Այսօր Ազատության հրապարակում «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Խաչիկ Գալստյանն ու իրանագետ Վարդան Ոսկանյանը քննարկում էին կազմակերպել՝ «Արցախյան շարժում եւ հայոց պետականություն. լինել, թե չլինել» թեմայով:
Խաչիկ Գալստյանն ասաց, որ բանակցություններում մարտավարական հնարներ են պետք. «Ամենապարզ սկսնակները, որ բանակցություններում չձախողեն, պետք է պահանջեն առավելագույնը՝ մեծ պահանջներ, հետո փոխզիջումային լուծումներ: Թվում է՝ Ալիեւը պատահակա՞ն է ասում՝ Երեւանը մերն է, Զանգեզուրը մեր պատմական տարածքն է, Սեւանը մերն է: Դա սարքում է առավելապաշտական ու բարի կամք է դրսեւորում, թե՝ խելոք մնացեք, ես հլը Սյունիքը չեմ վերցնում: Ամենակարեւորը կարմիր գծեր՝ արժեքային սահման քո համար ֆիքսելն է, որ դրանից ներքեւ ոչ մի պարագայում պատրաստ չես զիջել: Ցավոք սրտի, 30 տարվա մեծ մեր նվազագույն շեմերը մի քիչ լավ չի ֆիքսած եղել: Կային 3 հիմնական գաղափարներ՝ Արցախի ինքնորոշման իրավունքը, կապը մայր Հայաստանի հետ եւ անվտանգության երաշխիքները, սրանք էին կարմիր գծերը, որ երբեւիցե չենք հատում: Հիմա հրապարակավ ազգովի պետք է պատասխան տանք՝ ի՞նչ է Արցախը մեզ համար, ի՞նչ է Հայաստանը մեզ համար: Մենք ինքնաթիռի տոմսի կռի՞վ ենք անելու, որ գնանք երկրից, թե՞ մնալու ենք ու պայքարենք»:
Նա նշեց, որ նույնիսկ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ արելի է կետ գտնել ու կառչել, բանակցել, օրինակ՝ ի՞նչ ասել է Լեռնային Ղարաբաղի տարածք, դա 12,5 հազար քկմ-ն է՞, որն ընդամենը 2 տարի առաջ վերահսկում էինք, թե՞ Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքն է. «Ժողովուրդ, անթույլատրելի է, որ պետությանդ առաջին դեմքն ասում է՝ Ալիեւի հետ ես քննարկել եմ ղարաբաղյան հակամարտության պատմությունը, խայտառակություն է: Առնվազն բանակցություններում առաջինը պետք է հասկանաս, թե ինչ չպետք է անես, հետո նոր խոսես, թե ինչ կարելի է անել»:
Վարդան Ոսկանյանն էլ ասաց, որ Վրաստանը մեզ թշնամի չէ, բարեկամ է ու վրացիների հետ մեր աշխատանքը շատ կարեւոր է. «Մենք երկու ելք ունենք դեպի հարավ՝ Իրանի միջոցով ու հյուսիս՝ Վրաստանի միջոցով: Երկու կողմն էլ մեզ համար չափազանց կարեւոր է»: Ըստ Ոսկանյանի, մենք պետք է սահմանենք մեր հավակնությունների Հայաստանը. «Որպեսզի դառնա իրականություն, մեկ կարեւոր պայման կա՝ արժանավորների իշխանության հաստատումը: Պետք է փորձեն դառնալ արժանավոր»:
Կարդացեք նաև
Քննարկման ժամանակ վեճ եղավ, երբ քաղաքացիներից մեկը՝ վարդենիկցի Արթուր Այվազյանը սկսեց բողոքել լրատվականներից, թե՝ մեկի տունը վեճ է լինում, բերանները փակում են, որ ուրիշները չիմանան, բացի այդ, նա հայտարարեց. «Նիկոլին 200 կիլո կարտոլի մեշոկը տվեցինք, ասեցինք՝ ո՞վ կարող է մինչեւ այնտեղ տանի, Նիկոլն ասեց՝ ես կտանեմ, եթե օգնեք, բայց հանեցինք Նիկոլի շալակը, սաղս փախանք»: Ներկաները սկսեցին վիճել, նույնիսկ ոստիկաններ միջամտեցին:
Վարդան Ոսկանյանն էլ քաղաքացուն պատասխանեց. «Ի՞նչ է նշանակում՝ պարկը տվեցինք, ինքը չկարողացավ տանել, դո՛ւ վերցնեիր տանեիր: Իսկ ո՞վ է ասել, որ պարկը պետք է տալ մի հոգու ու բոլորիս ճակատագիրը կախված լինի մի հոգուց»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ