Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀԲԸՄ նախագահին               

Ապրիլ 19,2022 17:26

Ապրիլի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ տիար Պերճ Սեդրակյանին:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀԲԸՄ նախագահն անդրադարձան հայրենական և ազգային կյանքում առկա մարտահրավերներին և դրանց  հաղթահարմանն ուղղված Հայոց Եկեղեցու և տարբեր ազգային հաստատությունների կողմից ձեռնարկվող կրթական, սոցիալական և զարգացման ծրագրերին:

Զրույցի ընթացքում խոսվեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և ՀԲԸՄ երկարամյա համագործակցության մասին, որն արդյունավորվել է բազում օզգօգուտ և եկեղեցաշեն ծրագրերով։ Այս առիթով Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանին՝ բարձրորեն գնահատելով Միության կողմից դրսևորվող ոգին ու գիտակցությունը և Մայր Աթոռին ու Հայոց Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերին ցուցաբերվող շարունակական զորակցությունը։

Ազգի առջև ծառացած արդի խնդիրներին հանդիման Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀԲԸՄ նախագահը հատկապես կարևորեցին երիտասարդ սերնդի կրթությանն ու հայեցի դաստիարակությանը, ազգային ինքության պահպանությանն ու ազգային ոգու զորացմանը ուղղված ծրագրերի խթանումը։

Մասնավոր անդրադարձ կատարվեց Արցախի շուրջ մտահոգիչ զարգացումներին, Արցախի ազատ ու անկախ կյանքի դեմ ոտնձգություններին և արցախցիների կյանքում առկա դժվարություններին։ Ընդգծվեց անհրաժեշտությունը համազգային հետևողական ջանքերի գործադրման ի նպաստ Արցախի մեր ժողովրդի իրավունքների պաշտպանության և խնդիրների հաղթահարման։

Հանդիպման ընթացքում Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանն արծարծեցին մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին սփյուռքի համայնքային կյանքին, ձևավորվող նոր համայնքներին, հայապահպանության խնդիրներին, ինչպես նաև երիտասարդության ազգային և հոգևոր պատշաճ խնամատարության և սփյուռքի ազգային կառույցների և հաստատությունների զորացման կարևորությանը։ Կարևոր նկատվեց սփյուռքի ներուժի գնահատումը և համակարգված ծառայեցումը աշխարհասփյուռ համայնքների ազգային կյանքի աշխուժացմանը և հայրենական կյանքի առաջընթացին և բարօրությանը։ Քննարկվեցին հնարավոր ուղիները, որոնցով Եկեղեցին և ՀԲԸՄ կարող են սփյուռքին և հատկապես երիտասարդությանը ներգրավել հայրենիքի հզորացմանն ուղղված ծրագրերում և նախաձեռնություններում։

Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930