Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե 71 ՔՊ-ականներից 20-ին համոզենք ճամբար փոխել, ԱԺ-ում նոր մեծամասնություն կլինի»․ Ավետիք Չալաբյան

Ապրիլ 19,2022 17:34

«Այս վարչակարգը պետք է հեռանա, բայց երկիրը ցնցումների մեջ պետք է չհայտնվի, որովհետեւ մեր երկրի շուրջն ատամները սրած սպասում են թշնամիները։ Ուստի մեր պայքարի ժամանակ թշնամու առաջ նոր դուռ չպետք է բացենք, պետք է գործենք խաղաղ, օրինական, սահմանադրական ճանապարհով»,-Ազատության հրապարակում այսօր դիմելով հանրությանը՝ հայտարարեց «ԱրԱր» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանը։

Ինչպես հայտնել էինք, 5165 շարժումն այսօր իջեցրեց կուսակցական դրոշն ու Ազատության հրապարակում միացավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին եւ Արցախը փրկելու գաղափարի շուրջ համախմբմանը, մյուս կուսակցություններին էլ նույնը կոչ արեց:

«Այս հնարավորությունը կա։ Մենք խորհրդարանական երկիր ենք, եւ խորհրդարանում նոր մեծամասնություն ձեւավորելու հնարավորություն խնդիր կա, եթե 71 իշխանական պատգամավորներից գոնե 20-նն անցնեն հակառակ ճամբար։ Հնարավորություն կա նաեւ նոր խորհրդարանական ընտրությունների գնալու, որը, սակայն, պակաս ձեռնտու է, որովհետեւ անկայունության հիմք է տալիս։ Ուստի մեր խնդիրն է խելամիտ ճանապարհով գնալ եւ այսօրվա իշխանական պատգամավորների գոնե 1/3-ին համոզել ճամբար փոխել։ Սա իրատեսական է»,-համոզմունք հայտնեց Ավետիք Չալաբյանը։

Նրա խոսքով՝ ՀՀ պատմության ընթացքում արդեն երկու անգամ նման նախադեպ է եղել․ «Առաջինը 1997-98թ․-ին, երբ ՀՀՇ-ի մի շարք պատգամավորներ անցան «Երկրապահ» խմբակցություն, եւ Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց։ Իսկ 2018թ․-ին որոշ ՀՀԿ պատգամավորներ անցան Նիկոլ Փաշինյանի կողմը։ Այսպես հնարավոր է ձեւավորել նոր՝ ազգային համաձայնության կառավարություն, որի ղեկավար չպետք է լինի ՀՀ նախկին նախագահներից եւ ոչ մեկը»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930