Մոսկվայում տեղի է ունենում ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպումը
Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի շրջանակում մերձմոսկովյան Նովո-Օգորյովո նստավայրում տեղի է ունենում ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:
Ողջունելով Վարչապետ Փաշինյանին` ՌԴ նախագահը նշել է. «Հարգելի Նիկոլ Վլադիմիրի, շատ ուրախ եմ Ձեզ տեսնել:
Ձեր այցը նվիրված է մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին: Գիտեմ, որ շատ մեծ ծրագիր ունեք` հանդիպում կառավարության ղեկավարի, Դաշնային ժողովի ղեկավարության հետ, այնուհետև այց Նիժնի Նովգորոդ: Նախատեսված է նաև մի շարք փաստաթղթերի ստորագրում:
Կարդացեք նաև
Մենք մեր իրավական հարաբերություններում ունենք 200 փաստաթղթերի հարուստ բազա` ստորագրված նախորդ տարիներին: Սա գործնականում լավ հնարավորություն է տալիս աշխատել բոլոր ուղղություններով, առաջնայիններից մեկը տնտեսությունն է: 2021 թվականին մենք ունեցել ենք 12,8 տոկոսի աճ` համաձայն մեր վիճակագրության, իսկ այս տարվա առաջին ամիսներին 50 տոկոսի աճ: Սա շատ լավ ցուցանիշ է, հատկապես ժամանակակից աշխարհում:
Իհարկե, մեր ուշադրության կենտրոնում են լինելու անվտանգության հարցերը, այդ թվում` կապված Ղարաբաղի հետ: Համաձայն եմ Ձեզ հետ, խնդիրները շատ են, մենք Ձեզ հետ մշտական կապի մեջ ենք, եթե ոչ ամեն շաբաթ, ապա յուրաքանչյուր 10 օրը մեկ զրուցում ենք հեռախոսով: Նաև չնայած պանդեմիային, ունենք կանոնավոր հանդիպումներ: Շատ ուրախ եմ Ձեզ տեսնել, բարի գալուստ»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշել է. «Շնորհակալություն Վլադիմիր Վլադիմիրի, առաջին հերթին թույլ տվեք շնորհակալություն հայտնել պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնություն հրավիրելու համար:
Ինչպես ասացիք, այս այցն ունի ոչ միայն գործնական, այլ նաև խորհրդանշական նշանակություն, որովհետև նվիրված է մեր երկրների դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին և ցույց է տալիս, որ մեր երկրների միջև հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակում: Հույս ունեմ, որ այս այցի արդյունքներով այդ դինամիկան ոչ միայն կշարունակվի, այլ նաև կլինի առավել արդյունավետ:
Մենք իսկապես գտնվում ենք մշտական կապի մեջ, շատ հաճախ հանդիպում ենք, մշտապես ունենում ենք հեռախոսազրույցներ, քանի որ մեր երկկողմ հարաբերությունների օրակարգը շատ հագեցած է, գործնականում բոլոր ոլորտներում` սկսած տնտեսությունից, ավարտած մշակույթով, կրթությամբ և ռազմատեխնիկական համագործակցությամբ: Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի ռազմավարական գործընկերը, մենք արդյունավետ փոխգործակցում ենք Եվրասիական տնտեսական միությունում, ԱՊՀ-ում, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Ռուսաստանն ունի առանցքային դերակատարություն մեր տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման գործում:
Պետք է ևս մեկ անգամ ընդգծեմ Ձեր առանցքային դերը 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման և հրադադարի հաստատման գործում: Դրանից հետո ռուս խաղաղապահները գործում են Լեռնային Ղարաբաղում և պետք է ընդգծել, որ ընդհանուր առմամբ, իհարկե, ռուս խաղաղապահների գործունեությունն ապահովում է անվտանգությունը և թվում է` պետք է նայել, թե ինչ կարելի է անել, որպեսզի խաղաղապահների գործունեությունը դարձնել առավել արդյունավետ:
Իհարկե, գլխավոր քաղաքական հարցը մեր տարածաշրջանում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումն է, հույս ունեմ, որ այսօր այդ մասին նույնպես կխոսենք: Իսկապես, իմ այցն ունի շատ հագեցած օրակարգ, որի մեծ մասը կապված է այս բանակցությունների հետ: Վստահ եմ, մեզ կհաջողվի անցկացնել արդյունավետ բանակցություններ, շնորհակալություն եմ հայտնում և շատ ուրախ եմ Ձեզ տեսնել»
Ամփոփելով` Վլադիմիր Պուտինն ասել է. «Դուք հիշատակեցիք մշակույթի ոլորտում մեր համագործակցությունը, մեզ մոտ Ձեր այցի և դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի կապակցությամբ անցկացվում են Հայաստանի մշակույթի օրեր, իսկ Հայաստանում տեղի են ունենում Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր: Կարծում եմ` սա նույնպես մեր ուշադրությունը կգրավի այս հանդիպման ընթացքում»:
* * *
ՀՀ վարչապետի` ՌԴ կատարած պաշտոնական այցի շրջանակում երկու երկրների միջև ստորագրվել են հետևյալ փաստաթղթերը.
«Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Ռուսաստանի Դաշնության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջև սոցիալ-աշխատանքային ոլորտում համագործակցության մասին» հուշագիր,
«Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառայության և Ռուսաստանի Դաշնության դատական կարգադրիչների դաշնային ծառայության միջև 2022-2023թթ.» համագործակցության ծրագիր,
«Էներգետիկական և ոչ էներգետիկական նախագծերի բնագավառում հայ-ռուսական համագործակցության համալիր ծրագիր»,
«Ռուսաստանի Դաշնության անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության կառավարության և Հայաստանի Հանրապետության սննդի անվտանգության տեսչական մարմնի միջև՝ բույսերի կարանտինի ոլորտում տեղեկատվական համակարգերի ինտեգրմանն անցնելու վերաբերյալ» արձանագրություն,
«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության միջև 2022-2025թթ. մշակույթի ոլորտում համագործակցության մասին» ծրագիր,
«Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարության միջև 2022-2023թթ. համագործակցության ծրագիր»:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ