Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես Գարանյան չեմ, իմ կապը Հայաստանի հետ միայն սրտով է». Գարուն Երեւանում է

Ապրիլ 19,2022 16:40

Ապրիլի 21-ին եւ 22-ին հանրահայտ փոփ աստղ Գարուն ելույթ կունենա Երեւանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը համերգի առիթով կայացած ասուլիսում նշեց, որ «Երեւանյան հեռանկարների» ու ՀՀ ԱԳ նախարարության գաղափարն էր` ֆրանկոֆոնիային նվիրված համերգները հասարակությանը մատուցելը:

French pop singer Garou and General Manager of ‘Yerevan Perspectives’ International Music Festival Sona Hovhannisyan gave a press conference ahead of the singer’s concert in Yerevan, Armenia

Աշխարհահռչակ երաժիշտը նշեց, որ շատ ոգեւորված է իր երեւանյան այցով, ավելի քանի 10 տարի է անցել իր նախորդ այցից: Գարուն ժամանել է Կանադայից Ֆրանսիա, ապա Երեւան, իսկ Հայաստանից կմեկնի Մոնրեալ: Նա ասաց, որ ողջ ստեղծագործական թիմով ոգեւորված եւ երջանիկ են մեր երկիր այցելելու համար:

Ինչ վերաբերվում է Երեւանում ներկայացվելիք ծրագրին, այն որակեց հեքիաթային եւ հրաշալի, ասաց, որ բացում է դասականի սահմանները. «Սա մի բան է, որ հիմքում կա ժողովրդական տարր, ազատություն, միասին ստեղծագործելու մեծ ձիրք»: Նա տվեց Լեգրանի, Ազնավուրի, Ժակ Բրելի ու մյուսների անունները:

Գարուն հումոր արեց. «Իմ անունը Գարու է, ես Պիեռ Գարանն եմ, ոչ թե Գարանյանը, իմ կապը Հայաստանի հետ միայն սրտով է…ցավոք տատիկս էլ հայ չէ»:

Նա ասաց, որ Երեւանում մի քիչ երկար է մնալու, պատճառն այս շրջանում համերգների բացակայությունն է, որոնք քովիդով պայմանավորված անսպասելի հանվեցին Եվրոպայում. «Բնական ձեւով Հայաստանում պետք է հանդիպեմ հայերին, երաժիշտներին եւ կարողանամ ինչ-որ բաներ գտնել ինձ համար: Շատ սպասում եմ համագործակցությանը, հուսով եմ, որ ինչ-որ բաներ տեղի կունենան»:

French pop singer Garou and General Manager of ‘Yerevan Perspectives’ International Music Festival Sona Hovhannisyan gave a press conference ahead of the singer’s concert in Yerevan, Armenia

Անդրադարձ եղավ տարիներ առաջ իր մարմնավորած Քվազիմոդոյին` «Փարիզի աստվածամոր տաճարում»: «Երբ ինձ առաջարկեցին Քվազիմոդոյի դերը «Փարիզի աստվածամոր տաճարը» մյուզիքլում, հերոսն իմ բնավորության հակապատկերն էր, ես այդ շրջանում ջազ էի նվագում, շատ շփվում էի, միշտ ժպտում էի: Մինչդեռ պետք է խաղայի մի հերոսի, որը սիրո ու ուշադրության կարիք ուներ, եւ մարդիկ խուսափում էին նրանից: Ամեն դեպքում այդ դերն ինձ փոխեց: Հետաքրքիր է, որ մյուզիքլում բոլորը խուսափում էին ինձանից, իսկ դրսում ոգեւորված «հարձակվում» ինձ վրա…»,-ասաց Գարուն:

Նա խոսեց նաեւ արվեստի, երաժշտության մեծ ուժից. «Մենք ունենք ուժ եւ իշխանություն` մարդկանց սրտերի հետ խոսելու: Այն արտիստները, որոնք դա օգտագործում են ինչ-ինչ քաղաքական կարծիքներ արտահայտելու համար, ճիշտ չէ, մեր գործը մարդկանց տխրության դեմ պայքարելն է, նրանց երջանկացնելը, մարդկանց սրտերի ու հոգու հետ խոսելը…Ճիշտ չէ, որ մարդիկ ներքաշվեն քաղաքական անցուդարձի մեջ, իշխանություն ստանան ավելի շատ ու դա այլ ձեւով օգտագործեն»,-ասաց Գարուն:

Հայերենի մասին էլ հարց հնչեց: Նա ասաց, որ հայերենն իր ականջին գեղեցիկ է հնչում, հոսող լեզու է, իսկ ինչ վերաբերվում է ֆրանսերենին, այն սիրո լեզու է, ռոմանտիկ է, բայց շատ երաժիշտների համոզմամբ՝ բարդ է երգելու համար, այնպես չի հոսում, ինչպես անգլերենը:

Լրագրողները վերջում մեկ նախադասություն սովորեցրին Գարուին, նա հայերեն արտասանեց «Ես ուրախ եմ լինել այստեղ» եւ արժանացավ ծափահարությունների:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930