Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Երեւանին 1,1 միլիոն հավաքարար է պետք»․ Կամո Արեյան

Ապրիլ 19,2022 18:10

Երեւանի սանմաքրման համար 1 միլիոն 100 հավաքարար է պետք։ Այսօր Երեւանի ավագանու հերթական նիստում ասաց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը՝ «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը եւ պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» որոշման նախագծի քննարկման ժամանակ։ Նախագծով առաջարկվում է ավելացնել հիմնարկի աշխատակիցների քանակը, այդ թվում՝ հավաքարարների։ Նախատեսվում է հավաքարարների 200 հաստիք ավելացնել, որն ընդհանուր թվով կկազմի 500: Ընդհանուր առմամբ, նախագծով առաջարկվում է հաստատել 991 հաստիք:

Նախագիծը ներկայացնող Կամո Արեյանն ասաց, որ համայնքային այս հիմնարկի մասին որոշումն ընդունելուց անցել է երեք տարի, տեղի են ունեցել էական փոփոխություններ, պարբերաբար համալրվել է շարժակազմը, որը մասնագիտացված, բազմաֆունկցիոնալ մեքենամեխանիզմներով, շարժակազմով են համալրվել, որոնց շահագործման համար առանձնակի հմտություններ եւ սպասարկում է պետք։

991 հաստիք հաստատվեց, 500 հավաքարար, նոր կառուցվածք, պաշտոնային դրույքաչափերը:

Ըստ նախագծի, մայրաքաղաքի մակերեսը 223կմ² է: Ձեռքով մաքրման ենթակա մակերեսը՝ (փողոց, մայթ եւ բակային տարածքներ)՝ 14896917քմ: Գործող կառուցվածքում առկա է թվով 300 հավաքարարի հաստիք: «Այսօր կան փողոցներ եւ տարածքներ, որտեղ սանիտարական մաքրում իրականացվում է 3-4 օրը մեկ անգամ: Ուստի հավաքարարների քանակի ավելացումը օրվա հրամայական է»,-նշված է նախագծում:

Հաստիքների ավելացմամբ, Արեյանի խոսքով՝ բյուջեի մեջ տեղավորվում են, մնում է նույն՝ 4,6 միլիարդը, համայնքային հիմնարկի տնտեսված միջոցների հաշվին նոր հաստիքներ են ավելացվում։

Ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը հետաքրքրվեց՝ այսօր ցախավելով սանմաքրումը նախնադար է հիշեցնում, ընդ որում, այդ կերպ չի լուծվում փոշու խնդիրը, փոշին չի վերանում․ «Ինչո՞ւ փոքր փոշեկուլներով չեն մաքրվում փողոցները, այլ՝ ավելացնում ենք հավաքարարների թիվը»։

Արեյանի պարզաբանմամբ՝ սանմաքրումն, այո, խնդիր է․«Այ, եթե հարցնեիք՝ քանի՞ հավաքարար է պետք։ Առանց զավեշտի, շատ լուրջ կասեի՝ 1 միլիոն 100։ Ամեն երեւանցու հետեւից մի հավաքարար է պետք։ Ցավով եմ ասում։ Առավոտյան ժամը 5:30 սկսում ենք սանմաքրումը, ժամը 12:00-ին քաղաքն աղբի մեջ կորած է։ Մի քանի ժամում ամբողջ քաղաքը վերածվում է աղբանոցի։ Յուրաքանչյուր երեւանցի ձեռքից եկածն անխնա նետում է, կամ ամեն մեկի հետեւից մեկը մոխրաման բռնած ման պիտի գա, 1,5 միլիոն մոխրաման։ Քաղաքը հո աղբարկղերով չե՞նք ծածկելու։ Բավարար քանակի աղբարկղեր կան, չկա բավարար դաստիարակություն եւ պատասխանատվություն, բարոյականություն սեփական բնակավայրի հանդեպ»։

Արեյանի ներկայացմամբ՝ 12 միավոր փոշեկուլ կա եւ դրանք իրականացնում են իրենց աշխատանքը փողոցներում, մայթերի վրա որեւէ փոշեկուլով աշխատանք անելը դժվար է․ «Մեր խնդիրը մեր աղտոտելու մեջ է, ուստի ձեռքի աշխատանքը դեռ անհրաժեշտ է»։

Նրա խոսքով․ «Ջրցան մեքենաներն էլ աշխատում, պարզապես փողոցներում շատ են կայանված ավտոմեքենաներ, որոնք չեն թողնում փոշեկուլը կամ ավելն աշխատի, դրա համար գիշերն են աշխատում»։ Նա ասաց, որ փոշեկուլները վատ են շահագործվում, դա էլ կախված է վարորդի հմտությունից, մեքենան պետք է ճիշտ շահագործի, միշտ ջրով լի պահի եւ այլն․«Տնօրենի առաջ խնդիր է դրած՝ պետք է աշխատանքը ճիշտ կազմակերպի, կամ վարորդներին փոխի կամ սովորեցնի։ Թե չէ՝ նորմալ աշխատող մեքենաներ են»։

Արեյանի խոսքով՝ հավաքարարների քանակն, իհարկե, բավարար չէ, առաջարկվող հաստիքներով մաքրվելու է ամբողջ քաղաքը, ընդհանուր օգտագործման տարածքները, ներառյալ՝ բակերը։

«Մեր բակերն ո՞վ է աղտոտում։ Շենքի բնակիչները։ Մեզանից էլ պահանջում են՝ եկեք մեր տունը մաքրեք։ Իրավական առումով քննարկում ենք համատիրությունների օրենսդրությունը, կդնենք սահմանազատում, որպեսզի բակային սանմաքրումն ամբողջությամբ չմնա հավաքարարների վրա»,-ասաց Արեյանը։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930