«Պատերազմից առաջ եւ հետո Նիկոլ Փաշինյանը թույլ է տվել ճակատագրական սխալներ, որոնք անընդհատ խորացնելու են այս ճգնաժամը։ Մինչեւ պատերազմը նա բանակցային գործընթացում կատարեց նորամուծություններ՝ «զրոյական կետ», «Արցախը Հայաստան է եւ վերջ»․․․չի պատկերացրել, թե ինչի հետ գործ ունի եւ իր բախտախնդրության պատճառով մեզ կանգնեցրել է նման ճգնաժամի առաջ»,-Ազատության հրապարակում այսօր հայտարարեց 5165 շարժման անդամ, հանրային կառավարման եւ միջազգային հարաբերությունների փորձագետ Հովհաննես Ղազարյանը։
Նա շեշտեց․ «Նա մի քանի օր առաջ ասում էր, թե Արցախի կարգավիճակի հետ կապված նշաձողը պետք է իջեցնենք, մինչդեռ 2019թ․-ին հայտարարում էր այն մասին, որ ժողովուրդն իրեն մանդատ է տվել՝ Արցախի սուբյեկտայնության մակարդակը բարձրացնելու համար, որ Արցախը պետք է բանակցային սեղանի շուրջ վերադառնա։ Իսկ այսօր մեղադրում է ժողովրդին՝ մեղքը բարդելով ժողովրդի վրա, ասելով, թե ժողովուրդն է իրեն մանդատ տվել։ Ժողովուրդն Արցախը հանձնելու մանդատ է տվե՞լ․ եթե ոչ, դուրս եկեք փողոց ու ասեք այդ մասին։ Սա մեր պարտքն է։ Իր կառավարման ոճին համապատասխան՝ ասելու է, թե պատասխանատվություն չի կրում, մինչդեռ ինքն է իրական, առաջին պատասխանատուն»։
Ղազարյանի խոսքով՝ խորապես ուսումնասիրել են Փաշինյանի վարքագիծն ու ելույթները, դրա համար վերոնշյալ պնդումներն են անում։
Կարդացեք նաև
Ինչպես հայտնել էինք, 5165 շարժումն այսօր իջեցրեց կուսակցական դրոշն ու Ազատության հրապարակում միացավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին եւ Արցախը փրկելու գաղափարի շուրջ համախմբմանը, մյուս կուսակցություններին էլ նույնը կոչ արեց:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ