Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պատերազմի ընթացքում ԱԱԾ-ն ղեկավարած Միքայել Համբարձումյանն Ազատության հրապարակում է. «Շատ վատ փաստ է, որ ԱԱԾ ղեկավարը, չունենալով այլ ելք՝ նստացույց է անում»

Ապրիլ 19,2022 16:03

Պատերազմի ընթացքում ԱԱԾ-ն ղեկավարած՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Միքայել Համբարձումյանն այժմ Ազատության հրապարակում է:

Լրագրողների հետ զրույցում խոսելով Բաքվի առաջարկած 5 կետերի մասին՝ նա ասաց, որ նման բախտորոշ, ճակատագրական հարցերը որեւէ իշխանություն միանձնյա չի կարող որոշել, դրա համար է, որ Արթուր Վանեցյանի նման մարդիկ ստիպված գնում են այս քայլին. «Մարդիկ, այլ ելք չունենալով, մասնակցում են նստացույցի, այնտեղ ընկերներ ունենք՝ հացադուլի են նստել: Ինչի՞ համար է սա արվում, որովհետեւ մարդիկ տեսնում են, որ իշխանությունները, առանց հանրային կարծիքը հարցնելու, չունենալով այդ մանդատը՝ փորձում են լուծել ազգային հարցերը: Սրա տարբերակներից մեկը, ես օրինակ, պատկերացնում եմ այսպես՝ազնվորեն պետք է ներկայացնել, թե այսպես ասած «խաղաղության պայմանագիրը» ինչ արժեք ունի, այսինքն, մեզնից ինչ են ակնկալում ադրբեջանցիներն ու թուրքերը առարկայական: Ուզում են այս 10 գյուղը Հայաստանի, այսքան քկմ տարածք է, դրա դիմաց մեզ ի՞նչ են առաջարկում, Արցախի հետ կապված ինչ ճակատագիր են տեսնում: Պետք է պարզ ներկայացնեն, ոչ թե ասեն՝ առանց նախապայմանների է: Ո՞նց է այս 30 տարի նախապայմաններով էր, հիմա այս թեման դարձավ առանց նախապայմանների՞: Չի լինում այդպես, դա միֆ է, սուտ է:Պետք է դնեն հանրության դատին, քննարկմանը, որից հետո հանրությունը թող իր կարծիքն ասի:

Ընդ որում, դրա պատասխանը պետք է տա ոչ միայն Հայաստանում ապրող մարդը, այլ ե՛ւ սփյուռքում ապրող մեր հայրենակիցը, ե՛ւ արցախցին: Երբ կլինի այդ «այո»-ն կամ «ոչ»-ը, այն ժամանակ կարող է երկրորդ հարցն առաջանալ, թե ո՞ր քաղաքական ուժը պետք է առաջնորդի ժողովրդին, երկիրը՝ այս քաղաքական թիմը, որը հակված է, որ Թուրքիայի հետ խաղաղության դարաշրջան բացեն, դա էլ է մոտեցում, դա էլ է նորմալ: Կան մարդիկ՝ այլ կերպ են մտածում: Եթե ժողովուրդը կորոշի, որ այդ 5 պայմանները մեզ համար անընդունելի են, այդ դեպքում պետք է նոր քաղաքական թիմ ձեւավորվի ու այդ նոր թիմը պետք է առաջնորդի ժողովրդին: Այլապես խաբելով՝ հեռու չեն գնալու, դա վիժեցվելու է: Ուղղակի չի լինելու, չեն կարողանալու անցկացնեն»:

Ըստ նրա, շատ վատ ու արտառոց փաստ է, որ ԱԱԾ-ն ղեկավարած մարդը, չունենալով այլ ելք՝ նստացույց է անում հրապարակային:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930