ Մանթաշյանին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի դրոշը ծածանելու համար. «Սա անձնական վրեժխնդրություն է, սա դատական գործ չէ»:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ