Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Երեւանի պարագծով գործող հանքերը աղետ են քաղաքի համար․Կոտայքի ավազի հանքի փոշին գալիս է Երեւան»․ Կամո Արեյան

Ապրիլ 19,2022 19:20

Հանքերը դարձել են աղետ Երեւան քաղաքի գլխին, դրանք աղետի բուն են։ Այսօր Երեւանի ավագանու նիստում ասաց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը։

Ավագանու նիստում Երեւանի սանմաքրման վերաբերյալ քննարկման ժամանակ, Արեյանն ասել էր՝ Երեւանի համար 1 միլիոն 100 հավաքարար է պետք։ Ավագանու անդամ Արթուր Իսպիրյանն էլ անդրադառնալով մայրաքաղաքի փոշու աղտոտվածությանն, ասաց՝ եթե նույնիսկ 1 միլիոն աշխատող ընդունեք, մեկ է, չի բավարարելու, քանի դեռ կան շինհրապարակները․«Հատկապես Երիտասարդական պալատի այդ ավազի հանքը։ Երկար տարիներ է՝ փոշոտում է մեր քաղաքը։ Կասկադի վերնամասում՝ աջ ու ձախ հատվածները, մի փոքր քամուց փոշի են առաջացնում։ Ուզում եմ նշել հատկապես փոքր կենտրոնում Հին Երեւան նախագծի տարածքը՝ Արամի փողոցում գտնվող այդ շինարարական հատվածները։ Որքան էլ մաքրեն՝ մի փոքր քամուց անմիջապես քաղաքը փոշոտվում է։ Պետք է տուգանքներ սահմանվեն կամ պատասխանատվության ենթարկվեն, որ երկար տարիներ այս վիճակում մնացել է ու ոչինչ չի անում տնտեսավարողը։ Նույնը՝ ոսկու շուկայի հարեւանությամբ, Չարենցի փողոցում, հազարավոր օրինակներ կարող եմ բերեմ»։

Ի պատասխան այս դիտարկմանը, Կամո Արեյանն ասաց՝ անավարտ շինարարությունը, փոսորակները, կիսակառույցները, շինհրապարակները, դրանց վերահսկողությունը քաղաքապետարանի լիազորությունների շրջանակներում է․«Այնքանով, որքանով մեր վերահսկողությունն է, կարողանում է լինել արդյունավետ։ Գործ ունենք բիզնեսի հետ, որն ինքն է իր ներդրումների երաշխավորը, բայց պարբերաբար համապատասխան ծառայությունը գրավոր ծանուցում է շինարարության ավարտի ժամկետը խախտելու, շինթույլտվության ժամկետը սպառվելու եւ տուգանելու մասին։ Սրանք ձեր թվարկած օբյեկտներն են»։

Բայց, ըստ Արեյանի, ամենացավալին հանքերն են, եւ իր խոսքով ասած՝ այսպես կոչված «дробилка»-ները․«Քաղաքի տարածքը համատարած լցված է «дробилка»-ներով (ջարդիչ, Ն․Բ․), բազալտի հանքերի շահագործմամբ։ Բարձիթողի վիճակ է ռեկուլտիվացիան, տարածքների վերականգնումն ու վերահսկողությունը։ Դրանց թույլտվությունների հարցում, հանքի շահագործման եւ օգտագործման, արտադրամասերի ստեղծման գործում՝«дробилка»-ները՝ հանքերին կից, քաղաքապետարանը որևէ լիազորություն չունի»։ Քաղաքապետի խորհրդականը հստակեցրեց՝ դա բնպահպանական տեսչության խնդիրն է, այս տեսչությունը պետք է հետեւի իր տված թույլտվություններին, էկոնոմիկայի նախարարությունը՝ պաշարների թույլտվությանը։

«Մեր բնապահպանական վարչությունը չունի լիազորություն ակտ գրելու կամ տուգանելու։ Միայն կարող է ահազանգել։ Բայց ամբողջ փոշին գալիս է այդ «дробилка»-ներից, բացհանքերից։ Կոտայքի ավազի հանքերի ամբողջ փոշին տեղափոխվում է Երեւան, Արագածոտնի տուֆի քարհանքերի ամբողջ փոշին տեղափոխվում է Երեւան։ Բայց քաղաքի պարագծով գործող տասնյակից ավելի հանքավայրերը եւ «дробилка»-ները, շեբենի հանքերը, դարձել են աղետ քաղաքի գլխին, դրանք աղետի բուն են։ Այստեղ նախարարությունը պետք է կարողանա իր ամբողջ լծակները գործի դնի եւ դարձնի վերահսկելի՝ արդյոք ճիշ՞տ են շահագործում, նորմատեխնիկական պայմանները պահպանո՞ւմ են, ինչո՞ւ հանքի ռեկուլտավացիա չի արվում, որ մնում է այդպես բաց եւ փոշու աղբյուր է դառնում քաղաքի համար»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930