Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքուն մեծ հույսեր է կապում Բրյուսելի հետ Երևանի հետ կարգավորման հարցում. Ալիև

Ապրիլ 19,2022 18:35

Պաշտոնական Բաքուն մեծ հույսեր է կապում Բրյուսելի հետ Երևանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԵՄ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Թոյվո Քլաարի հետ հանդիպմանը:

«Մենք մեծ հույսեր ենք կապում Եվրամիության, հատկապես նախագահ Շարլ Միշելի ջանքերի հետ, որն ակտիվ մասնակցություն է ունենում այդ գործընթացին: Նա արդեն լավ ծանոթ է գործընթացին: Ես կարծում եմ, որ դա ստեղծում է շատ խոստումնալից միջավայր բարեհաջող բանակցությունների համար»,- ասել է Ալիևը:

Նա նշել է, որ ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպումը համարում է «անկյունաքարային կետ» բանակցային գործընթացի զարգացման համար: Նրա խոսքով Բրյուսելյան հանդիպման արդյունքում Բաքվի ու Երևանի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն սահմանների և խաղաղության պայմանագրի հարցերով աշխատանքային խմբի ստեղծման շուրջ:

«Դրանից հետո մենք աշխատում ենք, ԱԳՆ-ն է աշխատում, և իմ աշխատակազմն էլ կապի մեջ է ձեր թիմի հետ, և մենք պատրաստ ենք սկսել, ինչպես որ պայմանավորվել էինք: Ես կարևոր եմ համարում, որպեսզի մենք շարունակենք այս գործընթացը, և որպեսզի երկու կողմերն էլ հավատարիմ մնան պայմանավորվածություններին»,- ասել է Ալիևը:

Միաժամանակ, Ալիևը շեշտել է, որ անհրաժեշտություն է տեսնում հստակեցնելու Ադրբեջանը Նախիջևանին կապող տրանսպորտային կապի հարցը: «Ադրբեջանական կողմն արդեն երկրի տարածքում կառուցել է 100 կմ-անոց ճանապարհի ավելի քան 60 կմ հատվածը, և շինարարությունը նախատեսվում է ավարտել 2023թ.: Նաև Ադրբեջանն ակտիվորեն կառուցում է դեպի Հայաստանի սահման ձգվող ավտոճանապարհը: Ճանապարհի ադրբեջանական հատվածը պատրաստ կլինի գալիք տարվա վերջում»,- ասել է նա:

Ալիևի խոսքով, սակայն, Երևանը դեռ չի սկսել ո՛չ ավտոմայրուղու, ո՛չ էլ երկաթուղու շինարարությունը, և դա կարող է ձգձգել գործընթացը:«Ցավոք, Բրյուսելում հանդիպման ժամանակ Հայաստանի վարչապետը չհստակեցրեց ավտոճանապարհի աշխարհագրական կոորդինատները: Ես այդ հարցը բարձրացրել եմ փետրվարի 4-ի տեսահամաժողովի ժամանակ, բայց պատասխան չի եղել: Ապրիլի 6-ին ես կրկին հարցրի ճանապարհի աշխարհագրական կոորդինատները, բայց պատասխան չեղավ: Ես հույս ունեմ, որ մենք կստանանք դրանք առաջիկայում»,- ասել է Ալիևը:

Բացի այդ, Ալիևը անհրաժեշտ է համարել, որ երկու կողմերն էլ «ապացուցեն բանակցությունների սեղանի շուրջ իրենց լրջությունը: Նա նաև «բեկումնային կետ» է համարել այն հանգամանքը, որ Հայաստանն ընդունել է Ադրբեջանի առաջարկած 5 սկզբունքները: «Մենք դրական ենք գնահատում հայկական կողմի համապատասխան հայտարարությունը: Այժմ ժամանակն է, որպեսզի երկու կողմերն ապացուցեն իրենց լրջությունը բանակցությունների սեղանի շուրջ:

Քլաարն իր հերթին նշել է, որ Ադրբեջան այցի նպատակն էր ապահովել համաձայնեցված հարցերի իրականցումն ու շարունակականությունը: Նա նաև նշել է, որ շաբաթվա երկրորդ կեսին մեկնելու է Երևան:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930