«Չենք հանձնվելու, հետքայլ չենք անելու, չենք հեռանալու այնքան ժամանակ, քանի դեռ չենք լուծել մեր երկու հայկական պետությունների անվտանգության եւ ինքնիշխանության հարցերը: Միացե՛ք մեզ Ազատության հրապարակում՝ ձեզ հարմար ժամին: Միասին կանգնեցնելու ենք այս աղետը եւ կառուցելու ենք հզոր Հայաստան, հզոր Արցախ: Միացե՛ք»,- այս կոչով այսօր «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն ու իր կողմնակիցները երթ էին կազմակերպել՝ Երեւանի կենտրոնի փողոցներում:
Նրանք վստահեցնում էին, որ այս անգամ հաջողելու են. «Դուրս եկեք, տանը նստելով՝ ոչինչ չեք փոխելու»: Երթի մասնակիցները զգուշացնում էին, որ հիմա եթե չպայքարեն, թուրքը գալու է իրենց հարեւան ու խաղալու է իրենց երեխայի հետ. «Մի՛ ստիպեք կորցնել ավելին, մի ստիպեք կորցնել Հայաստանը»:
Կարդացեք նաև
«Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանն էլ ասաց. «Մենք դուրս ենք շպրտելու այս իշխանություններին կառավարման օղակներից: ՀՀ-ն թշնամու փայ չի դառնալու ինչ-որ ստահակների անգործության կամ դավաճանության պատճառով: Կանգնեցնելու ենք անհաջողությունների շղթան: Ոչ մի քաղաքացի, նույնիսկ նրանց համար քվեարկածները, չի լիազորել հայրենիքը հանձնել թշնամուն, թուլացնել ու ջլատել հայկական բանակը, կիսել ու բաժանել մեր ժողովրդին»:
Քայլերթի ժամանակ լրագրողների հետ զրույցում Արթուր Վանեցյանն ասաց, որ իր կողքին է Արցախի խորհրդարանի պատգամավոր, որը եկել ու Ազատության հրապարակում միացել է պայքարին. «Մենք ամեն ինչ անելու ենք, որ թափված արյունը ջուր չդառնա: Արցախի ԱԺ-ում ասեցին՝ Արցախը բեռ չէ, Արցախը զրահաբաճկոն է: Ուզում եմ մարդիկ հասկանան՝ Արցախը հանձնելով, կորցնելով, իրենք ոչ թե լավ են ապրելու, այլ՝ ընդհակառակը: Ես ասում եմ՝ պատերազմ է լինելու ու պարտվողական, եթե այս իշխանությունները մնան: Դրա համար ասում եմ՝ հարգելի՛ քաղաքացիներ, դուրս եկեք, ասեք ձեր խոսքը»:
Վանեցյանը բացառում է, որ պայքարը հաջողության չհասնի ու հայտարարեց՝ կգնա տուն այն ժամանակ, եթե մնա մենակ Ազատության հրապարակում. «Մենք հետ քայլելու տեղ չունենք: Միանշանակ հաղթելու ենք ու երկիրը փրկելու ենք այս տխմար իշխանություններից»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ