ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Բագրատ Եսայանի եւ այլ քաղաքական գործիչների ու քաղաքականապես ակտիվ 10 անձանց (Արսեն Վարդանյան, Էմանուել Սինան, Նարեկ Վերդյան, Արշակ Սարգսյան, Սարգիս Կարապետյան, Տարոն Մանուկյան, Մեսրոպ Եղիազարյան, Աշոտ Հովհաննիսյան, Նարեկ Մանթաշյան) դեմ հարուցված գործով դատական նիստի ընթացքում տեղի ունեցավ վկաների հարցաքննություն:
Հիշեցնենք՝ քաղաքական գործիչների ու քաղաքականապես ակտիվ 10 անձանց դեմ գործ է հարուցվել ՝ գլխավոր դատախազության դեմ ցույցին մասնակցելու եւ Նիկոլ Փաշինյանի հասցեին վիրավորական վանկարկումներ անելու համար:
Վկաներից Հովհաննես Ոսկանյանն ասաց, որ մանրամասն չի հիշում, թե ինչ է տեղի ունեցել, քանի որ բավականին երկար ժամանակ է անցել: Նա ի պատասխան դատախազի հարցերի՝ հայտնեց, որ դատախազության մոտ ծառայություն էր իրականացնում, որտեղ լարված իրավիճակ էր, հայհոյում էին, վարչապետի հրաժարականն էին պահանջում:
Դատախազի հարցին՝ հավաքի մասնակիցներից դեմքով որևէ մեկին ճանաչո՞ւմ է, նա պատասխանեց. «Ճանաչում եմ Արշակ Սարգսյանին: Ցույցերի ժամանակ եմ ճանաչել: Արշակ Սարգսյանը, ինչքան հիշում եմ, սպիտակ վերնաշապիկով էր, սպիտակ հագուստով: Ես նկատել եմ, որ նա սեռական բնույթի հայհոյանքներ էր հնչեցնում: Ես լսել եմ»: Հարցին՝ կոնկրետ ի՞նչ հայհոյանք եք լսել, Հովհաննես Ոսկանյանը պատասխանեց, որ կոնկրետ նշել չի կարող: Հստակեցմանը՝ արդյոք Արշակ Սարգսյանից այդ օրը լսե՞լ է «բ-ի տղա Նիկոլ» արտահայտությունը, վկան պատասխանեց՝ չեմ կարող հիշել:
Կարդացեք նաև
Գործով ամբաստանյալ Բագրատ Եսայանն էլ վկային հարցրեց՝ Ձեզ որտեղի՞ց էր հայտնի, որ քրեական գործ է հարուցվել Արշակ Սարգսյանի նկատմամբ, որ գնացել եք քննիչ Մարտիրոսյանի մոտ ցուցմունք տալու, Հովհաննես Ոսկանյանը պատասխանեց՝ չեմ կարող հիշել:
Վկա Հովհաննես Ոսկանյանի հարցաքննությունից հետո պաշտպանական կողմից ներկայացվեց միջնորդություն՝ չթույլատրել լրատվամիջոցներին նիստը հեռարձակել ուղիղ եթերով; Դատավորը որոշեց, որ լրատվամիջոցներին ընդհանրապես թույլ չտա տեսաձայնագրել վկաների հարցաքննության փուլը: Այժմ նիստն ընթանում է, սակայն առանց ԶԼՄ-ների կողմից տեսաձայնագրության:
Լրագրողների հետ զրույցում փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը նշեց. «Վկան հստակ ուղղորդված եկել էր կոնկրետ ցուցմունք տալու՝ այն է մեղսագրվող արարքը հիմնավորելու: Հետագայում էլ մենք տեսնելու ենք նույն ցուցմունքները: Բացի այդ անհասկանալի է, թե ոստիկաններն ինչպես են հայտնվել քրեական վարույթում: Առհասարակ քննչական վարույթում հայտնվելու ձևաչափն անհասկանալի է: Սա խոսում է այն մասին, որ վկաները եղել են հաստիքային, եկել են հստակ բնույթի ցուցմունք տալու: Այսինքն՝ ունենք քաղաքական հետապնդման մեջ գտնվող 10 մարդիկ»:
Ալեքսանդր Կոչուբաևը նաև ուշադրություն հրավիրեց այն փաստին, որ Հովհաննես Ոսկանյանը չկարողացավ այդպես էլ հիշել, թե կոնկրետ ինչ հայհոյանք է հնչեցրել Արշակ Սարգսյանը: Այնուհետև հայտնեց, որ դատակոչված 10 վկաներ կան, որոնք կհարցաքննվեն առաջիկայում: Այս առիթով փաստաբանն ասաց. «Սա նշանակում է, որ այս շոուն կշարունակվի չորս-հինգ նիստ: Այս քրեական գործը հիմքից ապօրինի է»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ