«Ես այդպես էլ չհասկացա` ներկայացված բազմաթիվ տեսանյութերն ինչո՞վ էին վկայում, որ ինչ-որ մարդ կոնկրետ գործողություն է արել, որը հնարավոր է բնութագրել՝որպես խուլիգանություն»,-լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Բագրատ Եսայանը՝ անդրադառնալով իր և այլ քաղաքական գործիչների ու քաղաքականապես ակտիվ 10 անձանց դեմ հարուցված քրեական գործին:
Հիշեցնենք՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Բագրատ Եսայանի եւ այլ քաղաքական գործիչների ու քաղաքականապես ակտիվ 10 անձանց (Արսեն Վարդանյան, Էմանուել Սինան, Նարեկ Վերդյան, Արշակ Սարգսյան, Սարգիս Կարապետյան, Տարոն Մանուկյան, Մեսրոպ Եղիազարյան, Աշոտ Հովհաննիսյան, Նարեկ Մանթաշյան) դեմ հարուցված գործով դատական նիստի ընթացքում ապրիլի 19-ին տեղի ունեցավ վկաների հարցաքննություն:
Բագրատ Եսայանը նկատեց՝ որևէ տեսաձայնագրության մեջ խուլիգանական որևէ արարք չի արձանագրվել և հարցրեց՝ ինչո՞ւ են դրանք ներկայացվել որպես ապացույցներ: Նա շարունակեց. «Փոշոտված գլխարկները, ինչ-որ շշեր են ներկայացվում: Այդպես էլ չհասկացա՝ դրանք ի՞նչ կապ ունեն իմ կամ մնացած մեղադրյալների հետ: Այդպես էլ որևէ ձևով մեր անձնական մեղքը չհիմնավորվեց, չփաստարկվեց, որ այդ առարկաները որևէ առնչություն են ունեցել մեզ հետ: Տեսաձայնագրություններում կարծես երկուսում ֆիքսված է: Իսկ պետական մեղադրյալը հպարտությամբ հայտարարում էր, որ տեսեք՝ սա Բագրատ Եսայանն է, որ երևում է: Այնտեղ հարյուրավոր մարդիկ էին երևում, որոնք մասնակցում էին ցույցին: Ինչո՞վ է հիմնավորում, որ Նիկոլ Փաշինյանի հասցեին արված վանկարկման հետ ես առնչություն ունեցել եմ, չի ներկայացվել որևէ ապացույց»:
Հարցին՝ չե՞ք կարծում , որ այս գործով անցնող անձինք կաշկանդված կլինեն մասնակցել նոր շարժմանը, որը սկիզբ է առել Ազատության հրապարակից, Բագրատ Եսայանը պատասխանեց. «Իմ մասով պատասխանեմ, որ որևէ բանով ես երբևէ կաշկանդված չեմ եղել: 34 տարի շարունակ ազգային վերազարթոնքից ի վեր՝ եղել եմ բոլոր քաղաքական գործընթացների մասնակից: ՀՅԴ-ի դեմ եղել են հարուցված դատական գործեր, որևէ ձևով ես կաշկանդված չեմ եղել: Խորհրդարանում վերջին ելույթով, արտաբերված բառերով մարդը հիմնավորում է, որ ինքը պատրաստ է հող տալ, բայց վիրավորվում է, երբ իրեն անվանում են հողատու, պատրաստվում է դավաճանել մեր 34 տարվա պայքարին, բայց վիրավորվում է, երբ իրեն դավաճան են անվանում: Նրա արարքները ամբողջությամբ ընկնում են այն բնութագրման տակ, որը վերագրվում է մեզ, բայց վիրավորվում է, երբ իր արարքները բնութագրվում են այդ բառերով: Լրացուցիչ հորինել են քրեական օրենսգրքի հոդված, որով փորձում են բերան փակել: Այդպես չի լինում: Եթե չորս տարի առաջ փողոցով իշխանության եկած մարդը վստահեցնում էր, որ առանց փողոցի համաձայնության ինքը կգա Հանրապետության հրապարակ, կկանգնի, թող հիմա գա, կանգնի, ասի, որ հանձնում է Արցախը: Վստահ եմ, որ մեր ժողովրդի մեջ դիմադրության ոգին կորած չէ: Դիմադրության այդ նոր շարժումը, որը սկիզբ է առել Ազատության հրապարակից, հաջողությամբ ավարտվելու է, և այս դավաճանների, հողատուների իշխանությունն ուղղակի քշվելու է երկրից»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ