Լրահոս
Օրվա լրահոսը

Երդմամբ թոթափել եմ գործադիր մարմնի ներկայացուցչի պարտավորությունները. Քրիստինե Գրիգորյանը՝ Թագուհի Թովմասյանին

Ապրիլ 19,2022 16:52

«ԱԺ-ի առջեւ տրված իմ երդմամբ՝ ես թոթափել եմ այն բոլոր պարտավորվածությունները, որոնք ունեցել եմ իբրեւ գործադիր մարմնի ներկայացուցիչ»,- այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում հայտարարեց ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը՝ պատասխանելով հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի հարցին:

Քրիստինե Գրիգորյանը ներկայացրեց ՀՀ ՄԻՊ-ի տարեկան՝ 2021 թվականի զեկույցը: Թագուհի Թովմասյանը հետաքրքրվեց՝ շահերի բախման հետ գործ չունեցա՞ք, քանի որ, մասնավորաբար, ծանր վիրավորանքը քրեականացնելու օրենքը խորհրդարանում, իբրեւ արդարադատության փոխնախարար, ներկայացրել է ինքը, մինչդեռ օրենքը խիստ քննադատվեց թե այդ ժամանակ ՄԻՊ Արման Թաթոյանի, թե միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից: Թագուհի Թովմասյանը նաեւ նկատեց, որ Արման Թաթոյանի տարեկան հաղորդման եւ տարեկան զեկույցի ներկայացման ընթացքում Քրիստինե Գրիգորյանը խուսափեց պարեկային ոստիկանության մասին հատվածին անդրադառնալ եւ հիշեցրեց, որ փոխնախարար եղած ժամանակ Քրիստինե Գրիգորյանն այդ ծառայության ներդրման ջատագովներից էր, իսկ Արման Թաթոյանը խնդրահարույց էր համարում ծառայության ներդնումը, այժմ էլ առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնց անդրադարձ չեղավ:

Քրիստինե Գրիգորյանը վստահեցրեց՝ շահերի բախման տպավորությունն առերեւույթ է եւ հավաստիացրեց, որ ինքը մեծ ջանասիրությամբ է վերաբերվում ինստիտուտի կայացմանը եւ նախկին ՄԻՊ-ի կատարած աշխատանքին: Վիրավորանքի քրեականացման օրենքի մասին էլ հավելեց, որ սպասում է ՍԴ-ում ՄԻՊ դիմումի քննությանը եւ որոշմանը, այդ ընթացքում վիճակագրական տվյալներ է հավաքում օրենքի իրավակիրառ պրակտիկայի մասին, ապա միայն իր եզրակացությունը կանի:

Պարեկային ծառայության եւ ՃՈ աշխատանքի մասով էլ համաձայնեց՝ ՄԻՊ-ը իր հաղորդման մեջ խնդիրներ է արձանագրել, որոնք վերաբերում են առանց պահանջի ձեւակերպման կամ արձանագրության կազմման՝ տրանսպորտային միջոցները հատուկ պահպանվող տարածքներ տեղափոխելուն: Պաշտպանն առաջարկել է համապատասխան եւ շարունակական դասընթացներ կազմակերպել, ինչն, իբրեւ կառավարության ներկայացուցիչ, ինքն էլ է առաջարկել:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930