«Noy Invest Group» կառուցապատման եւ անշարժ գույքի վաճառքով զբաղվող ընկերությունը Երեւանի քաղաքապետարանին մոտ 35 մլն դրամի գույք է նվիրել։ Այս մասին որոշումն ընդունվեց Երեւանի ավագանու այսօրվա նիստում։
Ընկերության՝ քաղաքապետարանին նվիրած գույքը որպես Երեւանում շների զբոսանքի եւ վարժանքի համար նախատեսված զբոսայգու կահավորում՝
1) Օղակաձեւ զբոսայգու 6-րդ գոտում՝ ընդհանուր 18 555 518 դրամ արժեքով
2) Սիրո եւ հավատի այգում՝ ընդհանուր 12 805 500 դրամ արժեքով
Կարդացեք նաև
Երեւան քաղաքում Սարալանջի 2-րդ հատվածում իրականացված կանաչապատման համար գույքը՝
1) Ծառեր՝ ընդհանուր 1 055 000 դրամ արժեքով,
2) Թփեր՝ ընդհանուր 2 652 000.7 դրամ արժեքով
Ըստ որոշման նախագծի, «Noy Invest Group» ՍՊԸ-ն է առաջարկել գույք նվիրել՝ Երեւանի բարեկեցիկ եւ առողջ միջավայրի ստեղծմանն օժանդակելու համար․«Մասնավորապես, Կենտրոն վարչական շրջանի Օղակաձեւ զբոսայգու 6-րդ հատածի, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սիրո եւ հավատի այգու տարածքներում կառուցվել են շների զբոսանքի համար տարածքներ, որոնք առանձնացված են փոքր եւ մեծ շների համար եւ կահավորված են շների վարժեցման համար անհրաժեշտ գույքով: Կենտրոն վարչական շրջանի Սարալանջի հատվածում կանաչապատման աշխատանքներ իրականացնելու նպատակով տնկվել են տարածքի բնակլիմայական պայմաններին հարմարեցված լայնատերեւ եւ մշտադալար ծառատեսակներ՝ բարելավելու տարածքի միկրոկլիմայական ցուցանիշները եւ ապահովելու տարածքի գեղագիտական տեսքը»:
Ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանն իր ելույթում այս նվիրատվության մասին ասաց․«Փաստորեն, համայնքը դե ֆակտո այդ նվիրատվությունն ընդունել է, հետո նոր գալիս է ավագանու հաստատմանը։ Սա սխալ եմ համարում, եւ կարծում եմ՝ նախքան նվիրատվության դե ֆակտո ընդունելը պետք է ներկայացվի ավագանուն, որն էլ կորոշի՝ արդյոք մենք ուզո՞ւմ ենք ընդունել նման նվեր, թե՞ ոչ»։
Այդուհանդերձ, Աբգարյանը շնորհակալություն հայտնեց, իր խոսքով՝ այդ մեծ եւ կարեւոր նվերի համար։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ