Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին սոցիալական պայմանագիրը. Ռուբեն Վարդանյան

Ապրիլ 19,2022 22:00

Մաս 3

Սկիզբը՝ այստեղ

Ցանկացած բարեփոխում և վերափոխում լիարժեք լեգիտիմություն են ստանում միայն այն դեպքում, երբ հիմնված են սոցիալական պայմանագրի վրա։ Սոցիալական պայմանագիր ասելով նկատի ունեմ իշխանությունների և հասարակության, Հայաստանի և Սփյուռքի, Հայաստանի և Արցախի միջև ակնկալիքների ինչ-որ տեսակի փոխանակումը։ Այլ կերպ ասած, սոցիալական արհավիրքներից խուսափելու և զարգացմանը նպաստող փոփոխություններ իրականացնելու համար անհրաժեշտ է, որ հարաբերությունների ընդունված ձևաչափն ու դերերի բաշխումը հարմար լինեն բոլոր կողմերին, և նրանք իրենց հերթին կատարեն իրենց ստանձնած պարտավորությունները։

1990-ականների սկզբին Արցախի անկախության պատերազմում հայերին հաղթանակի առաջնորդող ղեկավարները անվտանգության, կայունության և սոցիալական կարիքների բավարարման երաշխիքների դիմաց հնարավորություն ստացան մենաշնորհելու իշխանությունը և իրենց ձեռքը վերցնելու Հայաստանի նյութական ակտիվներն ու դրամական հոսքերը։ Քառորդ դարի ընթացքում կառուցված կառույցում «բարի տիրոջ» առկայությունը հարմար էր թե՛ իշխանություններին և թե՛ հասարակության մեծ մասին. իշխանությունների պատերնալիզմը[1] քաղաքացիներին վարժեցնում էր խնամառության, անձնական պատասխանատվությունից խուսափելու և ամենակարող Կենտրոնի նկատմամբ հավատի, որն ի զորու է ապահովելու ռեսուրսների հասանելիությունը:

Իշխանությունների պատերնալիզմը քաղաքացիներին վարժեցնում էր խնամառության, անձնական պատասխանատվությունից խուսափելու և հավատի ամենակարող Կենտրոնի նկատմամբ, որն ի զորու է ապահովելու ռեսուրսների հասանելիությունը:

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

 

Նախկին իշխանությունը, անվտանգության ու կայունության երաշխիքների դիմաց, մենաշնորհել էր երկրի կառավարումը և վերահսկողության տակ առել նյութական ակտիվներն ու դրամական հոսքերը։

Հայաստանի ու Արցախի միջև սոցիալական պայմանագրի հիմքում ևս եղել է անվտանգության երաշխիքը։ Ըստ չգրված պայմանագրի, Արցախը համարվում էր հայկական աշխարհի անբաժանելի մասը, Հայաստանն ապահովում էր վերջինիս անվտանգությունը նրա դիմաց, որ հայերը շարունակեն ապրել Արցախի հողում և պահպանեն իրենց դարավոր ժառանգությունն ու իրենց յուրահատուկ մշակույթը։ Եվ Հայաստանը թեև պաշտոնապես չճանաչեց նրա անկախությունը, իր վրա վերցրեց նրա ճակատագիրը որոշող բոլոր հարցերի լուծումը՝ բուն Արցախի ժողովրդին, փաստորեն, դուրս թողնելով բանակցային գործընթացից, սեփական անվտանգության համակարգի կառուցումից և այլ ոչ պակաս կարևոր նշանակություն ունեցող ու ճակատագրական որոշումների ընդունումից:

Սփյուռքի դրամական աջակցությունը մեծ մասամբ զարգացման ծրագրերում ներդրումների տեսք չընդունեց և միայն խրախուսեց խնամառությամբ ապրելու ընդհանուր միտումը։

Ինչ վերաբերում է Սփյուռքին, բարեգործական օժանդակության և Հայաստանի ներքին գործերին չմիջամտելու դիմաց վերջինս ստացել է հայաստանյան «ազգային պատկանելության», պատմական հողերի վրա ապրող ազգակիցների կողմից սրտաբացության ու հյուրասիրության զգացումը։ Դրա հետևանքով, Սփյուռքի դրամական օգնությունը շատ դեպքերում զարգացման ծրագրերում հետևողական նյութական ու հոգևոր ներդրումների ձև չընդունեց և չստեղծեց հավելյալ արժեք՝ մնալով հեշտ փողի աղբյուր և միայն խրախուսելով քաղաքացիների սպառողական վերաբերմունքը, խնամառությամբ ապրելու ընդհանուր մոտեցումը։ Սփյուռքի ներգրավվածությունը Հայաստանի գործերին ունեցել է և ունի անկանոն, ալիքաձև բնույթ և, որպես կանոն, մեծանում է միայն Հայաստանի և Արցախի կյանքում տեղի ունեցող ողբերգական իրադարձությունների առիթով։ Եվ սրա մեջ չի կարելի մեղադրել միայն Սփյուռքին, քանի որ ցանկացած մերձեցում պահանջում է միմյանց փոխադարձ հանդիպակաց շարժում։

Հայաստանում քաղաքական ինստիտուտների ոչ ներառական բնույթի ցայտուն օրինակ է Հայաստանի Հանրապետության քաղաքացիության պարտադիր գոյությունը և/կամ պետական ​​ծառայության երկարամյա փորձը, ինչպես նաև հայոց լեզվի իմացությունը նրանց համար, ովքեր ցանկանում են պատասխանատու որևէ պաշտոն զբաղեցնել։ Պետք է գիտակցենք, որ ազգի երեք քառորդը կազմում է Սփյուռքը, և երբ նման սահմանափակումներ ենք դնում նույնիսկ միջին կառավարման մակարդակում, դրանով հրաժարվում ենք երկրի բարօրության համար աշխատանքի մեջ լավագույն ուղեղներին ներգրավելու հնարավորությունից։ Կասկածից վեր է, որ եթե պետական ​​նշանակալից պաշտոններ զբաղեցնեն Հայաստանից բացի, նաև այլ երկրի քաղաքացիություն ունեցող անձինք, պետք է ստեղծվեն ազգային անվտանգության ապահովման և ազգային շահերի պաշտպանության համար անհրաժեշտ բոլոր մեխանիզմները, ինչպես նաև նրանց հայոց լեզու սովորեցնելու և մշակույթին, երկրի պատմությանն ու ավանդույթներին ծանոթացնելու ընթացակարգեր: Նման գործելակերպի օրինակներ տեսնում ենք աշխարհաքաղաքական տարբեր կշիռ ունեցող երկրներում՝ Իսրայելում, Բալթյան երկրներում, Մեծ Բրիտանիայում և այլուր։

Իշխանությունների և հասարակության, Հայաստանի և Սփյուռքի, Հայաստանի և Արցախի միջև անխոս պայմանավորվածությունը տեսանելի ձախողումների չհանգեցրեց՝ բացառությամբ դժգոհության առանձին պոռթկումների։ Թվում էր, թե ոչ խաղաղություն-ոչ պատերազմ անորոշ վիճակը, որում գտնվում էր երկիրը, բոլորին ձեռնտու էր, և մինչև 2016 թ. ապրիլ ամիսը պետական ​​կառավարման համակարգը, իր ողջ անթափանցությամբ ու կոռուպցիայով, թվում էր հուսալի ու կայուն։ Քառօրյա պատերազմը հստակ ցույց տվեց այդ համակարգի ժամանակավրեպությունն ու անկայունությունը, բացահայտեց տնտեսության մեջ, հասարակական կյանքում, բանակում առկա բազմաթիվ չլուծված խնդիրներ։ Ե՛վ վերնախավը, և՛ քաղաքացիները համոզվեցին, որ կենսակարգի գոյություն ունեցող ձևն ի վիճակի չէ ապահովելու հայության մեծամասնության համար ամենակարևորը՝ Արցախի անվտանգությունը, և, եթե այդպես է, ապա, ուրեմն, քառորդ դարի ընթացքում ազգի կատարած բոլոր զոհաբերությունները կարող են անիմաստ լինել։ Իրադրությունը հույս չէր թողնում, թե Հայաստանը դեռ որոշ չափով շոշափելի ժամանակ ունի, որն իրեն թույլ տա շարունակել լողալ հոսանքի ուղղությամբ։ Զարմանալիորեն, այդ պահին նույնիսկ միմյանց ընդդիմացող քաղաքական գործիչները հասկացան, որ երկրի զարգացման մոդելը հիմնավոր փոփոխությունների կարիք ունի։

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Քառօրյա պատերազմը և «Սասնա ծռեր» խմբավորման բողոքի զինված ակցիան ակնհայտորեն ի ցույց դրեցին հայության մեծամասնության համար կարևորագույն հարցի՝ անվտանգության ապահովման գործում համակարգի անկարողությունը։

 

Արտաքին հանգամանքների ազդեցության ներքո (Քառօրյա պատերազմը և «Սասնա ծռեր» խմբավորման զինված բողոքը) սկսեց փոխվել ներքին քաղաքականությունը։ Փորձելով հավասարակշռություն պահպանել քաղաքական տարբեր ուժերի միջև և հաջողությամբ անցնել իշխանափոխության դժվարին փուլը՝ նախագահ Սերժ Սարգսյանը թարմ արյուն ներարկեց իշխող օղակներին, գործադիր իշխանության թիմը նորոգվեց և ավելի մեծ եռանդ ձեռք բերեց։ Տնտեսությունն սկսեց թափ հավաքել, բարեփոխումներ սկսվեցին գյուղատնտեսության և մարզերի հետ հարաբերությունների մեջ, իշխանությունն սկսեց շարժվել դեպի կառավարման ու քաղաքացիների հետ հաղորդակցման ավելի ժամանակակից մեթոդներ։ Կարևոր ձեռքբերումը, որը ցույց է տալիս, որ երկիրը ձեռնամուխ էր եղել համաշխարհային տնտեսական գործընթացներին ինտեգրվելուն, 2017 թ.-ին Հայաստանի և ԵՄ-ի միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի ստորագրումն էր։ Միաժամանակ մեծանում էր Եվրասիական միության և հատկապես Ռուսաստանի հետ տնտեսական փոխգործակցության թափը։ Սակայն բոլոր փոփոխություններն իրականացվել են գործող համակարգի շրջանակներում՝ փոխակերպելով դրանք, բայց չդնելով սկզբունքորեն այլ հիմքի վրա։

Կարևոր է գիծ քաշել անցյալի տակ (ինչը չի նշանակում պարզապես «դուրս գրել բոլոր պարտքերը»), դադարեցնել մեղավորների փնտրտուքը և փոխարենը` սառնասրտորեն վերլուծել սխալներն ու դրանցից դասեր քաղել ապագայի համար:

Ամենապարզ բանն, իհարկե, իշխանություններին քննադատելն է։ Երկրի ղեկավարության վերջին տասը տարիների որոշումներին ու գործողություններին հավասարակշռված գնահատական տալ հնարավոր կլինի միայն տարիներ անց, քանի որ որևէ կառավարության գործունեության դրական ու բացասական հետևանքներն անմիջապես չեն բացահայտվում։ Ներկա պահին կարևոր է գիծ քաշել անցյալի տակ (ինչը բնավ չի նշանակում պարզապես «դուրս գրել բոլոր պարտքերը») և նայել առաջ, դադարեցնել մեղավորների փնտրտուքն ու փոխարենը սառնասրտորեն վերլուծել ամենաակնառու սխալները, որ թույլ են տվել բոլոր նրանք, ովքեր երրորդ հանրապետությունում երբևէ եղել են իշխանության, և դրանցից դասեր քաղել ապագայի համար:

Կարելի է միայն պնդել, որ երկրի ինտեգրումը համաշխարհային տարածքի մեջ, պետական ​​կառույցների ավելի մեծ աստիճանի բացության ու թափանցիկության անցումը ճիշտ ուղղությամբ կատարվող քայլեր էին։ Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ ձեռնարկված գործողություններն ընդամենը կիսամիջոցներ էին, որոնք ավելի շատ հանգեցրին մակերեսային բարելավումների, քան կենսակարգի խորքային փոխակերպման: Դեպի առաջ շարժը եղել է չհամակարգված, կետային և, ինչն էական է, ազդեցություն չի գործել հասարակության կյանքի բարոյական կողմերի վրա, որը դեպի լավը տանող լուրջ փոփոխություններ չի զգացել։ Է՛լ ավելի ցավալի էր այն հանգամանքը, որ իշխանությունը հաղթեց խորհրդարանական ընտրություններում, սակայն պահպանեց նախկին կիսաավտորիտար ռեժիմը, որտեղ ամեն ինչ որոշում է մեկ մարդ։

Իշխանությունը պահպանեց նախկին կիսաավտորիտար ռեժիմը, որտեղ ամեն ինչ որոշում է մեկ մարդ։

Վերնախավը, որը ձգտում է պահպանել իր դիրքերը, ունի սցենարների սահմանափակ ընտրություն, որոնք, գոնե արտաքնապես, դուրս չեն գալիս լեգիտիմության դաշտից։ Երկրի ղեկավարը կա՛մ կարող է իրականացնել սահմանադրական կամ կառուցվածքային բարեփոխում, որն օրինական ճանապարհով նրան կթողնի իշխանության ղեկին, կա՛մ ապահովել իշխանության շարունակականությունը՝ այն փոխանցելով իր հաջորդին (հաջորդների խմբին), կա՛մ գտնել իշխանության մեխանիզմները վերահսկելու ուղի անպաշտոն կերպով՝ առանց պետական ​​պաշտոն զբաղեցնելու։ Ինչպես կիսաավտորիտար ռեժիմի որևէ առաջնորդ, երկրորդ ժամկետով վերընտրվելուց հետո նախագահ Սարգսյանը ևս, լինելով փորձառու քաղաքական գործիչ, չէր կարող չմտածել իշխանությունը պահպանելու այս տարբերակների մասին, բայց չէր շտապում վերջնական ընտրություն կատարել՝ առավելագույն հնարավորություն պահպանելով մանևրելու համար: Երկրում իրականացվեց սահմանադրական բարեփոխում, և անցում կատարվեց խորհրդարանական հանրապետության։ Նախագահը որպես հնարավոր իրավահաջորդներ դիտարկում էր ավելի պահպանողական և ավելի առաջադեմ թեկնածուի: Սակայն վերջին պահին նա, այնուամենայնիվ, որոշեց իր թեկնածությունն առաջադրել վարչապետի պաշտոնում, այսինքն՝ առաջին սցենարն ընտրեց նշված բոլոր սցենարներից, որոնք լիովին բնորոշ են կիսաավտորիտար և ավտորիտար ռեժիմներին, որտեղ բացակայում են իշխանության ու հասարակության միջև հակադարձ կապի թափանցիկ ու արդյունավետ մեխանիզմները, իսկ առաջնորդի շրջապատը, որը սովորաբար բաղկացած է լինում նրա մերձավոր ազգականներից, համառորեն նրա մեջ սերմանում է այն միտքը, թե, իրենից բացի, ուրիշ ոչ ոք չի կարող լինել կայունության երաշխավոր։ Նշենք, որ նախկին նախագահին, ինչպես ինքն է ասում, առաջնորդել է իշխանությունն իրավահաջորդին հանձնելուց առաջ Արցախի հարցը լուծելու ցանկությունը։

Ձևական առումով, նախկին նախագահի նշանակումը վարչապետի պաշտոնում միանգամայն օրինական էր, սակայն իշխող կուսակցության կողմից իրականացված այս քայլը հակասում էր ավելի վաղ տված խոստմանը։ Քաղաքացիներն այս քայլը համարեցին անհարգալից վերաբերմունքի դրսևորում և վճռական բողոք արտահայտեցին սոցիալական պայմանագրի խախտված դրույթները վերանայելու իշխանությունների մերժման և հարաբերությունները նախկին հունին վերադարձնելու նրանց փորձերի դեմ։ Մարդիկ դուրս եկան փողոց և մասնակցեցին 2018 թ.-ի գարնան բողոքի շարժմանը՝ ելնելով ոչ այնքան քաղաքական, որքան արժեքային, բարոյական պատճառներից։

Լուսանկարը՝  Կասպեր Կավեցկիի

Իշխանությունների կողմից սոցիալական խախտված պայմանագիրը չվերանայելու քայլերը հանգեցրին  քաղաքացիները վճռական բողոքին:

 

Հայաստանում կատարվող իրադարձություններն ալեկոծեցին Սփյուռքը, հատկապես նրանց, ովքեր մեկնել էին արդեն անկախ Հայաստանից։ «Նոր» Սփյուռքի մեծ մասն ակտիվորեն աջակցեց ցուցարարներին, և դա վկայում է այն մասին, որ վճռորոշ իրավիճակներում մենք կարողանում ենք ի մի գալ։ Ցավոք սրտի, ավանդական Սփյուռքի կառույցների մեծ մասը, հատկապես կուսակցական ու բարեգործական կառույցները, անճկունություն, հնացածություն դրսևորեցին և իրենց հեռու պահեցին 2018 թ. գարնան իրադարձություններից՝ ևս մեկ անգամ ցույց տալով, որ իրենք նույնպես խոր վերափոխումների կարիք ունեն։

Եթե ​​ շարունակենք պահպանել սովորական կենսակարգը, ապա, ինչպես բազմիցս ցույց է տվել պատմական փորձը, վիշապին հաղթողն ինքն անխուսափելիորեն կվերածվի մի նոր վիշապի։

Հեղափոխությունները միշտ չէ, որ հասնում են այն նպատակներին, որոնք առաջադրել էին հեղափոխականները։ Թե՛ ֆրանսիական մեծ հեղափոխությունը, թե՛ Ռուսաստանի բուրժուական հեղափոխությունը վերածվեցին ահուսարսափի, պատերազմների ու միլիոնավոր զոհերի, թեև ի վերջո հանգեցրին պետական ​​ու սոցիալական համակարգի արմատական ​​փոփոխության։

Բացասական սցենարներից խուսափելու միակ միջոցը քաղաքական, տնտեսական, սոցիալական ու մշակութային ներառական ինստիտուտների, զսպումների և հակակշիռների համակարգի, սոցիալական բոլոր շերտերի շահերը ներկայացնող արդյունավետ խորհրդարանի պատմական արագությամբ ստեղծումն է, կառավարությունում աշխատանքի մեջ բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավումը, պետական-մասնավոր հատվածների համագործակցության հարթակների մշակումը բոլոր այն ոլորտների համար, որոնցում դա հնարավոր է: Եթե ​​մենք շարունակենք պահպանել սովորական կենսակարգը, ապա, ինչպես բազմիցս ցույց է տվել պատմական փորձը, վիշապին հաղթողն ինքն անխուսափելիորեն կվերածվի մի նոր վիշապի և հանդես կգա տոտալիտար «ժողովրդի հոր» կամ ամբոխահաճո «բարի տիրոջ» դերում:

ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Էվոլյուցիոն վիզիոներ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության, UWC Դիլիջան միջազգային դպրոցի, FAST հիմնադրամի, «Մատենա» միջազգային դպրոցի և այլ նախագծերի համահիմնադիր

 

[1] Պատերնալիզմը (լատ. paternus-ից՝ «հայրական») հարաբերությունների այնպիսի համակարգ է, որտեղ իշխանություններն ապահովում են քաղաքացիների հիմնական կարիքները, իսկ քաղաքացիները դրա դիմաց իշխանություններին թույլ են տալիս թելադրել իրենց ինչպես հասարակական, այնպես էլ մասնավոր վարքագծի մոդելները։

Շարունակելի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930