Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր սերունդը վերջին 4 տարվա ընթացքում մեծ հարվածներ է ունեցել, առաջինը՝ հեղափոխության պարտությունն էր. Երիտասարդները Ազատության հրապարակում են. (Ֆոտոշարք)

Ապրիլ 19,2022 22:33

Մի խումբ երիտասարդներ եկել էին Ազատության հրապարակ՝ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի մասին հայտարարությունը դատապարտելու:

«Մեր սերունդը վերջին 4 տարվա ընթացքում մեծ հարվածներ է ունեցել, առաջինը՝ հեղափոխության պարտությունն էր: Այն կոչերով, այն գաղափարներով ու այն նպատակներով, որ երիտասարդությունը դուրս էր եկել փողոց, ոչինչ չեղավ, դեռ մի բան էլ ավելի վատացավ: Երկրորդը՝ պատերազմն էր, որը էլի մեր սերունդն է իր ուսերին տանում»,-այսօր Ազատության հրապարակում ասաց Անի Վարդանյանը:

Նա Ազատության հրապարակ էր եկել 44-օրյա պատերազմի մասնակիցներ Նվեր Կիրակոսյանի ու Արթուր Ավագյանի կոչով, որոնք Նիկոլ Փաշինյանի՝ Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու հայտարարություններից հետո՝ անժամկետ հացադուլ են սկսել՝ պահանջելով հետ կանգնել նման որոշումներից:

Նրանք կոչ էին արել համալսարականներին, դասախոսներին, մանկավարժներին ծառայակից ընկերներին, նախկին զինվորներին, ՏՏ ոլորտի մասնագետներին ու մտավորականներին գալ Ազատության հրապարակ՝ մասնակցելու հանրային քննարկման, խոսելու անկախության սերնդի հանձնառության մասին:

«Ես հասկանում եմ մարդկանց անտարբերությունը, երրորդ հարված մի գուցե չկարողանան տանել»,-ասաց Անի Վարդանյանը՝ կոչ անելով եւս մեկ անգամ դուրս գալ, բարձրաձայնել բոլոր հարցերը այլ ոչ թե լռել. «Մենք ամեն օր արթնանում ենք ավելի վատը տեսնելով եւ մեր սպասելիքներն ավելի վատանում են, որովհետեւ ոչ մեկս ոչինչ չենք անում»:

Հացադուլի նստած տղաների կոչով Ազատության հրապարակ էր եկել նաեւ Հովսեփ Բաբայանը: Նրա խոսքով, Արցախի Հայաստանի հիմնական շահառուները անկախության սերնդի մարդիկ են եւ իրենց կոչը նախեւառաջ ուղղված է այդ երիտասարդներին: Նա կոչ արեց անտարբերության շղարշից դուրս գալ. «Արցախը մեր ժողովրդի համար լակմուսի թուղթ է, պարզ ասած՝ ինչ-որ բան հասկանալու միջոցն է, հայ ժողովուրդը հավաքական առումով որքանո՞վ է պատրաստ անկախ պետություն ունենալու իրավունքը նվաճել, պետականակերտ ազգ լինելու: Արցախն այսօր որքան էլ վիրավոր լինի, շարունակում է մնալ այն լակմուսի թուղթը, որով հայ ժողովուրդը կունենա իրավունք այս տարածաշրջանում, անկախ ապրելու: Եթե չկա դիմադրություն, կողքից ասում են՝ այս մարդիկ ինչո՞ւ են պետություն պահում, որովհետեւ սոցիալական հարցերը կարող են լուծվել նաեւ այլ պետության կազմում: Եթե դրոշն ու զինանշանն է հարցը, ապա արդյո՞ք դա պետության իմաստն է, դա ընդամենը ձեւն է»:

Արթուր Ավագյանն էլ հորդորեց այս պայքարին «արժանապատիվ ժամանակ» տրամադրել եւ ոչ թե բոլոր գործերն ավարտելուց հետո միանալ պայքարին. «Հետո պետք է Մոնթեի նկարը դնենք՝ ասենք՝ այ իր նման մեկն է պետք, բայց այդպես չի լինի: Պետք է արժանի ժամանակ տրամադրել այս ամեն ինչին: Թե չէ՝ գործից հետո գամ, հեսա տեղ մտնեմ՝ գամ, մի հատ «դեդլայն» ունեմ եւ այլն, դա լուրջ չի, արժանապատիվ ժամանակ տրամադրե՛ք: Մենք կարծում ենք, որ սա ուրացում է»:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930